
«Հայաստանը շատ առումներով նման է Գերմանիային. այստեղ նույնպես մարդիկ ազատ են». Գերմանիայի դեսպան
«Գերմանիան և Հայաստանը արդեն 20 տարի է` ստեղծել և պահպանում են դիվանագիտական հարաբերություններ, այդ առիթով մենք նույնիսկ համերգ միջոցառում ենք կազմակերպել և նշել մեր երկրների միջև բարեկամական անկեղծ ու ջերմ կապերի ամրապնդումը,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
«Հայաստանը շատ առումներով նման է Գերմանիային. այստեղ նույնպես մարդիկ ազատ են, դա զգացվում է նույնիսկ երևանցիների հագնվելու ոճից, որը շատ բազմազան է,- ասաց դեսպանը,-ես մոտ մեկ ամիս է, ինչ Երևանում եմ, բայց, որքան էլ զարմանալի կարող է թվալ, տպավորություններս դրական են, առաջին հերթին դա պայմանավորված է այստեղի լավ եղանակով, ինչից, ցավոք, զրկված է Գերմանիան: Բացի այդ, այստեղ քաղաքում կարելի է հանդիպել բազմաթիվ երիտասարդների, իսկ Գերմանիայում գերակշռում են իմ տարիքի և ավելի մեծահասակ մարդիկ»:
Ռայները նշեց, որ Հայաստանը և Գերմանիան ոչ մի լուրջ պատճառ չունեն առևտրատնտեսական ոլորտում չհամագործակցելու: Հայաաստանը, ինչպես և ցանկացած երկիր, բիզնես նախագծեր իրականացնելու համար կարող է նպաստավոր վայր լինել: Գերմանիան համագործակցում է Հայաստանի հետ բնագիտության ոլորտում. մասնավորապես` հետազոտվում են հայկական ժայռապատկերները, որոնք հետագայում նկարահանվում և թվայնացվում են: Սերտ կապեր կան նաև ֆինանսական ոլորտում. վերջերս «Կոնմերց բանկը» տնտեսական ֆորում էր կազմակերպել Մայնի Ֆրանկֆուրտում հայերի մասնակցությամբ: Գերմանիան Հայաստանի ամենախոշոր առևտրատնտեսական գործընկերն է Եվրոպայում.
Շրջանառությունը վերջին տարում կազմել է 250 մլն եվրո: Դեսպանը նշեց նաև, որ Հայաստանը Գերմանիայի հետ կապեր ունի նաև եվրոպական հարևանային ամենալայն համագործակցության` Արևելյան գործընկերության համատեքստում: Իսկ եթե հետագայում ավելի դյուրին լինի վիզայի հարցը, ապա մեծ թափով կզարգանա նաև զբոսաշրջությունը և առևտուրը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել