HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ինչի՞ց է մահացել ԱԱԾ-ի զինվորը. սպանությո՞ւն, թե՞ պարտադրված ինքնասպանություն

«... Ժամը 4:30-ի սահմաններում Վալերի Շոնովի ձայնից արթնացա եւ, լուսարձակը միացնելով, տեսա, որ ինձնից 20 մ հեռավորության վրա նա ծնկաչոք ինքնաձիգի խզակոթը հենել է գետնին, իսկ փողը պահել գլխի շրջանին... Հարցրի՝ ի՞նչ ես անում, չկրակես, ես պրոբլեմ կունենամ... Ասաց՝ չանհանգստանաս, հեռախոսիդ մեջ ձայնագրություն եմ թողել... »:

Սա հատված էր կրտսեր սերժանտ Գարիկ Ղարիբյանի ցուցմունքից: Նա ծառայել է ԱԱԾ սահմանապահ զորքերի Տավուշի մարզում տեղակայված N զորամասում եւ քննիչին պատմել, թե ինչ է կատարվել 2010 թ. հունիսի 10-ին, երբ ինքն ու Շոնովը, ընդգրկված լինելով վերակարգում, հսկել են հայ-վրացական սահմանը:

Ըստ այդմ՝ վերը նկարագրված դրվագից հետո ազգությամբ հույն, 19-ամյա ժամկետային զինծառայող Վալերի Շոնովը սեղմել է «ԱԿՍՈՒ-74»-ի ձգանը եւ ինքնասպան եղել:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները սերժանտ Ղարիբյանի բջջային հեռախոսի ձայնագրությունների բաժնում հայտնաբերել են 4 ֆայլ, որոնցից մեկը ձայնագրություն չի պարունակել, իսկ մնացած 3-ում տղամարդու (նախաքննական մարմնի հիմնավորմամբ՝ զինվոր Շոնովի - հեղ.) ձայնն ասել է. «Մամ ջան, ինձ կներես, ես չեմ կարա էլ: Ձեզ շատ սիրում, հարգում եմ, բայց արդեն վերջնակետն ա հասել: Խնդրում եմ՝ կներեք ինձ, ցավդ տանեմ: Հաջող, քիր ջան, մամ ջան, Ստեփան ջան...»:

«Մամ, մեկ էլ ստե Լիլիթի մոտ (խանութպան - հեղ.) պարտք ունեմ, էդ պարտքը կտաս, խեղճ աղջկա վրա չմնա: Ուղղակի խնդրում եմ: Հաջող, ցավդ տանեմ... հաջող ձեզ... սիրում եմ ձեզ... »:

Իսկ երրորդ ձայնագրության մեջ «տղամարդու ձայնն» ասել է. «Ուրեմն, խնդրում եմ, իրանց ոչ մի բան հանկարծ չանեք: Ոչ մի բան հիմա մեղավոր չի: Ստե ուղղակի էդ նարյադը, բան իմ համար ոչ մի պրոբլեմ չի: Հանկարծ բան չասեք... Չէ, էս մի տարի ա... »:

«Այս ֆայլերից ոչ մեկում Գարիկ Ղարիբյանի անունը չի շոշափվում: Մինչդեռ մեղադրական եզրակացության մեջ ներկայացված վկայություններում եւ քննիչի որոշումներից մեկում նշվում է, թե տղամարդու ձայնով ասվում է. «Խնդրում եմ՝ Գարոյին ոչ մի բան հանկարծ չասեք, Գարոն ոչ մի բանի համար մեղավոր չէ... »: Ուրեմն ինչո՞ւ է սա հորինվել, եւ ինչո՞ւ է պաշտպանության տակ վերցվել Գարիկ Ղարիբյանը»,- հարցնում է փաստաբան Միշա Խաչատրյանը:

Վերջինս այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանում է նույն զորամասից մեկ այլ զինվորի՝ շարքային Հայկ Մաղաքյանի շահերը: Նա մեղադրվում է Վալերի Շոնովին ինքնասպանության հասցնելու մեջ:

«Երկու օր էր մնացել, որ տղաս զորացրվեր, իսկ դեպքից 20 օր առաջ նրա հագուստի գրպանից գումար են գողացել՝ 30 հազար դրամ: Հայկը կազարմայում ընդհանուր հարցրել է, թե ով ա վերցրել, ոչ ոք ձայն չի հանել: Ինքն էլ գողացողի հասցեին հայհոյանքներ է տվել, ընդ որում՝ Շոնովն այդտեղ չի եղել,- պատմում է Հայկ Մաղաքյանի մայրը՝ Սոֆյա Ստեփանյանը:- Հետո նույն այդ սերժանտը՝ Գարիկ Ղարիբյանը, տղայիս ասել է, որ Շոնովի մոտ գումար կա, նա մի քանի անգամ ելակ է գնել ու ասել, թե վաճառողն իրեն նվիրել է, որպեսզի այդ օրվա առեւտուրը լավ լինի: Տղաս էլ, կասկածելով Շոնովին, հարցրել է՝ դո՞ւ ես գումարը վերցրել»:

Մոր խոսքերով՝ Հայկը մահացած զինվորին ոչ հայհոյել է, ոչ էլ, առավել եւս, մատով կպել: Ուղղակի ասել է՝ «եթե դու ես վերցրել, գոնե հետ տուր այն, ինչ մնացել է, եւ ոչ ոք դրա մասին չի իմանա»:

«Էս նույն բանը մյուս զինվորներն էլ են ասում, բայց քննիչ Արթուր Մովսիսյանը էդ մարդկանց չէր էլ ուզում հարցաքննել: Հակոբ Նահապետյանին մենք ենք տարել, որ հարցաքննի, բայց քննիչը վախեցրել է, թե քեզ էլ կդատենք: Իսկ Ալբերտ Օրբելյանը դատարանում ասաց, որ ինքը ոչ մի հայհոյանք չի լսել եւ տեղյակ չէ, թե քննիչն իր անունից ինչեր է գրել»,- ասում է Հայկի մայրը: Նա նաեւ նշում է, որ դատարանում սերժանտ Ղարիբյանը նույնպես «փորձել է ճիշտ ցուցմունք տալ», սակայն մեղադրող-դատախազը ձեռքով նշան է արել, թե դադարեցրու, եւ իբրեւ Գարիկ Ղարիբյանի հարցաքննության շարունակություն՝ սկսել է կարդալ վերջինիս նախաքննական ցուցմունքները:

«Ինչի՞ մասին է խոսքը. նման բան չի եղել: Գարիկն էլ, մյուսներն էլ Հայկ Մաղաքյանի հետ առերես հարցաքննության ժամանակ իրենց ցուցմունքները պնդել են: Իսկ Մաղաքյանն իրեն շատ ագրեսիվ է պահել, հարձակվել է սաղի վրա, նույնիսկ սպառնացել: Բազմաթիվ վկաներ ունենք, շատերը վախենում են էդ երիտասարդից, հասկանո՞ւմ եք»,- ասում է մեղադրող-դատախազ Արթուր Զաքարյանը:

Անդրադառնալով բջջայինի ձայնագրություններին՝ դատախազը նշում է, թե մի բան է փորձաքննությունը, մեկ այլ բան՝ «լսողական ընկալությունը, որն ինչ-որ կոմպյուտեր կամ ժոստկի դիսկ չի, որ փնտրի ու չգտնի»:

«Էդ նույն ձայնագրությունը դու էլ, ես էլ կարող ենք լսել ու համոզվել: Ես միջնորդեցի, ու դատարանում իրեղեն ապացույցը բացվեց, եւ բոլորն այդ ամենը լսեցին. Գարիկ անունն իրականում շեշտվել է»,- վստահեցնում է դատախազ Զաքարյանը:

«Սա սարքած գործ է. մեղավորը դուրսն է, անմեղը՝ նստած: Սա սպանություն է»,- ասում է Հայկի մայրը՝ Սոֆյա Ստեփանյանը, եւ մանրամասնում, որ զոհվածի քեռին առաջին նիստի օրը դատարանի բակում բարձրաձայն ասել է, թե «մեր երեխու ձեռքերը, դոշը կոտրած են եղել», եւ ինքը «մտել է մորգ ու այդ ամենը նկարել»:

Այն, որ Վալերի Շոնովը խոշտանգված է եղել, գրել է նաեւ լրագրող Ժաննա Ալեքսանյանը՝ հղում անելով Շոնովի հարազատների պատմածներին. «Թաղման ժամանակ ներկա զինվորականներին ցույց ենք տվել տղայիս ձեռքերի վնասվածքները, որպեսզի ապացուցենք, որ այդ ձեռքերով ինքն իրեն չէր կարող կրակել»:

«Իմ տղայի մատների վրա կապույտ-կապույտ տեղ ա եղել, բայց ջարդված չի եղել: Եթե Ժաննա Ալեքսանյանը գրածները հետ չվերցնի, ես դատի եմ տալու: Ինքը եկել ա, խոսացել, հիմա մեր ա՝ մի 2 բառ ա ասել, վեր ա կալել ու գրել՝ ջարդված ա, փշրած ա... Էդ ի՞նչ բաներ են»,- ասում է զոհվածի հայրը՝ Ալեքսանդր Շոնովը:

«Կոտրվածքներ, ծեծված-ջնջված վիճակներ ընդհանրապես չեն եղել: Տուժողի իրավահաջորդին, բոլորին դատարանը կանչել է եւ լսել: Ճակատին եւ կրծքավանդակին քերծվածք է եղել, որը թեթեւ հատկանիշ էլ չի պարունակում,- մեկնաբանում է դատախազ Զաքարյանը:- Էդ հերյուրանքների պատճառով ասել եմ՝ կարող ենք դատարանին միջնորդել եւ արտաշիրիմում անցկացնել: Բայց տուժողի ծնողն ասում է՝ ես կմորթեմ այն մարդուն, ով իմ երեխու դիակը գետնի տակից կհանի: Հիմա ի՞նչ անենք: Դատաբժիշկն էլ էսօր կարող է ավելի շատ վնասվածք գրի, քան կա, բայց հաստատ եղածից քիչ չի գրի: Դա մեկընդմիշտ հիշեք»:

Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Վալերի Շոնովի «դիակի ճակատային եւ կրծքավանդակի շրջաններում հայտնաբերվել են քերծվածքներ, որոնք պատճառվել են կենդանության օրոք՝ բութ առարկաներով եւ կենդանի անձանց մոտ համարվում են առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»: Իսկ դատաքիմիական ուսումնասիրությամբ զինվորի «արյան մեջ հայտնաբերվել է 0,7 պրեմիլլե էթիլ սպիրտ, որը կենդանի անձանց մոտ համապատասխանում է թեթեւ աստիճանի ալկոհոլային հարբածությանը»:

Փաստաբան Միշա Խաչատրյանը նշում է, թե նախաքննության ժամանակ անուշադրության է մատնվել այն հանգամանքը, որ Վալերի Շոնովի ինքնաձիգը եղել է մենահատ դիրքի վրա, եւ դրանից կրակվել է մեկ անգամ, սակայն մեկ այլ փամփուշտ ընկած է եղել գետնին, մեկ ուրիշը, չգիտես ինչպես, հայտնվել է հրազենի փողում, մեկն էլ առհասարակ անհետացել է, ինչը չէր կարող կատարվել՝ առանց արտաքին գործոնի:

«Ըստ երեւույթին, դեպքից առաջ քաշքշուկ է եղել, որովհետեւ Շոնովի մայկայի պլեչիկը (շապիկի ուսաժապավենը - հեղ.) պոկված է եղել, գլխարկը՝ 2-3 մ հեռավորության վրա՝ բոլորովին այլ կողմում: Դեպքի վայրում քառակուսի օղու շիշ են գտել, բայց ոչ շիշը, ոչ էլ նույնիսկ զենքը մատնահետքերի համար փորձաքննության չեն ուղարկել»,- ասում է Սոֆյա Ստեփանյանը: Նրա խոսքերով՝ նույնիսկ դիակի լուսանկարներից երեւում է, որ հոնքի շրջանում ստացած հրազենային վերքի պատճառով այրվածքներ չկան, «անգամ թերթերունքները չեն խանձվել», ինչը վկայում է, որ Վալերի Շոնովին կրակել են հեռվից, այսինքն՝ նա ինքնասպան չի եղել:

Ասվածի առնչությամբ դատախազ Զաքարյանը մեջբերում է դատաբժշկի եզրակացության այն հատվածը, ըստ որի՝ «կատարվել է ոչ լրիվ ընդհուպ կրակոց»:

«Այսինքն՝ զենքը մի փոքր հեռու է պահել ու կրակել, եւ սա հասկանալու համար փորձագետ լինել պետք չէ: Բացի դրանից՝ Վալերի Շոնովի հագուստին մոտիկ կրակոցի բոլոր հետքերն առկա են,- ասում է դատախազը:- Ինչ վերաբերում է կորած պատրոնին, այն դեպքի վայրում չենք գտել: Հիմա երեխա են, խաղում են, կարող է ճանապարհին կամ մեկ ուրիշ տեղ են կորցրել, դա այն էական հանգամանքը չէ, որ կենտրոնացել են»:

Դատախազը շեշտում է, որ Հայկ Մաղաքյանը «4 տեղ ծառայել է ու 4 տեղից էլ վատ է բնութագրվում»: Հիմա էլ զղջալու փոխարեն «շանտաժի ճանապարհն են ընտրել»: Մինչդեռ «ամբաստանյալի մեղքն ամբողջությամբ հիմնավորվել է»:

«Այդ երեխան զինընկերների մոտ բողոքել է, որ ես իմ վերջը կտամ, էլ չեմ դիմանում: Մաղաքյան Հայկը նրան համ ասել է՝ փողը դու ես տարել, համ էլ տարբեր լկտի հայհոյանքներ է տվել տանողի ընտանիքի, մոր եւ քրոջ հասցեին: Էս երեխեն էլ չի կարողացել իրեն պաշտպանել, չի էլ դիմել հրամանատարությանը, որովհետեւ կդառնար, այսպես ասած, «գործ տվող»: Ու եթե Մաղաքյանը 5 տարի հետո կգնա տուն, մյուս զինվորին վերադարձնել չենք կարող»,- ասում է մեղադրող Արթուր Զաքարյանը:

«Հետաքրքիրը գիտե՞ք՝ որն է. քրեական գործի առաջին հատորում տղայիս՝ Հայկի անունը չի շոշափվում. ամեն ինչ պտտվում է սերժանտ Գարիկ Ղարիբյանի շուրջ: Բայց հետո գործը շրջվեց, ամբողջությամբ հեքիաթ է: Ուղղակի մնացածը՝ զորամասի պարետը, կամանդիրը, մեծ գումարներ են տվել»,- ասում է Սոֆյա Ստեփանյանը եւ պատմում, որ առանձին զրուցել են սերժանտ Ղարիբյանի հետ ու խոսակցությունը ձայնագրել: Վերջինս ասել է, որ իրեն «գործից հանելու համար» հայրը 2500 դոլար կաշառք է տվել, բայց չգիտի, թե կոնկրետ ում, եւ չի հիշում, թե երբ՝ իր կեղծ ցուցմունքից առա՞ջ, թե՞ հետո:

«Մտել եմ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի մոտ: Ասացի, որ ձայնագրություն կա: Բա՝ տուր, ես սրանց հերը կանիծեմ: Անմիջապես տեղակալին ասաց, որ քննիչին ու դատախազին կանչի իր մոտ: Ես իրա հույսով ապրեցի, բայց դրանից հետո դատախազը մեղադրական ճառով Հայկի համար 6 տարվա ազատազրկում պահանջեց»,- ասում է Սոֆյա Ստեփանյանը:

«Էլի եմ ասում՝ նրանք ընտրել են շանտաժի ճանապարհը. Աստված իրանց հետ: Ես հայտարարում եմ՝ նման բանը բացառվում է: Ես 15 տարի է՝ զինվորական դատախազությունում եմ, կյանքում արյունը վաճառքի չեմ դրել,- ասում է դատախազ Արթուր Զաքարյանը:- Մենք արդար մարդուն չենք դատում: Հայկ Մաղաքյանն իմ թշնամին չէ, եւ ես ինձ չեմ ների միայն նրա համար, որ գուցե Մաղաքյանն ավելին է արել, բայց ես չեմ կարողացել հիմնավորել: Իմ սկզբունքը մեկն է. նա պետք է պատժվի՝ ոչ թե ինչ-որ անձնական խնդիրներով պայմանավորված, այլ ինքը մեղավոր է զինվորի մահվան մեջ: Ու խնդրում եմ՝ իրենց հաղորդեք՝ մինչեւ ուր ուզում են, թող հասնեն, ես իմ գործի մեջ արդար եմ»:

Զինդատախազ Գեւորգ Կոստանյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ ընդունել է Սոֆյա Ստեփանյանին, եւ վերջինս ներկայացրել է ձայնագրություն: Զինդատախազի խոսքերով՝ ինքը հորդորել է ձայնագրությունը ներկայացնել ԱԱԾ եւ ոստիկանություն, որպեսզի համապատասխան քննությունը պարզի՝ ինչքանով է հիմնավոր վկաներից մեկի՝ կաշառք տալու մասին հայտարարությունը:

«Եթե պարզվեց, որ որեւէ մեկը որեւէ մեկից որեւէ գումար է վերցրել, միանշանակ ենթարկվելու է քրեական պատասխանատվության: Եվ ես ծնողին էլ եմ ասել՝ եթե դա որեւէ կերպ կկարողանա ազդել Ձեր տղայի գործի ելքի վրա, բնականաբար, դա, մեր օրենսդրության համաձայն, նոր երեւան եկած հանգամանք է, որի ուժով գործը կվերաբացվի եւ կքննվի»,- ասում է Գեւորգ Կոստանյանը:

Նա նաեւ շեշտում է, որ նախաքննության ընթացքում իրականացվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները, այդ թվում՝ զենքի փորձաքննությունը. «Բայց ամենակարեւորն այն է, որ մեղադրանքի հիմնավորվածությունը գնահատելու է դատարանը: Հիմա ինչքան էլ ես պնդեմ, որ, այո, մեղադրանքը հիմնավոր է, դա կլինի մեկ կողմի դիրքորոշում: Մյուս կողմն ասում է՝ միանշանակ, մեղադրանքն անհիմն է: Պետք է սպասենք դատավճռին»:

Անցյալ շաբաթ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Զոյա Զաքինյանի նախագահությամբ, ապացուցված է համարել Հայկ Մաղաքյանին առաջադրված մեղադրանքը եւ նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման: Սոֆյա Ստեփանյանը նշում է, որ անպայման ներկայացնելու են վերաքննիչ բողոք: «Եթե իմանայի, որ իմ տղան մեղավոր է, կասեի՝ մի բան էլ քիչ են տվել: Բայց իմ էրեխեն ոչ մի կապ չունի Շոնովի սպանության հետ»,- ասում է նա:

Հավատո՞ւմ եք ինքնասպանության վարկածին: Հարցին ի պատասխան՝ Ալեքսանդր Շոնովը՝ զոհված զինվորի հայրը, ասում է. «Ես հավատում եմ դատարանին, ոչ մեկին չեմ ասել՝ գնացեք էսինչ մարդուն բռնեք: Իրա (Հայկ Մաղաքյանի - հեղ.) հարազատներն ինձ հաթաթա են տալիս, ասում են՝ դատախազի հետ գործարք ես արել, էրեխուդ արյունն ես ծախել: Ըտենց բան կըլնի՞. 20 տարի պահել, մեծացրել եմ, որ սենց... Ես ոչ մարդ եմ դատում, ոչ ուրիշի արյունն եմ ուզում, ի՞նչ են ուզում ինձանից: Ես մենակ իմ երեխուն եմ ուզում, թող բերեն տան ինձ»:                   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter