HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սոպոտի քաղաքապետի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լեհաստանի Սոպոտ քաղաքի քաղաքապետ Յացեկ Կորնովսկիի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ: Ողջունելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևան քաղաքի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, առանձնացրել է նաև քաղաքի մշակութային հարուստ պատմությունն ու մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ու հարստացմանն ուղղված քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը: «Կարծում եմ Երևանը և Սոպոտը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես մշակույթի և սպորտի բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով»,- նշել է Տարոն Մարգարյանը կարևորելով նաև հոկտեմբերի 4-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում լեհ նկարիչ Ռիշարդ Ստրիեցի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի կազմակերպումը:

«Ցուցահանդեսը կրում է ճանաչողական բնույթ և հնարավորություն կստեղծի առավել մոտիկից ծանոթանալու լեհական մշակույթին: Վստահ եմ, որ մեր համագործակցության արդյունքում  Լեհաստանում` հատկապես Սոպոտ քաղաքում ևս կանցկացվեն նմանատիպ միջոցառումներ և կներկայացվի հայկական հարուստ մշակույթը: Սա նաև հրաշալի առիթ է մշակութային երկխոսության տեսանկյունից»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Սոպոտի քաղաքապետ, Յացեկ Կորնովսկին համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Սոպոտի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան: «Սոպոտը ևս ապրում է մշակութային հարուստ կյանքով և ես համոզված եմ, որ երկու քաղաքներն իսկապես ունեն մեծ ներուժ համատեղ ծրագրերի իրականացման հարցում»,- նշել է Յացեկ Կորնովսկին և երկու քաղաքների միջև հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Սոպոտում:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու Սոպոտ քաղաքի հետ և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու փորձի փոխանակման, ենթակառուցվածքների բարելավման, կառավարման, այդ թվում նաև Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter