HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Պիղատոսի ֆենոմենը կամ Օսկանյանի անձեռնմխելության փորձաքարը

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործի հիմնական արարն ավարտվեց: Քաղաքական մեծամասնությունն ընդունեց գլխավոր դատախազի միջնորդությունը` Օսկանյանին առանձնապես մեծ չափերի գումարներ յուրացնելու հատկանիշներով ԱԱԾ-ում հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվելու, այլ կերպ ասած` պատգամավորին անձեռնմխելությունից զրկելու համար: ԱԱԾ-ի ձեռքերը հիմա լիովին ազատ են, սակայն ոչ թե Օսկանյանից վերջապես ցուցմունքներ վերցնելու, այլ կալանավորելու տեսանկյունից:

Օսկանյանի նկատմամբ ներկայացվել են կոնկերտ մեղադրանքներ: Բայց նա ինչպես նախկինում վկայի, այնպես էլ ներկայումս մեղադրյալի կարգավիճակում պարտավորված չէ ցուցմունքներ տալ, որովհետև պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Եվ նրա կողմից ցուցմունք չտալը որևէ կերպ չի կարող բացասաբար անդրադառնալ նրա վրա: Այլ խնդիր է, որ Օսկանյանն ինքը որոշի ցուցմունքներ տալ: Հետևաբար, միջնորդությունը բավարարելով, գործին առանց կալանավորման օգնելու մասին խորհրդարանում բերված հիմնավորումներն առնվազն իրավաբանական անգրագիտության կամ քրեական իրավունքի կարևորագույն սկզբունքների խեղաթյուրման դրսևորում կարելի է համարել:

Գլխավոր դատախազը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե անձեռնմխելիությունից զրկումը չի ենթադրում, որ Օսկանյանն անպայման կալանավորվելու է: Եվ դա դատախազը հիմնավորեց նրանով, որ տեղյակ է նախաքննությունն իրականացնող մարմնի դիրքրոշմանն այս կապակցությամբ: Ստացվում է, որ Հայաստանում մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի ընտրությունը կատարվում է ոչ թե գործի օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, ոչ թե մեղադրյալի կողմից պատասխանատվությունից խուսափելու հավանականությունը դիտարկելով, այլ... նախաքննական մարմնի դիրքորոշումներով: Իսկ քանի որ Հայաստանում նախաքննական մարմինների դիրքրոշումը նման մասշտաբի գործերի պարագայում  ձևավորվում է գլխավոր դատախազի դիրքրոշումներով, ուրեմն կարելի է եզրակացնել, որ Աղվան Հովսեփյանը անձամբ է նման երաշխիքներ տալիս: Հովսեփյանը, սակայն մոռացավ պարզաբանել` թե այդ դիրքրոշումը որ ժամանակահատվածում է լինելու ուժի մեջ. մեկ օ՞ր, մեկ տարի՞, 5 ամի՞ս, մինչև նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակու՞մը, թե՞ ընդհանրապես: Այսինքն՝ ոչ այնքան անհրաժեշտ էր որոշել՝ ինչ խափանման միջոց է կիրառվելու Օսկանյանի նկատմամբ, որքան կալանավովելու սպառնալիքը դամոկլյան սրի նման նրա և նրան աջակցող քաղաքական ուժի գլխին կախված պահելը: Թե Օսկանյանը և թե ԲՀԿ-ն հիմա ցանկացած քայլ անելիս չեն կարող շրջանցել կախված այդ սրի գործոնը, և դա այս կամ այն կերպ սկսելու է անդրադառնալ նաև քաղաքական պրոցեսների տրամաբանության վրա:

Այսքանով արդեն ԱԺ-ի կողմից Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը համաձայնություն տալը քաղաքական որոշում էր, քաղաքական կոնկրետ ենթատեքստերով: Սակայն քվեարկությունը միաժամանակ նաև յուրօրինակ ստուգատես էր միանգամից մի քանի շահագրգիռ կողմերի համար:

Թեստ Սերժ Սարգսյանի համար

Այն հանգամանքը, որ քվեարկությանը մասնակցած 71 պատգամավորներից 64-ը կողմ էին արտահայտվել, արդեն իսկ խոսում է հրահանգավորված, նախապես կայացված քաղաքական որոշման հիման վրա կազմակերպված քվեարկության մասին: Սակայն անձեռնմխելիությունից զրկելու որոշումը կայացվում է փակ գաղտնի քվեարկության միջոցով, և այս մեխանիզմն ընտրվել է, որպեսզի կոնկրետ անձին վերաբերող հարցերում պատգամավորները քվեարկեն ըստ իրենց դիրքորոշման, պատկերացումների, խղճի, բարոյական արժեքների թելադրանքով: Եվ ահա ստացվում է, որ ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների գրեթե բոլոր պատգամավորների խիղճը թելադրել է, որ դատախազը բավարար փաստեր ու հիմնավորումներ է ներկայացրել մեղադրանքն ապացուցելու համար:

Սակայն խնդիրն այս ինկուբատորային մտածողության մեջ չէ: Բանն այն է, որ կողմ է քվեարկել 64 պատգամավոր, որը բացարձակ մեծամասնության համար բավարար թիվ չէ կամ սահմանային է: Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը միարժեք վստահության հենց սահմանային ռեսուրս ունի խորհրդարանում: Սորովական իրավիճակում սա նախագահի համար այնքան էլ խնդրահարույց չէ: Սակայն երբ խոսքը վերաբերում է իշխանության ամբողջականությանը վերաբերող հարցերին, քվեարկության այսպիսի պատկերը պետք է որ լրջորեն անհանգստացնի գործող նախագահին: Այս պատկերը ցույց է տալիս, որ իշխանությունում կա որոշակի շրջանակ, որի նկատմամբ Սերժ Սարգսյանը կամ ազդեցություն չունի, կամ ունեցած ազդեցությունն ու վերահսկողությունը լիարժեք չէ: Դժվար է, իհարկե, ասել` ինչ մոտիվներով են առաջնորդվել այն վեց պատգամավորները, որոնք դեմ են քվեարկել դատախազի միջնորդությանը: Կարելի հազար ու մի ենթադրություն անել: Սակայն էականն այն է, որ քաղաքական մեծամասության իշխանությունը, ստացվում է, խիստ հարաբերական է:

Սերժ Սարգսյանի համար քվեարկության այս արդյունքները կարևոր էին նաև այնքանով, որ նա կարողացավ, թերևս, հասկանալ, թե որքանով է ամուր ու վստահելի իր քաղաքական հենարանը, որքանով է իր իշխանությունը բացարձակ: Նա լուծեց Օսկանյանի, ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումները մեծացնելու և նրան որպես ֆիգուր, «շարքից հանելու» խնդիրը: Բայց նա չկարողացավ լուծել իշխանության ամբողջականացման գերխնդիրը, որն անկասկած ավելի կարևոր էր:

Բացի դրանից` Սերժ Սարգսյանին նաև անհրաժեշտ էր չափել քաղաքական ընդդիմության կենսունակությունը և մոբիլիզացվելու ունակությունն ու հնարավորությունը հատկապես ԲՀԿ-ի շուրջը: Անգամ Վարդան Օսկանյան քաղաքական գործչի նկատմամբ ընդդիմությունում առկա ոչ միանշանակ վերաբերմունքի պարագայում խորհդարանական ընդդիմությունը նախանձելի միասնականություն հանդես բերեց` ԲՀԿ-ի հետ միասին բոյկոտելով քվեարկությունը: Պարզ է` եթե նրանք միասնականորեն պաշտպանում են ԲՀԿ-ի շահերը այս լոկալ թվացող հարցում, միանշանակ կարող են նաև ավելի գլոբալ քաղաքական հարցերում մոբիլիզացվել նրա շուրջը: Այլ հարց է` դա հիմա ուրախացնու՞մ, թե՞ մտահոգում է նախագահին: Մի դեպքում ընդդիմության մոբիլիզացման ռեսուրսի այս ցուցադրությունը կարող է ողջ քաղաքական դաշտը մանիպուլյաիցիայի ենթակելու հնարավորություն ստեղծել` «կառավարում ես ԲՀԿ-ին, կառավարում ես ողջ ընդդիմությանը» բանաձևով: Բայց եթե ՀՀԿ-ԲՀԿ դիմակայությունը պատրանքային չէ, ապա սա նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական շատ ուժեղ և արագ հասունացող բևեռ ձևավորելու նախադրյալ է ստեղծում: Եվ սա չի կարող չմտահոգել Սերժ Սարգսյանին:

Թեստ Ռոբերտ Քոչարյանի համար 

Հանրապետության երկրորդ նախագահը երբեք չի հայտարարել խաղից դուրս գալու կամ գտնվելու մասին: Թե ԲՀԿ-ն և թե հատկապես Վարդան Օսկանյանը մշտապես ընկալվել և շարունակում են ընկալվել որպես Քոչարյանի պրոտեժեները: Այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանը թե ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի ձևավորման և թե ներկայումս Վարդան Օսկանյանին «հանձնելու» կապակցությամբ հանդես է գալիս հատուկ հայտարարությամբ, վկայում է ավելի շատ այն մասին, որ նա խաղի մեջ է` ավելի շատ գորշ կարդինալի կարգավիճակում: Սա մշտապես առկախված է թողնում իշխանության ամբողջականության հարցը, ինչը Սերժ Սարգսյանի համար թերևս ամենալուրջ խնդիրն է:

Օսկանյանին անձեռնմխելությունից զրկելու որոշման քվեարկությունը ցույց է տալիս Ռոբերտ Քոչարյանին, որ Սերժ Սարգսյանն իսկապես չի կարողացել ստեղծել իր ու միայն իր իշխանությունը: Բայց այս քվեարկության արդյունքները նաև ցույց տվեցին, որ ինքը` Քոչարյանն էլ նոր ձևավորված խորհրդարանում չունի հենման բավականաչափ ամուր կետ: Այսինքն` Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև քաղաքական եղած բալանսը շարունակում է պահպանվել և դա առայժմ չի բխում Քոչարյանի շահերից:

Դրանով էր, թերևս, բացատրվում Օսկանյանի անձեռնմխելիության հարցի որոշման հետ կապված նրա տարածած հայտարարության չափազանց թույլ լինելը: Դա ավելի շատ նման էր մի գործչի հայտարարության, ով խուսափում է մտնել պայքարի մեջ: Կարելի է սա հասկանալ նաև որպես նախագահական ընտրություններին սեփական նախաձեռնությամբ առաջադրվելու որոշումից հրաժարում, ինչը ևս կարող է լինել իշխանության ներսում իր ունեցած ռեսուրսը օբյեկտիվ գնահատելու արդյունք: Մյուս կողմից՝ նման կերպ Քոչարյանը կարող էր նաև իր նախկին նախարարին, հավատարիմ զինակցին պաշտպանելու մասին հոգալ՝ իր հավակնությունները զոհելու պատրաստակամությամբ դրդելով իշխանությանը հանգիստ թողնել Օսկանյանին:

Թեստ Օսկանյանի համար

Դժվար է ասել` Վարդան Օսկանյանը բավարավա՞ծ է այն աջակցությամբ որ այդ դժվար պահին նրան ցուցաբերեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Քվեարկությունը տապալելու համար ԲՀԿ-ն արեց անհրաժեշտ բոլոր քայլերը. չմասնակցեցին քվեարկությանը, ԱԺ-ում տարածեցին Օսկանյանի դիրքերը պաշտպանող տեղեկատվությունն ու փաստաթղթերը, սպառնացին հարցը տեղափոխել Եվրոպայի խորհուրդ: Բայց ամենակարևորը` ԲՀԿ-ն հայտարարեց, որ այն, ինչ արվում է Օսկանյանի դեմ, ուղղված է ԲՀԿ-ի դեմ: Սա Օսկանյանի հետ նրա չափ պատասխանատվությունը վերցնելու կոնկրետ քայլ էր:

Բայց Գագիկ Ծառուկյանը ԱԺ քննարկումներին այդպես էլ չմասնակցեց: Եվ դա չէր կարող ենթատեքստ չունենալ, որովհետև խոսքը ոչ թե շարքային ինչ-որ կուսակցականի էր վերաբերում, այլ ԲՀԿ-ի փաստացի երկրորդ դեմքին, ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարին, իրենից հետո ամենաներկայանալի և ամենաազդեցիկ ԲՀԿ-ականի: Ծառուկյանն այսպիսով ընդգծեց իր որոշակի օտարվածությունը Օսկանյանից: Մի տեսակ այնպիսի տպավորություն էր, թե այն, ինչ անում է ԲՀԿ-ն Օսկանյանի համար, պարզապես պարտավորվածությունից դրդված մի բան էր, պլանի կատարում: Այդպես է դա, թե ոչ, ի վերջո պարզ կդառնա Ծառուկյանի և ԲՀԿ-ի հետագա քայլերից: Փաստը, սակայն, մնում է փաստ, որ այն գործիչը, այն անձը, որի օգնության կարիքը Օսկանյանն իսկապես ուներ, այդ պահերին իր կողքին չէր:

Թեստ Գագիկ Ծառուկյանի համար

ԲՀԿ առաջնորդը թերևս հասկացավ, որ իրեն կրկին կանգնեցնում են երկընտրանքի առջև. կամ Օսկանյանը, նրա թիկունքում երևացող ստվերը, կամ Սերժ Սարգսյանը: Ծառուկյանն իր համար թերևս հասկացավ, որ որքան էլ Սերժ Սարգսյանի դիրքերը երերուն են, այնուամենայնիվ, նա կարողանում է վերահսկել իրավիճակը, ազդել անգամ այն պրոցեսների վրա, որոնք կարող էին ջրբաժանային, բեկումնային նշանակություն ունենալ իշխանության ամբողջականության պահպանման տեսանկյունից: Նա, իհարկե կփորձի շարունակել մանևրելու քաղաքականությունը, թեև հրաշալի հասկանում է, որ օղակն օրըստօրե սեղմվում է իր պարանոցի շուրջը: Դրա համար էլ քայերը խիստ հետևողական ու հաոզիչ չեն թվում, դրա համար էլ խուսափում է անձամբ այս գործընթացներում ներգրավվելուց` իր վրա ավելորդ պատասխանատվություն չվերցնելու համար:

Մյուս կողմից, իհարկե, Ծառուկյանը հասկացավ, որ հանգամանքերի բերումով այժմ ԲՀԿ-ն հրաշալի հնարավորություն է ստացել դառնալու ընդդիմության լիդերը: Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե Ծառուկյանին ինչքանով է դա պետք: Նա երկու տարբերակ ունի. կամ ձևավորել քաղաքական նոր բևեռ և շատ կոնկրետ իշխանափոխության խնդիր առաջադրել, կամ էլ հույսը դնել իշխանության ներքին պառակտման, Սերժ Սարգսյանի դիրքրերի թուլացման վրա` նրանից ավելի ու ավելի շատ զիջումներ կորզելու համար: ԲՀԿ-ի իշխանասերվածության հանգամանքը, բնույթը, սակայն, հեղափոխական տարբերակը գրեթե բացառում է: Սակայն Հայաստանում ոչինչ բացառել, ինչպես ասում են, հնարավոր չէ:

Մեկնաբանություններ (1)

Մլեհ
ՀՀ քաղաքացի Ջավախեանը երիցս ճիշտ է Օսկանեանի հարցով - http://hayeli.am/%d5%ac%d5%a5%d6%82%d5%b8%d5%b6-%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%ad%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%af%d5%a1%d5%b5%d5%b6%d5%b8%d6%80%d5%a5%d5%b6-%d5%af%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d6%81/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter