HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդհարում Ախալքալաքում

Հոկտեմբերի 2-ին «Վրացական երազանքի» Ախալքալաքի գրասենյակի դիմաց ընդհարվել են «Միասնական շարժման» և «Վրացական երազանքի» ներկայացուցիչները

Ինչպես տեղեկացնում է «Հարավային դարպասը», ընդհարումը տեղի է ունեցել երեկ ցերեկը: Ընդհարման ժամանակ երկու կողմից հնչել են վիրավորանքներ, հայհոյանքներ, երկու կողմից էլ որոշ մարդիկ ստացել են թեթև վնասվածքներ:

Այս միջադեպը երկու կողմը բացատրում է յուրովի: Մի կողմն ասում է, որ պատահածի դրդապատճառը անձնական վիրավորանքն է եղել, մյուս կողմը՝ որ դա քաղաքական սադրանք էր:

«Բիձինա Իվանիշվիլի - վրացական երազանք» դաշինքի մեծամասնական թեկնածու Նորիկ Կարապետյանն ասում է, որ պատճառը քաղաքական է: «Դա իմ կարծիքն է, 90% ես կարող եմ ասել այդպես, իրենք տեսան, որ այսօր հաղթանակ տարանք ամբողջ պետության մեջ: Նրանք ինչ խոստացել էին ժողովրդին՝ խաբելով, վախեցնելով, այդ խոստումները չիք եղան, դրա համար էլ նրանք էյֆորիայի մեջ ընկան, դրա համար էլ այդպիսի բաներ են կատարում: Իհարկե, սա քաղաքական էր, քանի որ իրենք պարտություն են կրել, և մենք նաև ասել ենք, որ այդ քվեարկությունը (Ախալքալաքում) անօրինական էր լրիվ տեղերում, քվեարկությունը խախտված է 95 %», – ասում է Նորիկ Կարապետյան:

«Միասնական ազգային շարժում» կուսակցության մեծամասնական թեկնածու Սամվել Պետրոսյանն էլ ասում է, որ այդտեղ ոչ մի քաղաքականություն չկա, որ ըհդհարման սկզբնապատճառը եղել է «Վրացական երազանքի» անդամի անձնական վիրավորանքը: «Մարդիկ ասացին, որ մեքենայի վարորդը, որի անունը Ալո է, մեր տան դռան մոտից անցնելուց հայհոյել է, որտեղ կանգնած են եղել իմ կինը և ուրիշ կանայք: Իմանալով այս ամենը՝ ես իմ ընկերոջ և որդուս հետ գնացի «Վրացական երազանքի» գրասենյակ: Ես այդ Ալո անունով տղային հրավիրեցի իմ մոտ և իրեն խնդրեցի, որ ինքը անպայման դուրս գա, գնանք ինչ-որ մի տեղ և պարզաբանենք: Նա ասեց, որ «ես լավ եմ արել» ու էլի անպատվեց ու հարձակվեց իմ վրա, ֆիզիկական ուժ էր ուզում գործադրել ու այդտեղից սկսվավ այդ միջադեպը», - պատմում է Սամվել Պետրոսյանը:

Ալոն՝ Յուրա Մխչյանն է, Գիորգի Մխչյանի հայրը: Նա չի հերքում, որ հայհոյել է, սակայն ասում է որ առաջինը ինքը չի սկսել: «Իրա տղան 4 ամիս է այստեղից անցնում էր՝ բոլորիս հայհոյելով, մենք էլ համբերելով, գիտենք որ հայրը միլիցիա է, սաղ օրգանները իրան են պաշտպանում, ուժ ունեն, մենք էլ ամոթ զգալով համբերում էինք: Ես էլ երեկ միամիտ վեր էի ելնում ավտոյով, ինքը իրենց տնից դուրս եկավ, ասեց «ինչ ես նայում» ու հայհոյեց, ես էլ իրեն հայհոյեցի, հետո այստեղ 30 մարդ եկան», - պատմում է Յուրա Մխչյանը:

Սամվել Պետրոսյանի խոսքով՝ Յուրա Մխչյանի նման վարմունքը, նրա տղայի ձերբակալության պատճառով է: «Ալոյի կողմից զրպարտում է տեղի ունեցել իմ հասցեին: Իր տղան ձերբակալված է: Այն ժամանակ ես միլպետ էի, բայց ես ինքս իրեն տղային չեմ ձերբակալել, իրեն տղային ձերբակալել են ուրիշ ծառայությունները», - ասում է Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Գիորգի Մխչյանին հունիսի 23-ին ձերբակալեց Վրաստանի Ֆինանսների նախարարության հետաքննության ծառայության հետաքնչական բաժանմունքի Սամցխե-Ջավախեթիի բաժինը: Արդեն 4 ամիս է ընթանում է Մխչյանի դատավարությունը, նա մեղադրվում է փաստաթղթերի կեղծման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter