Ինքասպանությու՞ն, թե՞ սպանություն. երիտասարդ կնոջ հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին
«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ողբերգական ավարտ ունեցող ընտանեկան բռնության մի դեպքի մասին: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը:
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում ապրող Թովմասյանների ընտանիքը արդեն երեք ամիս ապրում է կասկածը սրտում' ո՞րն էր հարազատ դստեր մահվան պատճառը'ինքնասպանությունը՞, թե՞սպանությունը:
«Ասում են Մարոս կախվել էր: Ես էլ ասում եմ, եթե կախվել էր, ինչու՞էիք իջեցրել նրան կախված տեղից, գոտիկը արձակել…դրա փոխարեն շտապ օգնություն կանչեիք, ոստիկանություն, մենք էլ կգայինք մեր աչքով կտեսնեինք ու կհամոզվեինք, որ կախվել էր: Թե չէ, երեք ամիս է, ես տանջվում եմ, մեռնում, թե ինչու մահացավ Մարոս»-պատմում է 50 ամյա Լինա Համբարձումյանը, ում աղջիկը' 20 ամյա Մարոն մահացել է հուլիսի 12-ին Առինջ գյուղում, ամուսնու տանը:
Մարոյի հայրը' Ռոման Թովմասյանը ասում է, որ իրենք պնդում են, որ դա ինքնասպանություն չի եղել:
«Մարոյիս վզին ոչ մի կախվածի հետք չկար, միայն մատնահետքեր էին, գազան ամուսինը նրան խեղդել էր»-ասում է նա:
20 ամյա Մարո Գուլոյանի մահվան հետ կապված Կոտայքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1–ին մասով: Մարոյի ծնողների պահանջով նշանակված է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն:
Նրանք պատմում են, որ դեպքից մեկ օր առաջ Մարոն իրենց տանն է եղել, աղջկա՝ 1,8 ամյա Արևիկի հետ: Ամուսինը'26 ամյա Գևորգ Գուլոյանը ամեն անգամ տանը վիճելու պատճառով կնոջը և երեխային ուղարկել է հայրական տուն:
«Այդ օրը, երբ աշխատանքից եկա Մարոն ասաց.«Մամ ես տաքսի կանչեմ գնամ, Գևորգը զանգեց կանչեց»: Ասեցի' Մարո ջան, մի գնա, զանգի սկեսրարիդ հարցրու, գուցե ասի 'մնա: Զանգեց, սկեսրարն էլ ասել էր'մնա Մարո ջան: Մեկ ժամ չանցած ամուսինը էլի զանգեց, Մարոն մտավ ներսի սենյակից խոսեց հետը, չգիտեմ ինչ ասեց, ինչ չասեց, Մարոն սկսեց իրերը հավաքել: Հայրը ասեց' նստի տեղդ չես գնում,նա ով է, որ զանգի ասի նստի տաքսի արի: Ասեց.«Չէ, պապ չեմ կարող, որ մնամ վաղը գնամ, մեր տանը պատերազմ կլինի»: 1500 դրամ էլ տվեցի, որ տաքսիով գնա: Փոքր տղաս'Մհերը տարավ թողեց ու եկավ: Հաջորդ օրն էլ այդ դեպքը եղավ»-պատմում է Մարոյի մայրը:
Հուլիսի 12-ի առավոտյան Մարոն զանգում է հորը:
«Տեսա ձայնի մեջ վրդոհվմունք կար, ասեցի,Մարո ջա՛ն, ձայնդ դուրս չի գալիս, ի՞նչ է եղել: Ասեց, բա ոչ մի բան, պապ ջա՛ն,ու դրեց: Մհերին էր ուզում: Դրանից մեկ ժամ հետո զանգում է եղբորը'Մհերին, բա գործդ թող ու արի, որոշել եմ վերջնական բաժանվել: Մհերը գնում է, նստում խոսում են ամուսնու ու ծնողների ներկայությամբ, հետո գալիս է տուն, որ, երեկոյան մոր հետ գնան Մարոյին բերելու»-պատմում է հայրը և ասում, որ Մհերը իրեն մեղադրում է միայն այն բանի համար, որ այդ պահին քրոջը հետը չի բերել:
Եղբոր դուրս գալուց հետո էլ տեղի է ունենում չարաբաստիկ դեպքը: Մարոյի ծնողները այդ մասին իմանում են միայն ժամը յոթից հետո: Մայրը ասում է, որ աշխատանքից տուն գալով զանգում է Մարոյի բջջայինին, սակայն չի կարողանում կապվել: Զանգում է աղջկա սկսեսուրին, վերջինս պատասխանում է, որ հողամասում է ու տեղյակ չէ Մարոյից: Զանգում է սկեսրոջ հեռախոսին:
«Ասեց, որ երեխեն վատ էր տարել ենք Աբովյանի հիվանդանոց: Էլ չհասկացա, երեխա ասելով ումը նկատի ուներ Մարոյի՞ն,թե՞Արևիկին: Արագ հասանք հիվանդանոց: Բոլորը կագնած էին, ասում է ի՞նչ է եղել, ոչինչ չեն ասում: Զոռեցի մտա ներս'տեսնեմ արդեն շորը քաշած երեխուս դեմքին: Վատացանք ես ու ամուսինս: Դատաբժշկական փորձաքննության մեջ գրվածա'կախվել է խալաթի գոտիկով, ասում եմ բա ուրա՞դրա հետքը, ասում են փափուկ է եղել: Ամբողջ ներքին հագուստը պատառոտված էր, ասում են հերձման ժամանակ է եղել, հարցնում են ինչու՞մկրատով չէին կարող կտրել»-արցունքն աչքերին պատմում է Մարոյի մայրը:
Ռոման Թովմասյանը համոզված ասում է, որ իրենց (Գուլոյանների) տան մեջ է տեղի ունեցել սպանությունը, ու այդ մասին բոլորը գիտեն, բայց ատամներով պահում են իրենց որդուն:
«Մարոն այնքան կապված էր աղջկան՝Արևին, այնքան հոգատար մայր էր, ոչ ոքի չէր վստահում: Սրտի տակ կրում էր երկրորդ երեխային' երեք ամսական հղի էր: Ծիծաղում էր այն մարդկանց վրա, ովքեր ինքնասպան էին լինում կամ ցած նետվում կամրջից: Վերջապես նա զանգել էր եղբորը, ասել, որ վերջ, որոշել են ու բաժանվում է, ինչու՞պետք է այդքանից հետո ինքնասպան լիներ: Մենք պահանջել ենք կրկնակի փորձաքննություն»-ասում է Թովմասյանը:
Մայրը պատմում է, որ Մարոն ու Գևորգը ամուսնացել են սիրով: Սակայն մեկ տարի հետո սկսվել են տհաճ պատմությունները: Գևորգը խաղամոլ է լինում: Պարտվելով խաղատներում վաճառում է կնոջ ամբողջ ոսկեղենը, պարտքերի տակ ընկնում: Մարոյին ստիպում է անընդհատ գումարներ գտնել: Ստիպել է, որ կնոջ մեծ եղբայրը'Նվերը իր համար 300 հազար դրամ վարկ վերցնի բանկից, քանի որ աշխատանք ուներ, և բանկը Նվերին կվստահեր վարկը:
«Ես չթողեցի: Ո՞վ էր փակելու այդ գումարը, ինքը՞,ով աշխատանք չուներ և օրերով խաղատներից տուն չէր գնում: Փողի պատճառով ծեծ ու ջարդ էր Մարոենց տանը: Աղջիկս,եթե գումար չէր կարողանում ճարել' ծեծվում էր, կապտուկների մեջ կորած էր: Հենց ասում էր բաժանվում եմ, ասում էր Արևիկին չեմ տալու, ուր ուզում ես գնա բողոքի, ախպերներիդ վիզը կտրելու եմ: Մարոն ահաբեկված էր, վախենում էր ամուսնուց»-պատմում է Լինան,-«Բայց երբեք չէր սպասում, որ իր հետ այդպես կվարվի»:
Մարոյի ծնողները պատմում են, որ փեսան խաղատներից մեկում հունիսի 29-ին մասնակցում է մեծ խաղարկության, որի համար 300 տոմս է գնում, սակայն ոչինչ չի շահում:
«Այդ օրը կատաղությունից տուն չի գնում: Մարոս զանգեց, ասեց, որ գիշերը տուն չի գնացել: Ասեցի Մարո ջան, որ գա էլ բան չխոսես հետը, ջղայնացած կլինի' կխփի քեզ: Մարոն ասում էր, որ այդ խաղարկությանը ամուսինը հույս ուներ կհաղթի ու պարտքերը կփակի: Դրա համար էլ 300 հազար դրամ էր վարկ էր ուզում վերցնել: Կատաղել էր այդ 10 օրը, ու հուլիսի 12-ին վերցրեց ու Մարոյին այդպես արեց»-պատմում են ծնողները:
Մայրը թերթում է Մարոյի ալբոմը: Լուսանկարներում Մարոն դպրոցական է, հետո արդեն ավելի հասուն տարիքում: Համարձակ ու կյանքով լեցուն հայացք է լուսանկարներից նայում: Դպրոցն ավարտելուց հետո վարսավիրության դասընթացների է հաճախում, ավարտելուց հետո աշխատում: Մայրը ասում է, որ շատ կենսախինդ էր, աշխույժ, սակայն երկու տարում ամուսինը խեղճացնում է նրան:
«Աղավնու նման վանդակի մեջ էր ընկել»-ասում է հայրը, հույս ունենալով, որ արդարադատությունը հաղթելու է, և 20 ամյա դստեր մահը հեշտությամբ չեն մարսելու:
Ծնողները նամակով դիմել են ՀՀ նախագահին, Արդարադատության նախարարին, Կոտայքի մարզի գլխավոր դատախազին: Մարո Գուլոյանի իրավահաջորդը նրա հայրն է՝ Ռոմիկ Թովմասյանը, նրանց փաստաբանական աջակցություն է ցուցաբերում Կանանց ռեսուրսային կենտրոնը:
Տանը ամենուր ծնողներին և եղբայրներին հետևում է պատից կախված Մարոյի անթարթ ու լուսավոր հայացքը: Նա իր հետ գերեզման է տարել սեփական մահվան հետ կապված ճշմարտությունը, որի համար այսօր պայքարում է նրա ընտանիքը:
Լինան, որ աշխատում է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»-ում ասում է, որ ճանաչում էր իրենց սաներից' Զարուհի Պետրոսյանին, ում ծեծելով սպանեցին սկեսուրն ու ամուսինը:
«Հիմա էլ իմ երեխե՞ն:Պետքա պատասխան տան: Հավի ճուտ էր, տարան խեղդեցին, հողը քաշեցին վրան»-ասում է մայրը-«Մեր տանից թաղեցինք Մարոյիս: Գևորգի տատը լացում էր ու ասում.«Գևորգը մեռավ բերանով օդ տալով, չկարացավ Մարոյին փրկի»: Ինչու՞խփեց երեխուս, ինչի՞արեց»:
Նոյեմբերի 13-ին Մարոն կդառնար 21 տարեկան: Մարոյի կյանքը, երազանքներն ու նպատականերըառջևում էին, սական ինքնասպանությունը կամ սպանությունը կտրեցին երիտասարդ կնոջ կյանքի թելը:
«Շատ էր սիրում աղջկան'Արևիկին, համբուրելով ման էր գալիս: Ասում էի Մարո հերիքա այդքան համբուրես, ասում էր' մամ սիրում եմ, երևի գիտեր որ կյանքը կարճ է: Արևը Մարոյիցս մնացած միակ արևն է: Գալիսա կանգնում նկարին նայում ու հետո սկսում փնտրել սենյակներում: Ինձ է նայում ու հարցնում. .«Գալու է չէ՞:ինձ սիրում է չէ՞:Եսէլ եմ սիրում Մարո մամային»-արցունքների միջից պատմում է Մարոյի մայրը:
Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ Արձագանքման Խմբին՝ http://rru.swv.am/:
Գայանե Մկրտչյան
Հետաքննող լրագրող
ՀԱԲ Արագ Արձագանքման Խումբ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել