
Պապան գալի՞ս է…
Ինչպեսեւ սպասվում էր, ՀՀ երկրորդ նախագահն արձագանքեց ԱԺ այն որոշմանը, որով Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից ու մեղադրյալի կարգավիճակով ներգրավվեց «Սիվիլիթասի» գործով ընթացող դատաքննության մեջ: Դրանով, իբր, նախկին արտգործնախարարին հնարավորություն է տրվում դատական կարգով ապացուցելու իր անմեղությունը: Պարզ էր, որ հավատարիմ զինակիցներից մեկի նկատմամբ իրականացվող ակնհայտ քաղաքական հետապնդումը չէր կարող Ռոբերտ Քոչարյանի կողմից մատնվել անուշադրության: Եվ նա այսօր խոսեց:
Իհարկե, չի կարելի բացառել, որ Օսկանյանի շուրջ խաղարկվող դիպաշարը հենց նախագահական ընտրություններից առաջ Քոչարյանի իրական մտադրությունը եւս մեկ անգամ «տնտղելու» փորձ է կամ մեկը նախընտրական այն հնարքներից, որոնց պակաս ՀՀԿ քաղաքական զինանոցում, ըստ երեւույթին, չկա: Այսպես թե այնպես` Սերժ Սարգսյանը գրանցեց իր «գաղտնի» քայլը, որին հաջորդեց Քոչարյանի բավական խոսուն եւ որոշակի ներքին լիցքերով հագեցած պատասխանը:
Ամենից առաջ նախկին նախագահի համար անհասկանալի է, թե ինչու են, ընդհանրապես, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը եւ խորհրդարանը խառնվում Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի ու նրա հիմնադրած «Սիվիլիթասի» «բարիդրացիական հարաբերություններին: Այսինքն, ոչ նախագահական, առտնին եզրութաբանությամբ ասած` կստացվի ընտանիքի գլխավորի նախատինք, թե` «ինչո՞ւ եք քթներդ խոթում ձեզ չվերաբերվող գործի մեջ»:
Քոչարյանի գնահատմամբ` կատարվածը խորհրդարանի «ինքնավարկաբեկման ցցուն դեպք է», որը հղի է երկրի հեղինակության համար բացասական հետեւանքներով: «…դա ամենեւին էլ այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի»,- հայտարարում է երկրորդ նախագահը` թափանցիկ ակնարկելով, որ գործող վարչակարգը լավ չի պատկերացնում ինչպես երկրի զարգացման գերակայությունները, այնպես էլ ներքին ու արտաքին մարտահրավերները: Եվ հորդորում է Հայաստանի ցավն ու դժբախտությունը փնտրել ուրիշ տեղ եւ բոլորովին այլ անձանց շրջանակում` ՀՀ ԱԳ նախկին նախարարից հնարավորինս հեռու:
Բարձր գնահատելով Օսկանյան-դիվանագետի եւ Օսկանյան-քաղաքական գործչի վաստակն ու պրոֆեսիոնալիզմը, նրա բացառիկ արդարամտությունը, Քոչարյանը գտնում է, որ այդպիսի «որակների եւ վաստակի համադրություն ունեցող մարդկանց պետք է փայփայել, այլ ոչ թե հետապնդել… Առավել եւս, որ նա շատ լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցություն է ներկայացնում»: Կարծես թե հայտարարության ամբողջ «աղը» այս վերջին միտքն է, որտեղ, ի մասնավորի, կա նաեւ ԲՀԿ-ի «լուրջ ընտրազանգվածի» մասին հիշեցնող անսքող ակնարկ` չնայած հայտարարության մեջ «Բարգավաճի» անունը, կամա թե ակամա, շրջանցված է:
2013 թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին Քոչարյանը երբեք պաշտոնապես չի հայտարարել, եթե չհաշվենք լրագրային մի փոքր արտահոսք, որը զետեղել էր «Ժողովուրդ» օրաթերթը` վկայաբերելով մոսկովյան մի աղբյուր: Երեկվա հայտարարության մեջ նույնպես բաց տեքստով ոչինչ չի ասվում, սակայն ԲՀԿ-ի հզորության մասին հիշեցումը, ինչպես նաեւ Օսկանյանի հետ կատարվածի «հիասթափեցնող անհեթեթության» հատուկ մատնանշումը, կարծես, բոլորին, այդ թվում՝ ԲՀԿ-ին ուղղված ազդանշան է, թե` «ձեզ խելոք պահեք, պապան գալիս է»:
Մեկնաբանել