
Վարդենիսի հոգեբուժարանի տնօրենին օրերս մեղադրանք կառաջադրվի
«Հետք» էլեկտրոնային կայքում 18.09.2012 թ. տպագրված «Հոգեկան հիվանդներին տնօրենը ստիպում է անասուններ պահել» հոդվածի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությունը 20.09.2012-ին հանձնարարել էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը կատարել անհրաժեշտ ստուգումներ եւ արդյունքների մասին պարբերաբար իրազեկել: Եվ կատարված ստուգումների արդյունքում հոկտեմբերի 3-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի առաջին եւ երրորդ կետերով:
Երեկ երեկոյան հոգեբուժարանի տնօրենը ձերբակալվել է, եւ առաջիկա օրերին, եթե ոչ այսօր, նրան մեղադրանք կառաջադրվի, եւ խափանման միջոցի հարցը որոշելու համար միջնորդություն կներկայացվի դատարան:
Այս գործի նկատմամբ հսկողություն է իրականացնում գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությունը, եւ թերեւս հետագայում նախաքննությունը կանցնի ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
Այս մասին «Հետքին» հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը:
«Հետք»- Կարծում ենք, որ սա թրաֆիքինգի դասական օրինակ է, եւ այս պարագայում կիրառելի է ՀՀ Քրեական օրենսգրքի 132.2. հոդվածը. «Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը 1. ... հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: 2. Նույն արարքը, որը կատարվել է՝ 1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ, ... 3) պաշտոնեական դիրքը օգտագործելով, 4) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել