
Քոչարյաններով մեկնարկը տրվել է
Այս շաբաթը մամուլի դեմ դեռ անցյալ տարի մեկնարկած դատական արշավն աննախադեպ լարված է. թեժ մեկնարկը տրվեց հունիսի 6-ին՝ «Բելա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի դեմ հայցի վերաբերյալ հրապարակված վճռով:
Այս ամիս մամուլի դեմ ներկայացված 15 հայցով նշանակվել է 13 դատական նիստ: Ակնկալվում է, որ գործերից 5-ով կհրապարակվեն վճիռներ: Իսկ անցյալ ամիս հայտնի դարձավ, որ դատարանները վարույթ են ընդունել մամուլի դեմ ներկայացված ևս երկու հայց:
Այս շաբաթ նշանակված 9 դատական նիստերից երկուսի դեպքում արդեն կան վճիռներ, ևս մեկը կհրապարակվի վաղը` հունիսի 8-ին՝ ժամը 13:00-ին:
Իսկ այսօր հրապարակված վիրավորանքի վերաբերյալ հայցի դեպքում լրագրողն էր հայց ներակայացրել պատգամավորի դեմ (Գրիշա Բալասանյանն ընդդեմ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի): Այս վճիռը պատասխանում է իրավական կարևոր հարցերի` արդյոք կարելի՞ է մարդուն հայհոյել, եթե դա արվում է ոչ-հրապարակային խոսակցության ժամանակ, իսկ եթե դա տեղի է ունեցել լրագրողի և հանրային անձի միջև՞:
Իսկ երեկ դատավոր Արայիկ Մելքումյանը Քոչարյանների հայցը բավարարեց մասնակի` «Ժամանակին» պարտավորեցնելով 6-ի փոխարեն երկրորդ նախագահի ընտանիքին վճարել 3 մլն դրամ՝ որպես դրամական փոխհատուցում, և մերժեց հայցվորի ներկայացուցիչների համար պահանջվող 3 մլն-ի փոխհատուցումը:
«Ժամանակ»-ի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը գտնում է, որ վճիռը թելադրված է «վերևներից» և որպես դրա ապացույց՝ նա վկայակոչում է գործի նյութերում պատահաբար հայտնված տեղեկանքը (սկանավորված տեղեկանքը տես այստեղ` http://www.1in.am/arm/armenia_right_22309.html):
«Դատավորը տրամադրեց ինձ նյութեր (պատճենահանման համար - հեղինակ), որի մեջ առկա էր տեղեկանք, - ասում է Բաղդասարյանը, - որտեղ մանրամասն արտագրված է, թե ինչպես պետք է իմ բերած հակափաստարկները մերժվեն»:
Այն, որ դատական վճիռները թելադրվում են վերևից` Վճռաբեկ դատարանից, հայտարարվեց նաև անցած շաբաթվա վերջում օմբուդասմենի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Քաղաքացիական հասարակություն» ֆորումի ընթացքում: Դատական անկախությունը վիճարկելով` փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը նույնպես հիշատակեց շրջանառվող տեղեկանքների մասին, որով առաջին ատյանի դատավորները վերադասին` Վճռաբեկ ատյանին, տեղեկացնում են վարույթ ընդունված գործերի մասին:
Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ «Ժամանակի» դեմ հրապարակված գործով դատական վճիռն անտրամաբանական էր երկու կողմի համար էլ: Նախ՝ իրավաբանորեն սխալ է միևնույն եզրույթը գնահատել որպես վիրավորանք և զրպարտություն: Բացի դրանից, եթե դատարանը գտել է, որ հայցվորի իրավունքները խախտվել են, և այդ մասով հայցը ենթակա է բավարարման, ապա որքանո՞վ է օրինաչափ դատական ծախսերի մասով այն մերժելը: Հայցի մասնակի բավարարումը հետապնդում է մեկ նպատակ` դարձնել այն ավելի «համոզիչ»:
«Արայիկ Մելքումյանը չէր կարող նման վճիռ կայացնել, ինչի մասին վկայում էին դատավարության ընթացքում նրա բարձրացրած հարցերը: Դատավորը հաստատ չէր կարող չտարբերել զրպարտությունը վիրավորանքից և լրագրին միաժամանակ երկուսի համար պատասխանատվության ենթարկել, - ասում է Բաղդասարյանը` մատնանշելով ակնհայտ թելադրանքը, - բացի այդ՝ կարելի էր ընտրել ոսկե միջինը և չկիրառել առավելագույն պատիժը թերթի նկատմամբ»:
Հիշեցնենք նաև, որ այս գործով անցած նիստի ժամանակ այն սկսելուց դեռ մեկ րոպե չանցած՝ դատավորն անսպասելի հայտարարեց դրա փակման մասին` չսպասելով, որ պատասխանող կողմը ներակայանա և հրապարակի նախորդ նիստի ժամանակ գրավոր ներկայացրած միջնորդությունները: Այս հարցն այդպես էլ մնաց բաց:
Այսօր լրագրողների հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ են բողոքարկել վճիռը, Քոչարյանների ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ դատական ծախսերի մասով վճռի բողոքարկումը դեռևս քննարկման փուլում է:
Այսօր տեղի է ունեցել մեկ այլ դատական նիստ եւս` Քորչարյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Արդյոք այս ամիս հրապարակված 5 վճիռները կխթանե՞ն մամուլի դեմ ավելի մեծ թվով դատական հայցերի ներկայացմանը, դրանք դեր կխաղա՞ն ազատ լրագրողական խոսքը զսպելու գործում, թե՞ ոչ. դեռևս վաղ է կանխագուշակել: Սակայն արդեն իսկ պարզորոշ է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանում խոսքի ազատության պատկերն ավելի հստակ գծագրում կստանա:
Ստորև բերված է այս ամիս արդեն նշանակված և ակնկալվող դատական գործերի ժամանակացույցը:
|
Գործի անվանումը
|
Հայցապահանջը |
Դատարանը |
1. |
Մարգարիտ Մարտիրոսյանն ընդդեմ «168 ժամ շաբաթաթերթ»-ի և Հռիփսիմե Կարապետյանի |
Պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պ/մ |
Կենտրոն և Նորք Մարաշ դատարան, Դատավոր` Էդիկ Ավետիսյան իսյան, Դահլիճ 6, հունիսի 3, ժամը` 11:00 |
2. |
Բելլա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի |
Պատիվը, արժանապատվությունը և բարի համբավն արատավորող տեղեկությունների հերքման և վնասի հատուցման պ/մ |
Կենտրոն և Նորք Մարաշ դատարան, դահլիճ 13 դատավոր` Ա. Մելքումյան հունիսի 6, ժամը` 17:00 Վճռի հրապարակում |
3. |
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի
|
Պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման և վնասի հատուցման պահանջի մասին
|
Կենտրոն և Նորք Մարաշ դատարան, դահլիճ` 6, դատավոր` Է. Ավետիսյան հունիսի 7, ժամը` 13:00 |
4. |
Գրիշա Բալասանյանն («Հետաքննող լրագրողներ») ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի |
Պատվի և արժանապատվության պատճառված վնասի հատուցման պահանջի մասին
|
Ավան և Նորք մարաշ դատարան, դահլիճ` 8 , դատավոր` Ա. Դավթյան հունիսի 7, ժամը` 16:00 Վճռի հրապարակում
|
5. |
Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր խմբագրություն» ՍՊԸ-ի |
Պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու և պատճառված վնասը փոխհատուցելու պ/մ |
Կենտրոն և Նորք Մարաշ դատարան, դահլիճ` 7, դատավոր` Ռ. Ափինյան, հունիսի 8, ժամը` 13:00 Վճռի հրապարակում
|
6. |
Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը և Լևոն Սարգսյանն ընդդեմ հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի («Հայկական ժամանակ») |
Պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պ/մ |
ՀՀ վերաքննիչ դատարան, դահլիճ` 322, հունիսի 9, ժամը` 11:35 |
7. |
Սուսաննա Բաղդասարյանն ընդդեմ Արման Գալոյանի («Հայք» թերթի լրագրող) |
Պատվի և արժանապատվության իրավունքի պ/մ |
Կենտրոն և Նորք Մարաշ դատարան, դահլիճ`10 դատավոր` Կ. Պետրոսյան, հունիսի 9, ժամը` 12:00 |
8. |
Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոնի» |
Զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պ/մ
|
Կենտրոն և Նորք Մարաշ դատարան, Դատավոր` Կարինե Պերտոսյան, Դահլիճ ` 10, հունիսի 9, ժամը` 11:00 |
9. |
Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Իրավունք»-ի |
Պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքում |
Կենտրոն և Նորք Մարաշ դատարան, հունիսի 10, ժամը` 12:45 |
10. |
Հայկ Բաբուխանյանն («Իրավունք») ընդդեմ Էդիկ Անդրեասյանի և report.am-ի
(երկու դատական հայց, որոնցից յուրաքանչյուրով պահանջվում է 6-ական մլն) |
Պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքում |
Հունիսի 15, ժամը` 11:00 և հուլիսի 1, ժամը` 11:00
|
11. |
Գևորգ Հայրապետյանն ընդդեմ «Մուլտի մեդիա կենտրոն» հեռուստաընկերության |
Պատիվն, արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքում (անմեղության կանխավարկած) |
Աջափնյակ և Դավիթաշենի դատարան,Դատավոր` Ա. Սմբատյան, դահլիճ` 3, հունիսի 16, ժամը`17:40, Վճռի հրապարակում
|
12. |
Աշոտ Հարությունյանն ընդդեմ «Մուլտի մեդիա կենտրոն» հեռուստաընկերության |
Պատիվն, արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքում (անմեղության կանխավարկած) |
Աջափնյակ և Դավիթաշենի դատարան,Դատավոր` Ա. Սմբատյան, դահլիճ` 3, հունիսի 16, ժամը`17:30 Վճռի հրապարակում |
13. |
Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի |
Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պ/մ |
Կենտրոն և Նորք Մարաշ դատարան, դահլիճ` 6, դատավոր` Է. Ավետիսյան, հունիսի 17, ժամը` 12:45
|
14. |
Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն ՍՊԸ-ն ընդդեմ «Մեդիա կոնսալթ» news.am |
Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պ/մ |
Կենտրոն և Նորք Մարաշ դատարան, Դատավոր` Էդիկ Ավետիսյան, Դահլիճ ` 4, Հունիսի 25, ժամը` 11:10
|
15. |
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի |
Գործարար համբավն արատավորող տեղեկություննեըը հերքելու և պատճառված վնասը փոխհատուցելու պ/մ |
Կենտրոն և Նորք Մարաշ դատարան, դահլիճ` 5, դատավոր` Ա. Սուքոյան Նիստը դեռ չի նշանակվել
|
16. |
Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի |
Հայցադիմումը ընդունվել է, բայց նիստի համար օր դեռ չկա նշանակված |
Նիստը դեռ չի նշանակվել
|
Մեկնաբանել