
Առանձին քրեական գործ` Վարդենիսի հոգեբուժարանի հիվանդներին շահագործելու դեպքի առթիվ (լրացված)
Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ' Վարդենիսի տուն-ինտերնատի խնամքի տակ գտնվող 4 հիվանդներին շահագործելու դեպքի առթիվ հարուցվել է առանձին քրեական գործ՝ 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:
Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ հոդվածի ստուգմամբ պարզվել են նաեւ ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ինտերնատի խնամքի տակ գտնվող 4 անձանց շահագործման դեպքեր: Ըստ նախապատրաստված նյութերի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշխատանքային թերապիայի անվան տակ 2012 թվականի մայիսի 16-ից նյարդահոգեբանական տուն ինտերնատի խնամքի տակ գտնվող, ծանր հիվանդությամբ տառապող, հոգեկան հիվանդության հետևանքով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցող 4 անձանց մինչև 2012 թվականի սեպտեմբերի 18-ը շահագործել է: Մասնավորապես՝ ամիսներ շարունակ նրանց ներգրավել է' տուն ինտերնատից շուրջ 30 կմ հեռավորության վրա գտնվող Ներքին Շորժա գյուղում սեփական, ինչպես նաև տուն-ինտերնատին պատկանող շուրջ 70 գլուխ խոշոր և շուրջ 130 գլուխ մանր եղջերավոր անասուններ արածացնելու, նրանց կթելու, անասնագոմը մաքրելու և այլ հարկադիր աշխատանքներ կատարելու մեջ:
«Նկատի ունենալով, որ տվյալ պարագայում ՊՈԱԿ-ի տնօրենի գործողություններում առկա են պաշտոնեական դիրքն օգտագործելով մի քանի անձանց աշխատանքային շահագործման ենթարկելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի որոշմամբ 03.10.12թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ նախաքննություն իրականացնելու»-հայտնում է գլխավոր դատախազությունը:
Հիշեցնենք, որ ևս մեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի առաջին եւ երրորդ կետերով: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին պարզել են նաև, որ տուն-ինտերնատի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը ս/թ. ապրիլից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3.100 լիտր բենզինը' նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս:
Նվեր Հովհաննիսյանը ձերբակալված է:
Լուսանկարը` Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել