
«Արայի» սեփականատիրոջ մայրը նախագահից օգնություն է խնդրում
Կարինե Սուքիասյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին
Մեծարգո պարոն նախագահ,
2011 թվականի հոկտեմբերի 16-ին, տղայիս «ինքնասպանության» դեպքից հետո, համապատասախան քննչական գոծողություններն առավել օբյեկտիվ և անաչառ իրականացնելու խնդրանքով նամակով դիմեցի Ձեզ: Որպես արդյունք տղայիս հետ առնչվող բոլոր գործերը, ՀՀ ոստիկանության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնից և Կոտայքի մարզային քննչական վարչությունից տեղափոխվեցին ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչություն: Այս մարմին տեղափոխվեց նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի հետաքննչական ծառայության վարույթում գտնվող ինձ պատկանող, 25 տարվա անբիծ պատմություն ունեցող, կենցաղային էլեկտրոնիկայի հայաստանյան շուկայի առաջատար «Արայ» ընկերության նկատմամբ շատ հանկարծակի սկսված հարկային ոլորտի խախտումների վերաբերյալ գործը:
Ինչևէ, բոլոր գործերի` ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչություն տեղափոխումը ինձ հուսադրեց, որ վերջապես արագ և օբյեկտիվ քննություն կանցկացվի: Սակայն այդ հույսերս չիրականացան: Իսկ այն բանից հետո, երբ հայտնվեց տղայիս ահաբեկման ու սպանության պատվերի մասին վկայող տեսաերիզը, որտեղ տղայիս քաղաքացիական կինը և իմ թոռնուհու մայրը` Տատյանա Չադենկովան և ոմն Արթուր պարզ խոսում են տղայիս սպանությունը ծրագրելու մասին, «ինքնասպանության» գործը անհասականալի պատճառներով կանգ առավ: Ավելին, Տատյանա Չադենկովան ոչ միայն ազատության մեջ է, այլև պարբերաբար այցելում է Հայաստան և տարբեր անհայտ հովանավորների օժանդակությամբ փորձում է խլել թոռնիկիս:
Տեսաերիզում սպանության կազմակերպման մասին խոսակցությունը տեղի է ունեցել 2010 թ. դեկտեմբեր ամսին, որից հետո Տատյանա Չադենկովան, ինչպես ինքը նշել է Արաբկիր համայնքի խնամակալության մարմնում, 2011 թ. փետրվարից ապրիլ ամիսներին՝ որդուս մահից 5 ամիս առաջ, գտնվել է Հայաստանում: Ի՞նչ է նա արել Հայաստանում, ի՞նչ նպատակով է եկել, ինչո՞վ է զբաղվել, ովքե՞ր են նրան հովանավորում և ինչո՞ւ քննչական մարմինը որևէ քայլ չի ձեռնարկել այդ և շատ ավելի հարցեր պարզաբանելու ուղղությամբ, ինձ համար անհասակնալի է:
Փոխարենն իմ նկատմամբ Հայասատանից բուժման նպատակով բացակայելու համար անհեթեթ հիմնավորումներով Արաբկիր վարչական շրջանի դատախազության և քննչական բաժնի համապատասխան պաշտոնատար անձանց «օպերատիվ» աշխատանքի արդյունքում միջազգային հետախուզում հայտարարվեց և ընտրվեց կալանք՝ որպես խափանման միջոց:
Եթե նա երեխայի մասին անհանգստանում էր, կամ ցանկանում էր երեխայի խնամքով զբաղվել, ապա ինչու նա երբևէ չի հայտնել երեխայի խնամքով զբաղվելու իր ցանկության մասին և չի կատարել դրան ուղղված գործողություններ, այլ երեխայի գոյության մասին հիշել է միայն որդուս մահից հետո` երեխային դարձնելով իր ֆինանսական բարեկեցության խնդրի լուծման գործուն միջոց:
Իհարկե, ես իրավասու չեմ քննարկելու քննչական մարմինների և դատական համակարգի գործունեությունը` դրա ճիշտ և արդյունավետ կազմակերպման առումով, սակայն կարծում եմ՝ նման դեպքերում, երբ շոշափվում են ՀՀ քաղաքացի մանկահասակ երեխայի շահերը, հովանավորչությունը, ուղղորդումը և կողմնակալությունն անթույլատրելի են և պետք է բացառվեն:
Հարգարժան նախագահ, մեկ անգամ ևս հայցում եմ Ձեր աջակցությունը և միջամտությունը` ընտանիքիս առնչվող գործերով օբյեկտիվ և անաչառ քննություն իրականցնելու հարցում` հույս ունենալով, որ այսուհետ քննչական և դատական մարմիններին ուղղորդող միակ հանգամանքը կդառնա անչափահաս երեխայի լավագույն շահը:
Հարգանքներով՝
Կարինե Սուքիասյան
01.10.2012թ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել