HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարհատ Պետրոսյան. «Երևանը պապական բոստան չէ… »

Քաղաքապետարանի որակմամբ Երևանում իրականացվում է կանաչապատման և արմատական բարեկարգման գործընթաց: Թե ինչքանո՞վ է այս ամենը կայուն և երկարաժամկետ, փորձում է գնահատել Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը:

Փաստորեն տեղի է ունենում հետևյալը. հանրային արժեքների արժեզրկումը, որ տեսնում ենք երաժշտության մեջ, հայկական սերիալներում, ինչը ճարտարապետության մեջ կերպար է ստանում հյուսիսայինպողոտայական ոճով, այժմ այցելել է բարեկարգման դաշտ: Այսինքն, նշված բոլոր ասպեկտներում նույն մտածողությունն է. մենք խնդիր ունենք մարդկանց տալու մի պրոդուկտ, որը «կգնվի» և սկսում ենք արտադրել այն: Տեսականորեն շատ մարդիկ գուցե սիրում են այդ կանաչ կոկորդիլոսը, բայց արդյոք կարիք չկա՞ ուսումնասիրելու դրա էսթետիկական կողմը և այն հարցը, թե ինչքանո՞վ այն կարող է ապրել այս քաղաքում:

Օրինակ, եթե քաղաքին պետք  է նստարան և այդ նստարանը դրվում է ոչ թե մի այգում, այլ մասսայականորեն, ապա դա չի կարող տեղի ունենալ մեկ օրում, քաղաքապետարանի մեկ աշխատողի որոշմամբ: Ճարտարապետական առումով սա մեծ բացթողում է, երբ ահռելի թվով չմտածված ատրիբուտներ են հայտնվում քաղաքում և ինքնաբերաբար իջեցնում նշաձողը: Արդյունքում, մեզ`  որպես քաղաքացի, զրկում են քաղաքին մոտենալու իրավունքից: Եթե Մանթաշովի արձանը կարելի է դնել Աբովյան փողոոցում, ապա այս տրամաբանության ինչու չի կարելի դնել Մհեր Մկրտչյանի ժամանակավոր արձանը Մոսկվա կինոթատրոնի դիմաց:  Այս գործընթացը մեկի չստացված դիպլոմային աշխատանքի մակարդակի մի բան է, ով անգամ տարրական տեխնիկային չի տիրապետում:

Ես, իհարկե, չեմ մերժում «կանաչ քաղաքի» գաղափարը, որը, ըստ էության, Մաշտոցի պուրակի շարունակությունն է և հիանալի է, բայց գաղափարները պետք է իրականացնել գոնե տարրական գրագիտությամբ. պետք է հասկանալ, որ եթե այս ճարտարապետը կամ դիզայները քեզ ամենամտերիմն է, դա դեռ չի նշանակում, որ նաև ամենապրոֆեսիոնալն է: Այսինքն, քաղաքում ապրող ցանկացած ատրիբուտ նախքան հայտնվելը պետք է ճանապարհ անցնի այդ քաղաքում, հարմարվի այդ տարածքին:

Բայց հասարակությունը կարծես համաձայնում է այդ «չմտածվածությանը»:

Քանի որ ռաբիսությունը ջերմորեն ընդունվում է հասարակության զգալի մասի կողմից, իհարկե, նրանց դուր են գալիս նաև ռաբիս կոմպոզիցիաները. շատերի համար Հյուսիսային պողոտան գուցե երազանքի վայր է ապրելու համար, բայց դա չի նշանակում, որ մշակույթի նախարարությունը պետք է բյուջեի մեծ մասը տրամադրի ռաբիսի տարածման համար, քանի որ ֆինանսական առումով ավելի հարմար է: Այսինքն՝ առաջնահերթության և նշաձողի հարց պետք է դրվի:

Աշխարհում այսօր էկոլոգիական խնդիրը կաևրորագույններից մեկն է: Որոշ քաղաքներ երկարաժամկետ ծրագիր են իրականացնում, մյուսները` կարճաժամկետ: Եթե մենք ընտրում ենք կանաչ կոմպոզիցիաների ոչ արդյունավետ և իրականացման առումով բավական հեշտ ծրագիրը, իհարկե, ըստ էության, խնդիրը լուծում չի ստանա:

Այսօր իշխանությունը խնդիր ունի մասնագիտական այլակարծության համար հարթակ ստեղծելու, մինչդեռ իրարից պատվերներ փախցնելու գործընթաց է իրականանում: Ես չեմ կարծում, որ բացարձակ ճշմարիտ եմ, բայց իմ կարծիքը իրավունք ունի գոյություն ունենալ: Այն մարդիկ, ովքեր ծափահարում են իրականացվող կանաչապատման գործընթացի համար, իրենք ոչ միայն իրենց գոյությունն են ապահովում, այլ ընդհանուր նշաձողն են իջեցնում: Եթե մի անգամ ծրագիր իրականացվի,որտեղ կամայականության սկբունքը չգործի, անգրագիտության այս բուրգը կքանդվի ու շատերը կհասկանան, որ սա իրենց պապական բոստանը չէ ու ավելի կարևոր է մասնագիտական կողմը: 

Տարիներ առաջ երեխաները տեսնում էին Հռիփսիմե Պողոսյանի քանդակը Աբովյան փողոցում, այսօր տեսնում ենք Մանթաշովի արձանը կամ ինչ-որ կոկորդիլոսներ: Այսինքն՝ Աբովյան փողոցում, որտեղ, կարելի է ասել՝ գրվում է մեր քաղաքի պատմությունը, առանց որևէ քննարկման կարող են հայտնվել  միանգամից մի քանի անհասկանալի արձաններ… Այսինքն՝ կայուն զարգացման մասին խոսք անգամ չի կարող լինել, որովհետև գործընթացը շարունակվում է կոպիտ խախտումներով:

Սրան զուգահեռ պետք  է տանել «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը, որը, իհարկե, ինձ համար քաղաքի լոսավոր կետերից մեկն է, բայց Երևանի կոնտեքստում Ֆերնանդո Բոտերոյի երեք ստեղծագործություն ունենալը, կարծում եմ՝ անհասկանալի ճոխություն է: Ես եղել եմ աշխարհի շուրջ հարյուր առաջատար քաղաքներում, բայց ընդամենը չորս Բոտերո եմ տեսել, իսկ մեր նման երկրի համար կարծես անտրամաբանական է: Իհարկե, անվիճելի արվեստի ստեղծագործություններ են, բայց չի կարելի այդքան քանդակ լցնել իրար գլխի ու մեկը մյուսից լավը: Ես չեմ քննադատում «Գաֆեսճյան»-ի գործունեությունը, բայց այս ամենը տրամաբանության մեջ չէ:

Երևանում ճարտարապետական տեսանկյունից  «Ինչքան շատ, այնքան լավ» տենդենցի պատճառները Ձեր կարծիքով որո՞նք են:

Մի քանի պատճառնր կան: Առաջինը պատասխանատվության զրոյական աստիճանն է թե որպես իշխանական օղակ, թե որպես քաղաքացի: Երկրորդը, կարծում եմ, «Համեր» առնելու պես մի բան է ենթադրում՝ ավտոյի վրա ոչինչ չեմ խնայի, ինչ պետք ա, ինչքան պետք ա:

Կա հանրամատչելի և ոչ հանրամատչելի մշակույթ: Բնականաբար, մարդիկ ցանկանում են, որ իրենց տեսածն իրականությանը մոտ լինի ու, բնականաբար, Եղիշե Չարենցի կամ Մհեր Մկրտչյանի արձանն ավելի պահանջված էր: Բայց երբ Ջիմ Թորոսյանը նախագծում էր Եղիշե Չարենցի հուշարձանը, նա չգնաց պրիմիտիվ ուղղությամբ: Նա ներկայացրեց  նախագիծ, որը գոնե փորձ էր չարենցյան տամադրությունը նորովի ներակայացնելու քաղաքին: Բայց այսօր տեղի է ունենում պարզունակ մի գործընթաց, որն սկսվեց «Նարդի խաղացողից», հետո «Տղամարդիկ», հետո այս արձանները… Ու այստեղ մենք կրակն ընկանք… Այս տրամաբանությամբ ինչքան սիրված դերասաններ ու մտավորականներ կան, պետք է հայտնվեն քաղաքում արձանների տեսքով. անորակ, գիպսի վրա բրոնզապատած արձաններով, որոնք, իհարկե, չեն կարող երկար գոյատևել:   

Այսօր քաղաքապետը կարևորում է կանաչապատումը, ինչի համար ես շատ ուրախ եմ, բայց որևէ մեկը չի ասում` պարոն քաղաքապետ, սա անելու բան չէ:

Հարցազրույցը՝ Լիլիթ Պետրոսյանի
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter