HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԱՊՊԱ կտրոնի կիրառման կարգը խախտելու պատճառով ավելի քան 29 մլն-ի տուգանք է կիրառվել

Հայաստանում ԱՊՊԱ համակարգը գործում է 2011 թ. հունվարի 1-ից: Ինչպես հայտնի է, սա պարտադիր ապահովագրություն է, ինչը նշանակում է, որ դրա բացակայությունն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Մասնավորապես, եթե քաղաքացին մեքենան վարում է առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու, նրա նկատմամբ կիրառվում է 50.000 դրամ տուգանք, որը 2014-ի հունվարի 1-ից դառնալու է 100.000: Իսկ ընդհանրապես՝ նույնիսկ չվարելու դեպքում, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու ամեն 10 օրվա համար կիրառվում է 5.000 դրամ տուգանք, սակայն տարվա կտրվածքով այդ տուգանքը չի կարող 50.000-ից (2014 թ.-ից՝ մինչեւ 100.000) ավելի լինել: Այսինքն՝ եթե 100 օր եւ ավելի մեքենայի տերը ԱՊՊԱ պայմանագիր չի կնքում, նրա նկատմամբ կիրառվում է 50.000 դրամ տուգանք: 

ԱՊՊԱ համակարգի ներդրման պահից՝ 2011-ից սկսած՝ լրատվամիջոցներում շատ են եղել հրապարակումներ ԱՊՊԱ կտրոն չունեցող մեքենաների ու դրանց ոչ պատահական տերերի մասին: Բնականաբար, ԱՊՊԱ կտրոն չփակցնելը դեռ չի նշանակում պայմանագիր չունենալ: Սակայն չփակցնելն էլ առաջացնում է պատասխանատվություն՝ 10.000 դրամ տուգանք: Կեղծված, չգործող կամ այլ մեքենայի համար տրված կտրոնն օգտագործելն էլ հանգեցնում է  150.000 դրամ տուգանքի: Մյուս կողմից՝ ապահովագրող ընկերություններն իրենց հերթին տուգանքներ են կիրառում վարորդի հանդեպ այն դեպքում, երբ ապահովագրական պատահարից դուրս կտրոնը վնասվում է (պատռվում, գունաթափվում, քայքայվում, անընթեռնելի դառնում, մասնակի այրվում, դրա վրա ուղղումներ, ջնջումներ, փոփոխություններ են արվում) կամ կորում, հափշտակվում, ոչնչանում:    

ՀՀ ոստիկանությունից «Հետքի» հարցմանն ի պատասխանել հայտնել են, որ 2011 թ. ընթացքում առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարելու պատճառով կազմվել է վարչական իրավախախտման 629 արձանագրություն: Եթե այս թիվը բազմապատկենք 50.000 դրամ տուգանքով, կստացվի 31.450.000 դրամ: 2012-ի առաջին 8 ամիսների ընթացքում գրանցվել է նման ակտավորման 208 դեպք, ասել է թե՝ 10.400.000 դրամ տուգանքի գանձում:

Անցյալ տարի կեղծված, չգործող կամ այլ մեքենայի համար տրված ԱՊՊԱ կտրոնով մեքենա վարելու 55 ակտ է կազմվել: Այս դեպքում տուգանքների ընդհանուր չափը կազմում է 8.250.000 դրամ: Իսկ այս տարվա առաջին 8 ամսում արձանագրվել է նման խախտման կրկնակի աճ՝ 125, տուգանքների ծավալը՝ 18.750.000 դրամ:

Ոստիկանությունից չեն պատասխանել, թե քանի դեպք է արձանագրվել, երբ անձն ունեցել է ԱՊՊԱ պայմանագիր, սակայն կտրոն փակցրած չի եղել: Ամեն դեպքում, ըստ այս պաշտոնական թվերի, 2011-ին կիրառվել է 39.700.000 դրամ տուգանք, իսկ այս տարի՝ 29.150.000: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter