Ջերմուկում աշխատանքն սկսեց Գյուղական համայնքների երկրորդ համաժողովը
Ջերմուկում այսօր աշխատանքն սկսեց Գյուղական համայնքների երկրորդ համաժողովը, որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկումն է` ոլորտում ներգրավված բոլոր դերակատարների մասնակցությամբ:
Համաժողովն անցկացվում է արդեն երկրորդ անգամ եւ հավակնում է դառնալ ամենամյա: Առաջին համաժողովն անցկացվել էր անցած տարի` Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Համաժողովի լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկավ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը` նշելով, որ համաժողովն արդեն դառնում է ավանդական ու եւս մեկ հնարավորություն է ընձեռում միասին քննարկել գյուղական համայնքների զարգացման հետ կապված խնդիրները: «Այս տարի համաժողովի օրակարգում ներառել ենք ՏԻ ոլորտի համար այն առաջնահերթ խնդիրները, որոնք կարեւորվում են նաեւ կառավարության կողմից»,-ասաց փոխվարչապետը: Նա հաջողություններ մաղթեց մասնակիցներին` ակնկալելով նաեւ ակտիվ քննարկումներ թեմատիկ աշխատանքային խմբերում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշեց, որ նման երկխոսության ձեւաչափը կառավարությանը հնարավորություն է տալիս ճշգրտել առաջնահերթությունները` համայնքների եւ տարածքային համաչափ զարգացման հարցում, որը հռչակվել է կառավարության հինգ գերակա խնդիրներից մեկը: Տ. Սարգսյանը ընդգծեց, որ համաժողովի ընթացքում արված առաջարկությունները եւ հարցադրումները գտնվելու են ուշադրության կենտրոնում, եւ նախարարությունները հաշվի են առնելու դրանք` համապատասխան ծրագրեր մշակելիս:
Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը` անդրադառնալով կազմակերպության կողմից տեղական ինքնակառավարման ոլորտում եւ համայնքներում իրականացվող ծրագրերին: Նա տեղեկացրեց, որ տեղական մակարդակում տնտեսական եւ քաղաքական զարգացմանն ուղղված նախաձեռնություններն առաջիկա հինգ տարիներին եւս ներառված կլինեն ՄԶԳ ծրագրերում: Գրասենյակի ղեկավարը նաեւ հայտնեց, որ ՄԶԳ-ն պատրաստվում է սկսել համայնքների, հատկապես` հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված նոր ծրագիր:
«Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ալեքս Սարդարն իր ելույթում ծանոթացրեց «Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» շրջանակում կատարված աշխատանքներին եւ ներկայացրեց գյուղական համայնքների զարգացման վերաբերյալ իրենց մոտեցումները: Ըստ նրա` հարակից համայնքներում առկա ռեսուրսները միավորելը միակ ուղին է, որհնարավորություն կտա համայնքներում ապահովել ամենակարեւոր ծառայությունների մատուցումը:
Ելույթով հանդես եկավ նաեւ Շիրակի մարզի Ախուրիկ գյուղական համայնքի ղեկավար Վարդիթեր Գասպարյանը`խոսելով վերջին տարիներին համայնքում իրականացված աշխատանքների, համայնքի զարգացման ծրագրերի մասին:
Լիագումար նիստից հետո կմեկնարկեն թեմատիկ վեց խմբերի աշխատանքները, որոնց ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման համակարգի ամենաարդիական խնդիրները` տեղական ժողովրդավարությունից մինչեւ համայնքներում հանրային ու մասնավոր հատվածի համագործակցություն:
Համաժողովին մասնակցում են պետական կառավարման մարմինների, համայնքների ու տեղական ինքնակառավարման համակարգի հետ աշխատող տարբեր միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Յուրաքանչյուր մարզ մասնակցում է մարզպետի գլխավորությամբ առանձին պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկված է տասը համայնքապետ: Համաժողովն աշխատանքները կամփոփի հոկտեմբերի 6-ին:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել