
Գոմեշի մսի գործով մեղադրյալը Կապանի մսի կոմբինատի տնօրենն է
«Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝ բանակում հայտնաբերված գոմեշի մսի հայտնի քրեական գործով մեղադրյալը կապանցի գործարար Ալբերտ Օհանջանյանն է՝ «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ի ղեկավարը: Նա առավել հայտնի է իբրեւ Կապանի մսի կոմբինատի տնօրեն: Հետաքրքիր է, սակայն, որ պետռեգիստրի տվյալներում ՍՊԸ-ի հիմնադիր է նշված Ալբերտ Օհանյանը: Ընդ որում՝ իրավաբանական անձը նախկինում կոչվել է «Ա. Օհանջանյանի «միս»» ԱՁ: Ընկերությունը զբաղվում է տարբեր տեսակի պահածոների (ընկույզ, ծիրան, կեռաս), օշարակների, մարինադների արտադրությամբ:
Ի դեպ, օգոստոսին «168 ժամը» գրեց, որ մսի կոմբինատի շենքերը, ըստ լուրերի, գնել է գործարար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով պատրաստվում է այդտեղ տեղափոխել Քաջարան գյուղի բնակիչներին: Խոսքը Կապան մտնող մայրուղու ձախ կողմում գտնվող կոմբինատի մասնաշենքերի մասին է: Իսկ «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ին պատկանող մյուս կառույցները գտնվում են քաղաքի մուտքի մոտ:
Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Օհանջանյանը բանակի հետ համագործակցել է մսի ոլորտում: Չնայած նախկինում ընկերությունը զինված ուժերին նաեւ մսամթերք՝ երշիկեղեն է մատակարարել:
Ասում են՝ Օհանջանյանը հարգված ու ճանաչված անձնավորություն է հարազատ քաղաքում, Կապանի հարուստներից մեկն է, ու նրան ճանաչողները զարմացել են, երբ տեղեկացել են, որ գործարարի անունը կապվում է քրեական պատմության հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ 57-ամյա Օհանջանյանը երբ իմացել է, թե իրեն պետք է կալանավորեն, սրտի կաթված է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: «Հետքի» կապանյան աղբյուրներն էլ տեղեկացնում են, որ գործարարը սրտի վիրահատության էր ենթարկվել, բայց դա եղել է վաղուց:
Նա զբաղվել է Ուկրաինայից տավարի մսի ներկրմամբ, սակայն ՊՆ-ին վաճառել է հնդկական գոմեշի միս: Դա եղել է երկու անգամ, մի անգամ՝ 12.000 տ, մեկ այլ անգամ՝ 8.000: Տավարի միս ներկրողի կողմից գոմեշի միս վաճառելը կարող է մի փոքր տարօրինակ թվալ, սակայն պարզվում է, որ Օհանջանյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ-ի տերերի հետ, որոնք գոմեշի միս են ներկրում Հնդկաստանից: Այս ՍՊԸ-ն վերջին 21 ամսում ներկրել է 1.914 տ միս, սակայն գոմեշի մսի գործում նորեկ չէ: Մասնավորապես, 2008-ին եւ 2009-ի առաջին կիսամյակում «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերությունը Հայաստան է բերել 732 տ գոմեշի միս: «Արմեն-Համիկ եղբյարներ» ընկերության տերերը, ըստ պետռեգիստրի, երեք հոգի են՝ Էդիկ Հովհաննիսյանը, Հայկ Մարգարյանը, Վահե Շխրտմյանը: Այս անունները ոչինչ չեն ասում: Նախ նշենք, որ ընկերությունն առավել հայտնի է «Օրիգինալ» սուրճով, ինչպես նաեւ մետաղե կղմինդրների ու պրոֆիլների արտադրությամբ: Ու պատահական չէ, որ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գործող ընկերության իրական տիրոջը ճանաչում են իբրեւ «Կոֆեի» Արթուր: Վերջինիս «տանիքն» էլ հայտնի նախկին գեներալներից մեկն է (բայց ոչ Արշալույս Փայտյանը):
Այդուհանդերձ, Օհանջանյանի կողմից ՊՆ-ին վաճառած գոմեշի մսի ծավալը բավականին մեծ է՝ 20.000 տ, եթե համեմատության համար ասենք, որ, ըստ վերջերս կառավարությունում ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանի հնչեցրած թվերի, 2011-ին եւ 2012-ի առաջին 9 ամսում ներկրվել է 15.610 տ գոմեշի միս: 2008-ին եւ 2009-ի առաջին կիսամյակում էլ, ՊԵԿ-ի տվյալներով, Հնդկաստանից ներկրվել է 19.812 տ միս: Այսինքն՝ Օհանջանյանը բանակին վաճառել է այնքան միս, որքան 1,5 տարում ներկրում են գոմեշի մսով զբաղվող ընկերությունները: Այստեղ մի քանի տարբերակ կարող է լինել: Օրինակ՝ այն, որ ներկրողները ավելի փոքր թվեր են ներկայացնում, քան իրականում անցկացնում են մաքսային սահմանով: Այս համատեքստում հետաքրքիր է այն, որ նախաքննություն իրականացնող ՊՆ քննչական ծառայության աշխատակից Մերի Սարգսյանը վերջերս հայտնել էր «Հետքին». «Քրեական գործով կատարվում է բազմակողմանի, լրիվ քննություն: Եվ ոչ միայն այն ուղղությամբ, ինչի կապակցությամբ (ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումների) քրեական գործը հարուցվել էր, այլ նաեւ, օրինակ, հարկերից ու պարտադիր այլ վճարումներից խուսափելու»: Ի՞նչ հարկերի եւ այլ վճարումների մասին է խոսքը. նախաքննական մարմինը գերադասում է չբացել փակագծերը: Այդուհանդերձ, մեր աղբյուրը հայտնում է, որ այս պատմությունը բավականին խորն է ու կազմված է մի քանի դրվագներից:
Հիշեցնենք, որ գոմեշի մսի գործի՝ հասարակական հնչեղություն ստանալուց հետո սեպտեմբերի 6-ին երկրի ղեկավարի հրամանագրով պաշտոնանկ արվեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, ով պատասխանատու էր բանակի սպառազինության եւ գնումների համակարգի համար: Հետո նախագահը նաեւ նշեց, որ Փայտյանը 200.000 դոլար «պարտք» է վերցրել մատակարարից: Արժե հիշել, որ Փայտյանը 2003-2005 թթ. եղել է ԶՈւ առաջին բանակային կորպուսի հրամանատարը: Այս միավորումը ներառում է նաեւ Կապանում տեղակայված ստորաբաժանումները: Գեներալ Փայտյանի ու կապանցի գործարար Օհանջանյանի հնարավոր կապը թերեւս երկրորդական դեր չի խաղացել հենց «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ից մեծածավալ գնումներ կատարելու հարցում:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել