«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանը հրահանգել է ազատ արձակել Վահրամ Մարգարյանին
Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի եղբայրը` Վահրամ Մարգարյանը, ինչպես հայտնի է, մեկ տարի է, ինչ նստած է բանտում: Վահրամը մեղադրվում է այն բանի համար, որ «գործով չպարզված ժամանակ եւ հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել եւ իր բնակության վայրում` Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48/4 շենքի թիվ 21 բնակարանում, պահել է ռազմամթերք հանդիսացող «Ֆ-1» տեսակի նռնակ եւ «Ջ-1» տեսակի ինքնաշեն նռնակի պայթուցիչ, նաեւ՝ Բորիս Հակոբյանի օժանդակությամբ եւ նրա տրամադրած հրազենի եւ ռազմամթերքի զործադրմամբ 2011 թ. օգոստոսի 2-ին Երեւանի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել է կյանքից»:
Գործով միակ վկա Աշոտ Ֆրանգուլյանը պնդում է, որ սպանության մեջ մեղավոր է Վահրամ Մարգարյանը: Վահրամ Մարգարյանը չի ընդունում մեղադրանքը, իսկ Բորիս Հակոբյան անուն-ազգանունով քաղաքացին պնդում է, որ սպանությունը կատարել է մենակ: Նույնիսկ մեղադրող կողմի վկաները իրենց ցուցմունքներում նշել են, որ Ֆրանզուլյանին դեպքի վայրում չեն տեսել:
Հիշեցնենք, որ Ֆրանգուլյանն այն նույն Ֆրանգուլյանն է, որի կեղծ ցուցմունքների հիման վրա կալանավորվել էր «Հայկական ժամանակ»-ի խմբագիր Հայկ Գեւորգյանը՝ իբր Ֆրանգուլյանին վրաերթի ենթարկելու մեղադրանքով:
«ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է արագորեն փակել այս հարցը եւ ազատ արձակել Վահրամ Մարգարյանին: Այս որոշմանը նա հանգել է վերջին իրադարձություններից հետո, երբ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում մեծ պատվի արժանացրին: Նշենք նաեւ, որ Վահրամ Մարգարյանին ազատություն շնորհելու գործում լոբբինգ են իրականացրել որոշ կարկառուն ՀՀԿ-ականներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել