Անտառը ոչնչացնող կազմակերպված բանդա
Նախօրեին ոստիկանության Հրազդանի բաժնի և նույն բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու հարևանությամբ գտնվող անտառածածկ տարածքից բերման են ենթարկել մի քանի քաղաքացու:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քաղաքացիները կատարել են 40-ից ավելի հաստաբուն եղևնիների, կաղնիների հատումներ: Ծառերը կլինեին 40-60 տարեկան: Դրանք հատվել են հատուկ տեխնիկայի միջոցով: Նշված վայրը կոչվում է Տանձաղբյուր, իսկ այս պահին այն հիշեցնում է վանդալիզմ՝ ծառերի նկատմամբ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ երբ ստացվել են օպերատիվ տվյալները, ստեղծվել են մի քանի հետախուզական խմբեր, քանի որ մտավախություն կար, որ անտառի նկատմամբ սպանդ իրականացնողները հնարավոր է դիմեին փախուստի:
![]() |
![]() |
Խմբերը ղեկավարել են ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արմեն Իսրայելյանը, նույն բաժնի ծառայության գծով տեղակալ Վաչիկ Սողոմոնյանը, Ծաղկաձորի բաժանմունքի պետ Ռուբեն Կիրակոսյանը, նույն բաժանմունքի պետի տեղակալ Հովիկ Բալյանը, նույն բաժանմունքի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր լիազոր Էդիկ Սարգսյանը, օպեր լիազոր Արկադի Խաչատրյանը և շարքային Կարեն Բալաբեկյանը: Ըստ Շամշյանի՝ այսքան ոստիկաններ օպերատիվ խմբում ներգրավվել են այն պատճառով, քանի որ հիմնականում ծառահատումները կատարվել են երեկոյան ժամերին:
Ծառահատողներն իրենց հետ Տանձաղբյուր են բերել մեծ թվով «Կամազ» մակնիշի բեռնատարներ, որպեսզի կտրած ծառերը գետնին տապալելուց հետո շտապ հեռացնեն: Անտառի հարևանությամբ գտնվող ծաղկաձորցիները Գ. Շամշյանին պատմել են, որ եթե ոստիկանությունը չտիրապետեր օպերատիվ իրավիճակին, ապա Տանձաղբյուրից կմնար դառը հիշողություն, իսկ նրանք պլանավորած են եղել հատել 1 հեկտարից ավելի տարածք:
![]() |
![]() |
Ծառահատման աշխատանքները ղեկավարում էր ինչ-որ ՍՊԸ-ի տնօրեն, որի անունը Գեորգի էր, և երբ Գ. Շամշյանը փորձում էր լուսանկարել նրան, նա հայհոյանքներ տալով, թե՝ չնկարես, թե չէ քեզ էլ, բռնողներին էլ ծառերի օրն եմ գցելու, նստեց «Իո» մակնիշի սպիտակ ավտոմեքենան և դիմեց փախուստի: Ոստիկանները ձեռնարկում են օպերատիվ քննչական միջոցառումներ հայտնաբերելու համար «անտառահրեշին»:
Ծաղկաձորցիները Գ. Շամշյանին պատմում էին նաև, որ այդ հատվածը Ծաղկաձորի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավից առաջ նախկին քաղաքապետ Գարուն Միրզոյանը վաճառել էր խոշոր գումարով՝ նրանք նշում էին 1-1,5 մլն ԱՄՆ դոլարի մասին: Ծաղկաձորցիներին հետաքրքրում էր նաև, թե արդյոք նախկին քաղաքապետը անտառի ոչնչացման հետ կապ ունի՞, թե՞ ոչ:
![]() |
![]() |
Թե ինչքան է անտառին հասցված վնասը, դրա պատասխանը պետք է տա բնապահպանության նախարարությունը, որը, ըստ ծաղկաձորցիների, «ուղտի ականջում քնած է»:
Փաստի առթիվ Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արմեն Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ





Մեկնաբանել