Տեղեկատվական նոր համակարգը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը
Պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացի շրջանակում ՀՀ կառավարությունն իրականացնում է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի մշակում եւ գործարկում» ծրագիրը:
Կառավարման տեղեկատվական համակարգի մշակման եւ 217 համայնքներում ու ՔԿԱԳ (Քաղաքացիական կացության ակտերի գրանցում) 54 մարմիններում դրանց ներդրման աշխատանքներն ապահովում է «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Ներկայացնում ենք կազմակերպության նախագահ Գրիշա Խաչատրյանի հետ հարցազրույցը:
- Ե՞րբ են սկսվել «Համայնքների կառավարման տեղեկատվական համակարգի մշակում եւ գործարկում» ծրագրի աշխատանքները եւ որքա՞ն դրանք կտեւեն, ի՞նչ աղբյուրներից է այն ֆինանսավորվում:
- Ծրագիրը ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Պետական հատվածի արդիականացման ծրագրի» վեց բաղկացուցիչներից մեկն է: Նախնականորեն կար եւս մի բաղադրիչ, որի նպատակն էր ավտոմատացնել ՔԿԱԳ տարածքային մարմինների գործունեութունը: Սակայն որոշվեց, որ այն պետք է միանա այս բաղկացուցչին՝ նկատի ունենալով, որ ՔԿԱԳ տարածքային մարմինները ՀՀ կառավարության որոշմամբ արդեն փոխանցվել են համապատասխան համայնքների ենթակայությանը, իսկ տարածականորեն, մեծամասամբ, տեղակայված են այդ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերում: Եւ, քանի որ խոսքը միասնական տեղեկատվական համակարգ ստեղծելու եւ համայնքապետարաններում առկա տեղեկատվական համակարգեր ինտեգրելու մասին էր, որոշվեց միացնել ՔԿԱԳ բաղադրիչը համայնքային կառավարման տեղեկատվական համակարգին (ՀԿՏՀ):
Ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկային միջոցներից: Աշխատանքները սկսվել են 2006 թ. հոկտեմբերից եւ կտեւեն երկու տարի:
- Ինչպիսի՞ն է ծրագրի կառավարման մեխանիզմը, ինչպե՞ս են ընդունվում սկզբունքային որոշումները:
- Համակարգերի մշակումն ու գործարկումն իրականացնում է մեր կազմակերպությունը՝ համաձայն Տարածքային կառավարման նախարարության (ՏԿ) հետ կնքված պայմանագրի: Վերջինս էլ համակարգում եւ կառավարում է ծրագիրը: Այս կառույցին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ եւ քննարկվում են շատ հարցեր: Խմբի ղեկավարն է փոխնախարար Վաչե Տերտերյանը, իսկ անդամները ներկայացնում են շահագրգիռ կառույցներ` ՔԿԱԳ մարմիններ, հարկային ծառայություն, քաղաքապետարան եւ այլն: Ընդհանրապես, ՏԿ նախարարության աշխատակիցների հետ հարցերն արդյունավետ եւ հեշտությամբ են կարգավորվում, քանի որ նրանք էլ շահագրգիռ են, որ Համակարգը հեշտացնի իրենց աշխատանքը համայնքների հետ:
Ասեմ, որ մշակվելիք Համակարգի վերաբերյալ շատ հարցեր ի սկզբանե արդեն պարզ էին, քանի որ նման աշխատանքներ կատարելու տեւական փորձ ունենք: Իհարկե, կան հարցեր, որոնք մեզանից չեն կախված, օրինակ՝ համակարգիչների, ցանցային սարքավորումների ու ծրագրային միջոցների գնումը պետք է իրականացվի պետական տենդերի միջոցով, եւ եթե այս գործընթացի պատճառով տեխնիկայի մատակարարումն ուշանա, իհարկե որոշ դժվարություններ առաջ կգան:
- Նկարագրեք, խնդրեմ, ծրագրի հիմնական նպատակներն ու բաղադրիչները, եւ թե ինչ աշխատանք է կատարվել առ այսօր:
- Ներկա ծրագրով նախատեսված է, որ ՀԿՏՀ փաթեթում կլինի` համայնքի բյուջետավորման համակարգ, համայնքի ավագանու աշխատանքների կառավարման համակարգ, նորություններ, քվեարկություններ, հայտարարություններ, էլեկտրոնային դիմումների համակարգ, փաստաթղթաշրջանառության համակարգ, հեռախոսահամարներ, իրավական ակտեր, ընտրական գործընթացներ, զարգացման ծրագրեր եւ այլն: Բացի այս, այն կպարունակի ՔԿԱԳ տարածքային մարմինների գործունեության ստանդարտ ծրագրային ապահովում, համայնքի ֆիզիկական անձանց ռեգիստր, համայնքի իրավաբանական անձանց ռեգիստր, իսկ հետագայում հույս ունենք, որ հնարավորությունների առկայության դեպքում կմշակվեն նոր ենթահամակարգեր, մասնավորապես` համայնքային գույքի կառավարման, հողերի վարձավճարների հաշվարկման, թույլտվությունների տրամադրման, մրցույթների կառավարման եւ այլ ենթահամակարգեր:
Այսպիսով՝ 217 համայնքներում, այդ թվում` Երեւանի բոլոր 12 թաղապետարաններում, խոշոր, միջին ու փոքր քաղաքներում (47 համայնք) ու գյուղերում կներդրվի այս համակարգը կա՛մ ամբողջական, կա՛մ մասնակի փաթեթի ձեւով: Տեղեկատվական համակարգեր կտեղադրվեն նաեւ ՀՀ ՔԿԱԳ 54 կենտրոնական եւ տարածքային մարմիններում: Մեր աշխատանքները կազմակերպված են ըստ փուլերի: Առաջին փուլում կատարել ենք ընդհանուր իրավիճակի վերլուծություն` ուսումնասիրվել ու գնահատվել է բոլոր համայնքապետարանների տեխնիկական իրավիճակը՝ առկա համակարգիչների թիվը, անհրաժեշտ սարքավորումների թիվը, մասնագետների առկայությունը, չափանիշերը եւ այլն: Նաեւ իրականացրել ենք խորհրդակցություններ համապատասխան կառույցների հետ՝ խնդիր ունենալով համապատասխանեցնել ստեղծվելիք Համակարգը ՔԿԱԳ գործունեության պահանջներին, ներկայումս գործող գույքահարկի եւ հողի հարկի հավաքագրման համակարգին, գանձապետական համակարգին եւ ՀՀ ՏԿ նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման համակարգին:
Վերլուծության հիման վրա կազմել ու ՏԿ նախարարությանն ենք ներկայացրել համայնքապետարաններում տեխնիկական համալրման վերաբերյալ մեր առաջարկությունների փաթեթը՝ առաջնորդվելով առկա պայմանները հավասարեցնելու ցանկությամբ:
Երկրորդ փուլում իրականացվել են եւ այս տարվա օգոստոսին կավարտվեն Համակարգի նախագծման, փորձարկման եւ մշակման աշխատանքները: Այս ամսվանից կսկսենք նախագծել համակարգչային ցանցեր Երեւան քաղաքի 12 թաղապետարաններում եւ ՀՀ 30 խոշոր քաղաքային համայնքներում, իսկ սեպտեմբերին, ըստ մեր ժամանակացույցի, այս կառույցներում կտեղադրվի ՀԿՏՀ ամբողջական փաթեթը: Անշուշտ, այս գործընթացում կլինեն ուսումնական նյութերի պատրաստում եւ վերապատրաստման դասընթացներ համայնքների ցանցային կառավարիչների, ՀԿՏՀ ծառայությունները տրամադրող աշխատակիցների համար: Շատ լուրջ ուշադրություն պիտի դարձնենք ուսուցման որակին, քանի որ փորձը ցույց է տալիս, որ թերի ուսուցանված մարդիկ հետագայում խնդիրներ են ունենում:
- Եթե կարելի է, փոքր-ինչ որոշակիացրեք, թե գործնականում ինչ նոր ծառայություններ մատչելի կդառնան քաղաքացուն Համակարգի ներդրումից հետո:
- Նախ՝ նամակների, դիմում-բողոքների տրամադրման եւ պատասխանի ստացման գործընթացն ավելի կհեշտանա: Համակարգչի միջոցով քաղաքացին նաեւ կարող է հետեւել դիմումի ընթացքին: Նա կարող է տեղեկություններ ստանալ պարտքերի, տուրքերի, տարբեր վարձերի վերաբերյալ, կարող է ծանոթանալ գործառույթների ընթացակարգերին, ասենք` թե ինչպես կարելի է ստանալ շինարարության թույլտվություն կամ որեւէ վկայական, ի՞նչ գումար պետք է վճարել, ինչպե՞ս կարելի է առաջադրվել ավագանու անդամ եւ այլն: Համակարգում կլինի նաեւ «Հաճախ տրվող հարցերի բաժին»:
- Եթե դիտարկենք համայնքային կառավարման ոլորտում մինչ այսօր կատարված աշխատանքները եւ համեմատենք այս նախագծի հետ, ի՞նչ տարբերություններ են տեսանելի: Չարենցավանում Ձեր կազմակերպության կողմից մշակված համակարգերը գործում են մոտ 14 տարի, ի՞նչ արդյունքների, առավելությունների մասին կարելի է խոսել այսօր:
- Նախ ասեմ, որ մինչեւ այժմ էլ-կառավարման ոլորտում ստեղծվել են առանձին ծրագրային միջոցներ, որոնք աշխատել են միմյանցից առանձին եւ լուծել են տեղական խնդիրներ: Հետեւանքը եղել է այն, որ, օրինակ, միեւնույն տվյալը` դա լինի քաղաքացի, տնտեսվարող անձ, գույք եւ այլն, կարող էր մշակվել մի համակարգում եւ անփոփոխ մնալ մեկ ուրիշում` առաջ բերելով համակարգերի միջեւ աններդաշնակություն եւ տարատեսակ խնդիրներ:
Վերլուծելով կարիքները եւ զարգացման ընթացքը` մենք եկանք այն եզրակացության, որ պետք է ստեղծել միասնական կառավարման տեղեկատվական համակարգ, որպեսզի տվյալները միասնաբար մշակվեն, եւ որպեսզի մեկ աշխատակցի կողմից մշակված տվյալը հարկ եղած դեպքում մատչելի լինի նաեւ մեկ ուրիշին: Այստեղ շատ կարեւոր է, որ գոյություն ունենան գոնե որոշ տվյալների ընդհանուր օգտագործման ռեգիստրեր, նախ` ֆիզիկական անձանց ռեգիստրը, իրավաբանական անձանց ռեգիստրը եւ փաստաթղթերի ռեգիստրը: Այսօր դեռ դժվար է խոսել հանրապետական ռեգիստրների եւ ընդհանուր կիրառման դասակարգիչների մասին, որոնց նկատմամբ, իհարկե, լավ կլիներ ունենալ առցանց եւ մշտական հասանելիություն: Կարեւոր են նաեւ համայնքային գույքի եւ հողերի ռեգիստրները, որոնք հետագայում նախատեսում ենք մշակել այլ ծրագրերի շրջանակներում:
Չարենցավանում մենք սկսել ենք աշխատել 1994թ.` ստեղծելով բնակիչների ռեգիստր, սեփականաշնորհման վաուչերների եւ կտրոնավորման համակարգեր, ապա իրականացրել ենք քաղաքացիներին բնակարանային նպաստների տրամադրման ծրագիրը: Հետագայում մենք անընդհատ վարել ենք ընտրողների ցուցակները` ապահովելով, որ Չարենցավանում դրանք միշտ մաքուր ու որակյալ լինեն: Ապա աստիճանաբար ստեղծվեցին այն բոլոր ենթահամակարգերը, որոնք ես թվարկեցի վերեւում` Համակարգը նկարագրելիս:
Այսօր Չարենցավանի քաղաքապետարանում «Գերմանական տեխնիկական համագործակցություն» ընկերության աջակցությամբ ստեղծվել եւ գործում է Քաղաքացիների սպասարկման եզակի գրասենյակ, որը կարելի է համեմատել «ծառայությունների սուպերմարկետի» հետ: Այստեղ քաղաքացիներին առաջարկվում են իրավաբանական ծառայություններ, ընդունվում են նամակներ եւ հանձնվում պատասխաններ, տրամադրվում է տեղեկատվություն վարձերի, հողի, գույքի ու այլ տեսակի հարկերի վերաբերյալ, ասենք` ինչքա՞ն է պարտքը եւ ինչպե՞ս կարելի է վճարել, տրվում են թույլտվություններ եւ այլն: Բացի սա, սրահում տեղադրված է սենսորային մոնիտոր, որի միջոցով քաղաքացիներն ինքնուրույն կարող են օգտվել Համակարգի տեղեկատվական պաշարներից, մասնակցել ֆորումներին, պետական ծառայողին հղել էլ-նամակ եւ այլն: Գրասենյակում ստեղծված է նաեւ փոքրիկ գրադարան` համալրված իրավական ակտերով, տեղեկատուներով, հանրագիտարաններով եւ քաղաքացիների համար առավել կարեւոր այլ տիպի գրքերով:
Անդրադառնալով այս Համակարգի առավելություններին, բացի վերը նշվածից, կարեւոր է ընդգծել, որ այն նաեւ հիբրիդ նախագիծ է եւ ունակ է լուծելու ինչպես «էլ-կառավարության», այնպես էլ « էլ-կառավարման» խնդիրներ: Համակարգը թույլ է տալիս ավտոմատացնել ներկազմակերպական ու որոշ միջկազմակերպական գործառույթներ, բայց նաեւ առաջարկում է արտաքին պատուհան, որտեղ քաղաքացին կարող է գտնել տարբեր ծառայություններ ու հնարավորություններ: Եթե, օրինակ, այս Համակարգը համեմատենք ՄԱԶԾ «Ռեգիոն.am» նախագծի հետ, պետք է նկատել, որ վերջինս նախատեսված չէ ավտոմատացնելու ներքին գործընթացները, այն ավելի «արտաքին» կամ «դուրս նայող» նախագիծ է, որի ստեղծած վեբ կայքերում տվյալների հրապարակումը կախված է որոշակի անձանց ակտիվությունից ու նախապատվություններից: Մինչդեռ, այս Համակարգում հիմնական տվյալների անընդհատ մուտքագրումն ու թարմացումը պարտադիր է, այլապես որոշ աշխատանքներ պարզապես հնարավոր չի լինի կատարել:
- Այս Համակարգը որեւէ ձեւով կապվու՞մ է սոցիալական ծառայությունների համակարգի հետ:
- Դեռ ոչ, թեեւ մտածել ենք այդ մասին: Իհարկե, լավ կլիներ կապ ունենալ սոցիալական քարտերի համակարգի հետ, որը հնարավոր կդարձներ տվյալների ավտոմատ նույնականացումը: Առայժմ կարողացել ենք պայմանավորվել ՀՀ ֆինանսների նախարարության հետ, որպեսզի համայնքի բյուջեի մուտքերի եւ մնացորդների մասին մանրամասն տեղեկատվությունը ստացվի էլեկտրոնային ձեւով. սա թույլ կտա ավտոմատ կերպով արտացոլել այս տվյալները համայնքի բյուջետավարման տեղեկատվական համակարգում:
- Իսկ ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այս Համակարգը կառավարման ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար:
- Այն փաստը, որ քաղաքացին անմիջականորեն չի առնչվում պետական ծառայողի հետ, կարեւոր գործոն պետք է համարել: Զսպող հանգամանք է եւ այն, որ տարատեսակ գործունեություններ ցանցի միջոցով բաց ու տեսանելի կլինեն մեկից ավելի անձանց համար: Կարեւոր է նաեւ, որ քաղաքացուն մատչելի կլինեն համայնքապետարանի աշխատանքներին հետեւելու եւ արտահայտվելու միջոցներ:
- Պետական ծառայողների կողմից չարաշահումները հաճախ կապված են թույլտվության, արտոնագրի կամ որեւէ ծառայության ժամկետի հետ: Ասենք` օտարերկրացու հետ ամուսնությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարությունում գործող ՔԿԱԳ բաժնի միջոցով, եւ այն, որ վերջինս անհրաժեշտ փաստաթուղթը տրամադրում է «երկու ամսվա ընթացքում», գումարներ կորզելու լավ առիթ է: ԱՄՆ քաղաքացին, երկու ամիս հետո դարձյալ Հայաստան չգալու համար, հակված է համաձայնել վճարելու ԱՄՆ-ից Երեւան թռիչքի արժեքին ու պատճառվող անհանգստությանը համարժեք կլորիկ մի գումար` ձեռք բերելու անհրաժեշտ փաստաթուղթը մեկ օրում կամ երկու շաբաթ հետո, որը դարձյալ օրենքի սահմաններում է: Տեղեկատվական համակարգը որեւէ կերպ կարո՞ղ է վերահսկել նման իրավիճակները:
- Եթե, օրինակ, քաղաքացին դիմում է հողատարածք ստանալու համար, Համակարգի միջոցով որոշ գործողություններ կարվեն: Բայց դժվար է ասել, թե ինչ կլինի, եթե կա այո-ոչի կամ ժամկետների խնդիր, երբ մարդկային շփումներն ընթացք են ստանում... Իհարկե, այն, որ Համակարգը ստեղծում է որոշ թափանցիկություն, եւ առաջին հարկում տեղադրված համակարգչից քաղաքացուն մատչելի կլինի գործընթացին վերաբերող որոշակի տեղեկատվություն, հույս է ներշնչում, որ պետական ծառայողն այժմ ավելի պատասխանատու կգտնվի:
- Ի՞նչ հիմքեր կան, որ այս Համակարգի ներդրումն ու հետագա կիրառությունը համայնքներում հաջող ընթացք պիտի ունենան: Չէ՞ որ գիտենք, որ նման նախագծերը հաջողություն են ունենում, եթե կա հիմնարկի ղեկավարի շահախնդիր աջակցությունը, իսկ այս դեպքում դուք գործ ունեք ավելի քան երկու հարյուր համայնքապետարանների ու համայնքի ղեկավարների հետ:
- Տարիների ընթացքում աշխատել ենք տարբեր համայնքներում եւ տեսել, որ որոշ տեղերում Համակարգը լավ է աշխատում, իսկ որոշ տեղերում իր դերն է ունեցել ղեկավարի սուբյեկտիվ մոտեցումը: Այսօր տեղական ինքնակառավարման մարմիններին տրված է որոշակի անկախություն` ընտրելու այս կամ այն լուծումը: Սակայն, տվյալ դեպքում ներդրում է կատարում ՀՀ կառավարությունը, որը նաեւ պետք է հետամուտ լինի, եւ կարծում եմ` կլինի, որպեսզի այս համակարգերը կիրառվեն եւ անխափան աշխատեն: Կարեւոր հանգամանք է եւ այն, որ այսօր ներդնում ենք մի Համակարգ, որն անընդհատ համալրվելու է, եւ այն պատշաճ չօգտագործելու դեպքում ժամանակի հետ տվյալների փոխանակման, սահմանված ձեւերով հաշվետվությունների տրամադրման խնդիրներ պիտի առաջանան: Սա հույս է ներշնչում, որ այս Համակարգը կկայանա: Բացի այս, մենք կարծում ենք, որ այն պետք է հնարավորինս հրապուրիչ լինի աշխատելու համար, եւ արել ենք ամեն բան, որ օգտագործողը տեսնի նոր Համակարգի հետ եկող հարմարավետությունն ու արդյունավետությունը:
- Չարենցավանի քաղաքապետարանում ստեղծվեց մի համակարգ, որի պահպանությամբ եւ շարունակ զարգացմամբ զբաղվում էր Ձեր կազմակերպությունը, որը գտնվում էր նույն հիմնարկի շենքում: Հիմա քաղաքապետը փոխվեց, առաջ եկան նոր հանգամանքներ, եւ դուք տեղափոխվեցիք Երեւան: Նախ` կարծու՞մ եք, որ Համակարգը նույն հաջողությամբ կշարունակի այնտեղ աշխատել: Երկրորդ` չե՞ք կարծում, որ պետական հիմնարկի համար այսօր առավել շահեկան է ունենալ ՏՀՏ ոլորտում մասնագիտացած գործընկեր կազմակերպություն, որը, այս կառույցի ընթացիկ ու զարգացման ՏՀՏ կարիքները հոգալուց բացի, կունենա ազատություն եկամտի այլ աղբյուրներ ստեղծելու համար: Մեր դիտարկումները վկայում են, որ նման լուծումն ավելի լուրջ արդյունք է տալիս, քան պայմանագրային (ըստ պահանջի) սկզբունքով կամ միջազգային դրամաշնորհներով մատչելի մասնագիտական ներուժը:
- Չարենցավանում Համակարգը շարունակում է անխափան աշխատել, քանի որ այն վաղուց արդեն դարձել է անհրաժեշտություն եւ փոխել է աշխատելաձեւը: Եթե այն այդքան օգտակար չլիներ եւ պարզապես ստեղծված լիներ մասնավոր անձի կողմից, որը մի օր թողել-գնացել է, իրավիճակը կարող էր այլ լինել: Բայց այն նախ ապահովում է քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետությունը, բացի դրանից` ստեղծվել է կազմակերպության կողմից, եւ հիմա էլ կառավարությունն ունի որոշակի մասնակցություն այս գործում, ինչը կարեւոր փաստ է: Կարիքի դեպքում կշարունակենք աջակցել այս համայնքին, ինչպես որ արել ու անում ենք բոլոր այլ համայնքներում:
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա Դուք միանգամայն ճշմարտացի եք: Այդ ուղղությամբ մենք արդեն իսկ մտածում ենք եւ հուսով ենք, որ մինչեւ ծրագրի ավարտը մեր կազմակերպությունը հնարավորինս կբավարարի նշված պահանջները:
- Խոսենք կարողությունների մասին, մասնավորապես` ունե՞ք մասնագետների պակաս, եւ համայնքներում ինչպե՞ս է ապահովվելու համակարգի շարունակական պահպանումն ու զարգացումը:
- Ծրագրում ներգրավված են մասնագետներ, ովքեր մեզ հետ երկար տարիներ աշխատել են: Բացի այդ, մենք հայտարարեցինք մրցույթ եւ 80 դիմորդներից ընտրեցինք անհրաժեշտ թվով մասնագետներ: Համայնքների վերաբերյալ կարող եմ ասել, որ առաջարկելու ենք վերապատրաստման դասընթացներ: Ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում ամեն ինչ պիտի անենք համայնքներին աջակցելու համար: Դա է թելադրում նաեւ մեր կազմակերպության կանոնադրական առաքելությունը:
Սրանով հանդերձ` նշեմ, որ դեռ սովորելու շատ բան ունենք եւ զգում ենք նախագծման, կառավարման մասնագետների որոշակի պակաս: Առիթից օգտվելով նշեմ, որ դիմել ենք Եվրասիա հիմնադրամին` մեր կազմակերպության կազմակերպչական կարողությունների ամրապնդման համար որոշակի միջոցներ ստանալու ակնկալիքով:
- Ի՞նչ է արվում այս Համակարգի հանրային մատչելիությունը բարելավելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ այստեղ ենթակառույցների զարգացման, իրազեկման ու կրթական մեծ ջանքեր են անհրաժեշտ, որպեսզի իմաստ ունենա խոսել կառավարման թափանցիկության մասին:
- Անշուշտ, Համակարգը նախատեսված է այնպես, որպեսզի հանրությունը կարողանա օգտվել տվյալների մշակման, տարբեր գործառույթների ավտոմատացման արդյունքում ստեղծվող հնարավորություններից: Այս ամենը Ինտերնետի միջոցով մատչելի դարձնելն ու մատչելիության կետերի ստեղծումը խնդիրներ են, որոնք հետագայում պետք է լուծվեն: Այս պահին միայն կարող եմ ասել, որ ՏԿ նախարարությունում գաղափար կա այն մասին, որ գոնե մեկ համակարգիչ անպայման տեղադրվի առաջին հարկում, որպեսզի քաղաքացուն Համակարգը մատչելի լինի:
Կարծում եմ, որ եթե այս փուլում կարողանանք լուծել տվյալների մշակման եւ արտացոլման խնդիրը, ստեղծված վեբ կայքն ինտերնետ միջավայրում մատչելի դարձնելը շատ ավելի հեշտ խնդիր է: Ուրիշ բան, որ մենք այս խնդիրը չկարողանանք լուծել եւ շատերի նման ստեղծենք կայքեր, որոնք ամիսներով կարող են չթարմացվել:
- Ինչպե՞ս պիտի ապահովեք, որ ձեր Համակարգը, ի տարբերություն շատ նախարարությունների եւ համայնքապետարանների վեբ կայքերի, չանտեսի քաղաքացու էլ-նամակը եւ ապահովի պատշաճ պատասխան:
- Այն, որ նախատեսվում է նման բան, փաստ է: Ինչ վերաբերում է էլ-հաղորդակցությանը, միգուցե կարելի է մտածել մի մեխանիզմ, որեւէ տեխնիկական լուծում, որը պետական ծառայողին կպարտադրի պատասխանել քաղաքացու էլեկտրոնային հարցմանը: Նշեմ, որ համակարգը նախատեսում է ունենալ նաեւ քննարկումների բաց ֆորումի բաղադրիչ:
- Ինչպե՞ս է այս նախագիծը ներդաշնակեցված երկրում իրականացվող այլ ՏՀՏ նախագծերի հետ: Համագործակցության, միջոցների համատեղ օգտագործման մեխանիզմներ, նախադեպեր կա՞ն:
- Այն համակարգիչները, որ այսօր առկա են համայնքապետարաններում, մի կողմ չեն դրվի եւ կօգտագործվեն այս նպատակի համար: Առհասարակ, ամեն հնարավոր ռեսուրս կօգտագործվի: ՔԿԱԳ բաղկացուցչի ներառումը մեր ծրագրում նման մի նախադեպ է: Շատ կարեւոր է, որ միջհամայնքային ու միջկազմակերպական ցանցեր ստեղծելիս չլինեն կրկնություններ, որ միեւնույն համայնքները կապվեն տարբեր ցանցերով:
«Պետական հատվածի արդիականացման ծրագրի» շրջանակներում առայժմ նախատեսվում է ստեղծել ցանց ՏԿ նախարարության 60 համայնքապետարանների եւ 54 ՔԿԱԳ մարմինների միջեւ: Ստեղծվող ցանցը կապահովի նշված կառույցների միջեւ տվյալների փոխանակումը եւ միմյանց մատչելի կդարձնի տեղերում մշակվող տեղեկատվությունը:
- Այսօր մի շարք համայնքներ ունեն իրենց վեբ կայքերը, օրինակ` ՄԱԶԾ «Ռեգիոն.am» նախագծի շրջանակում մարզպետարաններում ստեղծված կայքերը: Ստացվում է, որ ծրագրի ավարտից հետո որոշ համայնքներ կունենան երկու տարբեր պաշտոնական ներկայություններ վեբում:
- Ինչպես վերեւում նշեցի, այս Համակարգը ենթադրում է ներկազմակերպական որոշակի գործառույթների ավտոմատացում եւ տվյալների անընդհատ թարմացում: Եթե մենք ստեղծում ենք փաստաթղթաշրջանառության, ավագանու աշխատանքների կամ բյուջեի կառավարման համակարգեր, անմիտ կլիներ քաղաքացուն չտրամադրել այս ամենը դիտելու, դրանից օգտվելու հնարավորություն: Ճիշտ է, որ «Ռեգիոն. am -ի կողմից սկզբնական շրջանում կար որոշ դիմադրություն, բայց ակնհայտ է, որ այս նախաձեռնությունները, ըստ էության, տարբեր են, եւ կրկնության մասին խոսք լինել չի կարող: Նշեմ, որ սույն ծրագրի շրջանակում Համակարգը դեռեւս ինտերնետի միջոցով մատչելի չի լինի: Սա ժամանակի խնդիր է, եւ մեր կազմակերպությունը բոլոր ջանքերը պիտի գործադրի` շարունակելու եւ զարգացնելու ծրագրով ստեղծված արդյունքները:
- Այս նախագիծը, փաստորեն, ՊՀԱ ծրագրի վեց բաղկացուցիչներից մեկն է: Ինչպե՞ս է այն առնչվում մյուս բաղադրիչների հետ: Դուք տեսնու՞մ եք այս նախագիծը` որպես կառավարության առավել լայն ռազմավարության, որոշակի տեւական ծրագրի մի բաղադրիչ:
- Իհարկե, տեսնում եմ, որովհետեւ այն արդյունքները, որ կստացվեն` համակարգերի ստեղծում, ցանցերի տեղադրում, մասնագետների պատրաստում եւ այլն, անմիջական կապ կարող են ունենալ մյուս բաղադրիչների հետ, հատկապես տեղական ինքնակառավարման համակարգի հզորացման եւ համայնքների արդյունավետ կառավարման ոլորտում:
Ալվարդ Գասպարյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել