HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհ դեպի հասարակություն

1988-ի երկրաշարժից հետո առողջապահության ոլորտում նոր խնդիրներ առաջացան՝ պրոթեզավորում, հոգեթերապիա, վերականգնողական բժշկություն։

Սրանք ճյուղեր էին, որոնք Հայաստանում լավ չէին զարգացած, կարելի է ասել անգամ՝ չկային։ Երկրաշարժից անմիջապես հետո ստեղծված Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի նպատակն աղետի գոտու հաշմված մարդկանց ֆիզիկական եւ հոգեկան վերականգնումով զբաղվելն էր։

«Մեզ օգնության եկան արտասահմանի կազմակերպությունները։ ADRA միջազգային կազմակերպության աջակցությամբ ստեղծվեց մեր կենտրոնը, որտեղ բոլոր հիվանդները ստանում էին իրենց բուժական միջոցառումները, իսկ երեք մասնագետի վերապատրաստեցին ԱՄՆ-ում»,- հիշում է բժիշկ-վերականգնողաբան, կենտրոնի «Ինտեգրացիոն մանկապարտեզ» ծրագրի ղեկավար Սուսաննա Ներսիսյանը։ Նա այդ երեքից մեկն էր։

Առաջին վերապատրաստումն ու շփումն ամերիկյան մասնագետների հետ էականորեն փոխեց վերականգնողաբանության մասին հայ բժիշկների ունեցած պատկերացումները, սակայն դա բավարար չէր այդ նոր ճյուղը պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնելու համար։ Հայ վերականգնողաբաններին օգնության եկավ Project Hope կազմակերպությունը, որը հիմնեց ուսուցողական մեծ ծրագիր։ Միջազգային չափանիշներին համապատասխան վերապատրաստվեցին բժիշկներ, բուժքույրեր, վերականգնողական թերապիստներ, ձեւավորվեց ամբողջական թիմ։

Սկսելով աղետի գոտու հաշմվածներին ցուցաբերվող օգնությունից` կենտրոնն աստիճանաբար ներգրավում է նաեւ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին՝ ապահովելով նրանց ստացիոնար կուրսային բուժումը։ «Ժամանակի ընթացքում հասկացանք, որ միայն ստացիոնար պայմաններում կուրսային բուժումներով հնարավոր չէ օգնել այդ երեխաներին, եւ դիմելով միջազգային կազմակերպություններին` կենտրոնում ստեղծեցինք ինտեգրացիոն մանկապարտեզ»,- ասում է տիկին Սուսաննան, ով այդ ծրագրի նախաձեռնողն է։

Զարգացման առանձնահատկություններ ունեցողների կողքին 2002-ին ստեղծված այս մանկապարտեզում նախադպրոցական կրթություն են ստանում նաեւ մոտակա թաղամասում բնակվող երեխաները։ Նպատակն ընդհանուր միջավայր ստեղծելն է եւ փոխըմբռնման մթնոլորտ ձեւավորելը, քանի որ խնդիրներ ունեցող երեխաներին հաճախ ավելի շատ անհանգստացնում է չհասկացված կամ, ինչու չէ, նաեւ անտեսված լինելը։

«Ես աշխատում եմ, եւ ինձ համար շատ դժվար էր երեխային մենակ թողնել տանը»,- ասում է Գոհարը, ում տղան երկու տարի հաճախել է ինտեգրացիոն մանկապարտեզ։ «Ես հանգիստ խղճով գնում էի աշխատանքի՝ վստահ, որ իմ երեխան ապահով ձեռքերում է։ Իսկ տղաս ինձանից շուտ էր արթնանում ու արթնացնում էր ինձ, որ հանկարծ մանկապարտեզից չուշանանք»։

«Ամեն ինչ անում ենք, որպեսզի կարողանանք ճիշտ կազմակերպել այս երեխաների ներառումը հասարակություն։ Սկզբից նախապատրաստում ենք փոքր սոցիումը՝ մանկապարտեզն ու իրենց ընտանիքը։ Երկու միջավայր, որտեղ երեխան կատարում է իր առաջին քայլերը»,- ասում է ինտեգրացիոն մանկապարտեզի հոգեբան Շուշանիկ Թառոյանը՝ կարեւորելով կյանքի դժվարություններին այսօրինակ երեխաների պատրաստվածությունը։

Ֆիզիկական շարժումները կարգավորող բուժումներից բացի մանկապարտեզն առաջարկում է նաեւ այլ միջոցառումներ։ «Ստանում են լոգոպեդական բուժում, մանկավարժ դեֆեկտոլոգն է աշխատում, երաժշտության միջոցով ենք ստանում հոգեբանական ճշգրտումներ, հոգեբանն է զբաղվում երեխաների հետ, մի խոսքով` լիարժեք վերականգնողական թիմ է աշխատում»,- պատմում է Սուսաննա Ներսիսյանը։

Կենտրոնում հիմնականում մանկական ուղեղային կաթվածով երեխաներ են։ Կան նաեւ այլ ախտորոշումներով, օրինակ` այրվածքային վնասվածքների հետեւանքով սահմանափակ շարժում ունեցող երեխաներ։ Տիկին Սուսաննան վստահ է, որ նրանց վիճակը կարելի է շտկել, բայց անհրաժեշտ պայման է համարում ծնողների ցանկությունն ու կամքը։ Շատերը, ցավոք, դեռ գերադասում են ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին մեկուսացնել՝ չցանկանալով, որ ուրիշներն իմանան իրենց երեխայի վիճակի մասին։

 «Երբ երեխան սկսում է գալ մեզ մոտ, փոխվում է եւ՛ ծնողի, եւ՛ ընտանիքի մյուս անդամների վերաբերմունքը։ Նրանք հասկանում են, որ իրենց երեխան ունի մանկապարտեզի կարիքը, հասկանում են, որ սխալ է նրան կյանքից կտրելն ու չորս պատի մեջ պահելը»,- ասում է ծրագրի ղեկավարը։

Ծնողներ էլ կան, ովքեր ուզում են երեխային բերել մանկապարտեզ, բայց ունեն սոցիալական դժվարություններ։ Եթե ընտանիքն ապահովված չէ, եթե չունեն սեփական մեքենա կամ տաքսի վարձելու հնարավորություն, շատ դժվար է երեխային հասարակական տրանսպորտով տեղափոխելը։ Բացի այդ, տեղափոխումը օրական կարող է արժենալ 400-1000 դրամ, ինչը շատերի համար բավական մեծ գումար է։ «Եթե մենք մեր ավտոբուսն ունենայինք, կկազմակերպեինք նաեւ տեղափոխումը՝ թեթեւացնելով ծնողների հոգսը»,- ասում է Սուսաննա Ներսիսյանը՝ հույսն առայժմ դնելով բարի մարդկանց վրա։

Երկու տարի այս մանկապարտեզը հաճախելուց հետո Գոհարի տղան հանրակրթական դպրոց է գնում։ «Շատ ծանր վիճակում է եղել,- ասում է նա։- Հիմա արդեն կանգնում է, փորձում ինքնուրույն քայլել, առաջին դասարանն ավարտել է գերազանց առաջադիմությամբ»։ Գոհարի կարծիքով` սա հենց այն միջավայրն է, որը պետք է նման երեխաներին, քանի որ հասակակիցների հետ շփվելու այլ հնարավորություն նրանք չունեն։ «Երեխան կարողացավ ազատ շփվել, եւ դպրոցի համար նա արդեն պատրաստ էր, պատրաստ էր հարաբերությունների մեջ մտնելու երեխաների, ուսուցիչների, ծնողների հետ»,- ասում է Գոհարը։

Աշխարհը փոխել հնարավոր չէ։ Կյանքը լի է անակնկալներով ու դժվարություններով, բայց դա դեռ չի նշանակում, թե զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաները պետք է դուրս մնան կյանքից։

«Մենք երեխային ենք պատրաստում, որ դժվար իրավիճակներում կարողանա ինքն իրեն պահել»,- ասում է հոգեբան Շուշանիկ Թառոյանը։ Նա, երեխաների հետ աշխատելուց բացի, շփվում է նաեւ ծնողների հետ, որովհետեւ գտնում է, որ ընտանիքի անդամների ինքնավստահությունը պակաս կարեւոր չէ հասարակության մեջ այս երեխաներին ներգրավելու հարցում։ «Կյանքում լինում են եւ՛ դրական, եւ՛ բացասական հուզումներ, մենք այնպես ենք անում, որ երեխաները մեծ միջավայր մտնելիս երկուսին էլ պատրաստ լինեն»,- նշում է Շ. Թառոյանը։

Մանկապարտեզում ամեն ամիս լինում են տարբեր թեմաներով բաց դասեր, կազմակերպվում են հանդեսներ, որոնց ընթացքում երեխաները բացահայտվում են։ Դա դրական ազդեցություն է ունենում ոչ միայն իրենց՝ երեխաների վրա, այլեւ՝ ծնողների։ «Մայրեր կային, որ ասում էին՝ չէ, չի մնա իմ երեխան մանկապարտեզում, դա հնարավոր չէ, բայց արդյունքը տեսնելով` հասկանում են, որ հակառակ դեպքում երեխան շատ բան կորցրած կլիներ»,- ասում է տիկին Սուսաննան ու հպարտությամբ ցույց տալիս լուսանկարներ, որոնցում պատկերված երեխաներն արդեն ավարտել են մանկապարտեզն ու սովորում են հանրակրթական դպրոցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter