
Թմրամոլություն. վերադարձ կյանք
Առողջապահության նախարարության կողմից «Գլոբալ հիմնադրամի» ֆինանսավորմամբ մեթադոնային փոխարինող բուժման ծրագրով Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում բուժվում է 16 թմրամոլ՝ բոլորը Վանաձորից՝ չնայած մարզում 70 թմրամոլ է հաշվառված: «Մեթադոնը» սինթետիկ թմրանյութ է, որը փոխարինում է ափիոնային խմբի թմրամիջոցներին: Այն ընդունում են խմելու եղանակով, ոչ ներարկման ճանապարհով, ինչը բացառում է արյան միջոցով ինֆեկցիաների փոխանցումը, որոնք հաճախ լինում են թմրամոլների մոտ՝ ՄԻԱՎ, հեպատիտ: «Մեթադոնը» բավականին փոխում է կյանքի որակը, առաջացնում է հասարակության կամ սեփական ընտանիքի նկատմամբ որոշակի օգտակարություն ցուցաբերելու ձգտում: Շահառուներից ոմանց մոտ արդեն նկատելի են նման դրական ազդեցություններ:
Վանաձորցի 34-ամյա Սարգիսը Լոռիում ներդրված մեթադոնային փոխարինող բուժման ծրագրի 16 շահառուներից մեկն է, ով ամեն առավոտ դիսպանսերից ստանում է «Մեթադոնի» համապատասխան չափաբաժինը: Բոլոր 16-ի թվում՝ նա էլ ունի հեպատիտ C, որը կարող է լինել թմրամոլությամբ պայմանավորված հիվանդություն: Սարգիսը նախկինում նաև մի քանի անգամ դատված է եղել, որից մեկն էլ՝ թմրանյութի պատճառով: Նա պատմում է ափիոնի և դրան փոխարինած «Մեթադոնի» օգտագործման ու ազդեցությունների մասին:
Ինչպե՞ս սկսեցիր թմրամիջոց օգտագործել:
Դե, նենց էղավ, որ իմ կյանքը ուրիշ ձևով ա դասավորվել. մեծ մասը կյանքիս կալանքներում եմ անցկացրել՝ բռնված, ու շատ բան եմ տեսել: Ինձ ստուգեցին, ասին՝ դու աչքի խնդիր ունես, ու բանակից ազատեցին: Էկա էստեղ, ասին՝ 500 դոլար փող պետք ա տաս: Ես էլ ասի, եթե Երևանը ինձ ազատել ա, դուք ինչի՞ եք փող ուզում, չեմ գալիս, փախնում եմ բանակից. առաջին անգամ դրա համար եմ դատվել՝ 2 տարի, ու կյանքս տենց պղտորվել ա:
Հետո դուրս էկա, գնացի Ռուսատան, հիմի էլ ուրիշ բանով դատեցին, որ գողություն եմ արել. 3,5 տարի էլ Ռուսաստան տարբեր գաղութներում եմ նստել: Էնտեղ եմ սկսել սրսկվել. 18-19 տարեկան էի: Որ գնացի, էս սենյակի չափի սենյակ էր, մեն-մենակ նստել եմ էդտեղ: Ու էդ դեղը օգտագործել եմ, որ ապրեմ, հասկանո՞ւմ ես՝ որ չգժվեմ:
Դա նենց բաներ ա, որ սենց խոսալով դու դա չես կարա զգաս. մարդու հոգեբանության հետ ա կապված… Ասին՝ էս դեղը լավ բան ա, մի հատ սրսկվի, քեզ լավ կզգաս: Արեցի, զգացի, որ հաճելի ա, հետո, երբ հնարավորություն ա էղել, արել եմ: Ես կակաչ եմ օգտագործում:
Հերոին օգտագործե՞լ ես, նույն խմբի թմրանյութ է:
Հա, գեռային օգտագործել եմ: Ռուսաստանում գաղութում բաժակով ա էղել մոտս: Գեռայիը սինթետիկ տեսակն ա. կակաչից են ստանում. մեջը քիմիական նյութ են լցնում, սևությունը սպիտակում ա, դառնում ա փոշի: Նույն բանն ա, ուղղակի ուժեղ ա: Թանկ ա, էստեղ գրամը 120 հազար ա իսկական գեռայինի: «Մեթադոնը» 300 դոլար ա գրամը՝ փոշին, սա չէ, որ խմում ենք, սրսկվելունը:
Բենզինի տարածված մեթոդից էլ ե՞ս օգտվել:
Ես դրանից չեմ արել, ասել եմ՝ ավելի լավ ա՝ 20 հազար դրամ տանեմ տամ, Երևանից առնեմ, մաքուր օգտագործեմ, քան թե էդ թույնը: Մի 3 տարի առաջ շատ էի օգտագործում. Օրական, եթե 1 գրամը 4 հոգով են անում, ես 6 գրամ էի անում՝ 24 հոգու դեղ: Պատկերացրա, որ 6 հատ էդ ձևի 20 հազար տվել առել եմ օրվա մեջ: Ոնց որ արդեն օրգանիզմդ սովորում ա դրան, ու որ գալիս ա մի հատ քանակություն, արդեն ուզում ես բարձրացնես , որ քեզ համար սովորական չեղնի(Տոլեռանդությունը՝ տանելիությունը, բարձրանում է նշված նյութի նկատմամբ և անհրաժեշտություն է առաջանում բարձրացնելու նաև դեղաչափը - հեղ.):
Բա որտեղի՞ց քեզ այդքան փող:
Չունեմ: Դուրս եմ գալիս մի հատ գործ եմ անում, ունենում եմ: Ապրանք եմ ծախում. շատ ծանոթներ ունեմ, գիտեմ՝ էս ինչ բանը քեզ պետք ա, ճարում եմ իմ փողով, տալիս եմ քեզ ու մեջը փող եմ աշխատում՝ մաքուր ձևով: Չէ, նարկոտիկը չեմ ծախում, մենակ իմ օգտագործելու համար եմ առնում:
Գիտեի՞ր, թե ինչ բարդություններ կարող են լինել, գերդոզավորումների մասին տեղյա՞կ ես:
Բա ոնց չգիտեի: Էղել ա, գեռայինից ես պերեդոզիրովկա եմ էղել, ուղղակի սրտիս պատճառով առողջ եմ մնացել: Կարող ա սրսկվես պրծնես, քեզ թվա, գեռայինի մասին ա խոսքը, լավ ես, չզգաս քնում ես, սենց նստած ուղղակի մի պահ աչքդ փակես ու էլ չվերկենաս: Էդ պահին ոչ մի բան չես զգում, գնում ես էն աշխարհ:
Ի՞նչ զգացողություններ ես ունենում, երբ թմրանյութի պահանջ է առաջանում:
Որ լավ սոված ես եղնում, ինչ ես զգում: Դա էլ էդ ձևի սով ա. առավոտ վեր ես կենում, մինչև դա չանես, հաց չես ուտի: Որ սիրահարված ես էղել, արթնացել ես առավոտ, չես զգացե՞լ, որ էդ մարդու կարիքը զգում ես, զուտ որ նստի հետդ խոսա: Դա էլ դրա պես մի բան ա, էլի: Դեղ անող մարդը, որ տարիներով սրսկվում ա, չէ, իրա համար աղջիկը գոյություն չունի, էղած-չեղած: Նա նրան նայում ա ուղղակի որպես մարդ, վերջ: Ինչքան որ դեղը ազդում ա, նույն ձևի ես զգում: Բայց որ ազդեցությունը թողեց, արդեն ոչ թե հոգեպես, այլ մարմնով ցանկանում ես, որ ընդունես, զգում ես, որ չես կարում շարժվես:
Լոմկան էլ էն ա, որ չես կարում մի ձևի նստես, կես ժամվա մեջ դիրքդ տարբեր ձևի փոխում ես, պառկում, ծխում: Էդ շարժումները անում ես, որ ջանիդ ցավը թուլացնես: Ոնց որ քեզ վեր ունեն մզեն, ոնց են լվացքի շորը մզում: Կարող ա լոմկի վախտ մի բան դուրդ չգա, մարդավարի ասես՝ թարգը տուր, կարող ա գլխիդ լոլո կարդա, բաժակը վեր ունես, գլխին տաս. ցավերդ էնքան ուժեղ ա, վրեդ ազդում ա:
Մեթադոնային բուժման կուրս ես անցնում, ի՞նչ փոփոխություններ ես նկատել:
Նույն բանն ես զգում: Երկուսն էլ նարկոտիկ ա, սրա առավելությունն էն ա, որ էլ չես ուզում սրսկվես, չես ուզում խմես: Էստեղից մի գրամ դեղի համար հասնում էի Երևան, 4 ժամ տևում էր, իսկ հիմի գիտեմ, որ առավոտ 10-ին գնալու եմ խմեմ ու անցնեմ իմ նորմալ կյանքին: Փողը արդեն կարամ էրեխուս վրա ծախսեմ. հեծանիվ առնես, տետր կամ մի ուրիշ բան: Համ էլ որոշել եմ մի որոշ վախտ խմեմ ու սրանից էլ պրծնեմ, որ հետ դառնամ նորմալ կյանքին՝ առանց նարկոտիկի:
Երբ նոր էիր սկսել, չէի՞ր փորձում հետ կանգնել:
Որ նոր էր, չէի կարա. էդ վախտ չես ուզում: Ինքը էնքան դուրդ գալիս ա, որ ուզում ես շարունակես: Տհաճը էն ժամանակ ա սկսվում, երբ զգացնել ա տալիս, երբ որ արդեն մենակ դեղն ա ուղեղիդ մեջ, ուրիշ բան չկա:
Թմրամիջոց օգտագործելիս մենա՞կ ես լինում, թե՞ ընկերներիդ հետ:
Սիրում եմ նենց, որ ինչը վերաբերում ա դրան, մենակ ես իմանամ էդ մասին: Չեմ ուզում հետս մի քանի հոգի վեր ունեմ, որովհետև առաջին հերթին՝ ինչի՞ համար իմանան, համ էլ՝ ինչի՞ ես պատճառն էղնեմ, որ ինքը սրսկվի, ինչի՞ համար: Եթե ես ընկել եմ էս պրոբլեմի մեջ, խի՞ ուրիշին էլ հետս քաշեմ:
Կին ու երեխա ունես: Ի՞նչ հարաբերություններ են ընտանիքում:
Մի սիրուն էրեխա ունեմ, աղջիկ ա, 7 տարեկան: Իմ էրեխեն մինչև հիմի հենց գիտի ես բնաստեղծ եմ: Ես եմ գնում դպրոցից բերում տուն, դասերը սովորացնում: Ես ու աղջիկս իրար հետ ճաշ ենք սարքում: Կինս շատ ա էղել, որ ասի՝ թող, բայց ինքը իմ հետ կռվով չի խոսացել, կողքիս նստել ա, ասել ա՝ չես զգում՝ վախտն ա թողնելու:
Երբևէ մտածո՞ւմ ես, որ կյանքդ կարող էր այլ կերպ դասավորվել:
Չէ, տենց բան չեմ մտածում, որ խի եմ ապրում: Սաղ վախտ ել մտածում եմ, որ ամեն ինչ լավ ա էղնելու: Եթե ընդունակ ես լավություն անես, ինչ էլ անես, քեզ հետ ա գալիս կյանքում: Եթե էդ մտքով ապրում ես, խի՞ պետք ա հիասթափվես, որ:
Ինչի՞ց ես վախենում: Օրինակ՝ հիվանդությունից, ծերությունից, մահից:
Չէ, ծերությունից ինչի՞ պետք ա վախենամ, դա էլ իր քաղցրությունն ունի: Խի, որ կարող ա 2 հատ կնճիռ ավել էղնի երեսի վրա, հա՞: Բայց եթե դիմացի մարդը խելացի ա, խի՞ էդ մարդու հոգին չի գնահատում, հոգու ջահելությունը չի գնահատում, այլ գնահատում ա արտաքինը: Հիվանդությունից էլ չեմ վախում, որովհետև հավատում եմ, որ Աստված ա կյանքի երկարությունը տալիս՝ կապ չունի ինչ կյանքով ա ապրում: Ինչքան տված ա, էնքան էլ ապրելու ա՝ ինչ ձևի հիվանդ ուզում ա էղնի:
Ես մենակ եմ հիմի: Ունեմ կին, երեխա, բայց ես մենակ եմ: Իմ կողքին նենց մարդ չկա, որ կարենա ինձ հասկանա: Ես ընգեր չունեմ, որի հետ կարենամ կիսվեմ: Իմ ընգերը իմ հարազատներն են էղել, հիմի իմ կողքին չեն: Չկան, մահացել են:
Չկա մի մարդ, որ ինչ-որ հարց ինձ անհանգստացնի, կարենամ կիսվեմ, թևութիկունք չունեմ: Մենակությունը ոնց ա՝ լիքը մարդիկ կան, ամեն ինչ ունեն՝ յախտեք, սամալյոտներ, տներ, բայց իրանց կողքին հարազատ մարդ չունեն:
Ո՞ր պահից զգացիր այդ մենակությունը:
Էդ զգացել եմ 12 տարեկանից, երբ որոշել եմ ինքնուրույն ապրեմ, ոչ մեկից կախում չունենամ: Դրա համար էլ էսքանի միջով անցել եմ:
Մեկնաբանել