HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքահայ լրագրողները՝ պաշտպանության նախարարությունում

Սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը բարձր է գնահատել նրանց ունեցած ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհայանը այսօր հանդիպել է «Հայոց  ցեղասպանության  100-րդ  տարելիցին  ընդառաջ» խորագրով  լրագրողների  6-րդ  համահայկական  համաժողովի  մասնակիցներին: Հանդիպմանը ներկա է  եղել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Պաշտպանության նախարարը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել սփյուռքահայ լրագրողների ավանդը Հայոց  ցեղասպանության ճանաչման կարևորագույն գործում: «Ես հետևել եմ համաժողովի աշխատանքներին և գտնում եմ, որ այն չափազանց կարևոր գործունեություն է իրականացնում: Ցեղասպանության ճանաչումը մեր ժողովրդի և հանրապետության ղեկավարության առաջնային խնդիրներից է: Այն ոչ միայն անհրաժեշտ է լոկ մեր ժողովրդին, այլև համայն հանրությանը` այսօր և հետագայում նմանաբնույթ ոճրագործություններից խուսափելու համար»,- նշել է Սեյրան Օհանյանը:

Խոսելով ՀՀ զինված ուժերի մարտունակության մասին` Սեյրան Օհանյանը նկատել է, որ այս ընթացքում Հայաստանում իրականացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը, իսկ ներկայումս շարունակվում են հոկտեմբերի 1-ից մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Երկու զորավարժություններն աննախադեպ են իրենց բնույթով և ծավալներով:

«Այսօր բանակը մի այնպիսի պատրաստականության մեջ է, որ մենք կարող ենք մեր առջև դրված խնդիրները: Իհարկե, մենք ունենք նաև բացթողումներ ու թերացումներ, սակայն նաև լրատվամիջոցների շնորհիվ մենք չեզոքացնում ենք այդ թերությունները»,- նկատել է պաշտպանության նախարարը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր հերթին բարձր է գնահատել պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը և կարևորել բանակի դերը մեր հասարակության կյանքում:

Հանդիպման ընթացքում «Հայոց  ցեղասպանության 100-րդ  տարելիցին ընդառաջ» խորագրով  լրագրողների  6-րդ  համահայկական համաժողովի մասնակիցները հարցեր են ուղղել Սեյրան Օհանյանին, որոնք վերաբերում էին բանակի ձեռքբերումներին և թերություններին, զորակոչի գործընթացին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև երկու գերատեսչությունների միջև համագործակցությանը:

Միջոցառումը եզրափակվել է պարգևատրման հանդիսավոր արարողությամբ: Սեյրան Օհանյանի կողմից մի շարք լրագրողներ և լրատվամիջոցների ղեկավարներ արժանացել են գերատեսչական մեդալների ու պատվոգրերի: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter