HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Հուլիս ամսվա հոբելյարները

«Ավելի լավ ա Սեթոյի հետ ծանոթանաս ... Էսօր իրա ծնունդն ա»,- միաձայն համաձայնվեցին Գավառի մանկատան սաները, երբ հարցրի, թե ում հետ ծանոթանամ:

Հոբելյարն անմիջապես գտնվեց ու ներկայացվեց, բայց 6-13 տարեկան երեխաների՝ մոտ մեկ տասնյակի հասնող խումբը շարունակում էր հետեւել ինձ` խնդրելով, որ իրենցից էլ հարցնեմ անունը, տարիքը, դասարանը : Գավառի մանկատանը տվյալ ամսվա հոբելյարների ծննդյան տոները նշվում են ամսվա վերջում: Հուլիս ամսին ծնվածները 4-ն են: Ամսվա վերջում ճաշարանի սեղաններին կդրվեն տորթեր, կվառվեն մոմերը, եւ բոլորը կշնորհավորեն հոբելյարներին: Եվ որպեսզի տոնի գլխավոր դերակատարներն առանձնանան խմբից, նրանց հասանելիք տորթի կտորները կլինեն վարդով:

Սեդրակի ծննդյան օրը հուլիսի 11-ն էր: Լրացավ նրա 11 տարին, որից 5-ը նա ապրել է մանկատանը: Նրա անկողնու կողքի սեղանիկին դրված էին նվեր ստացած խաղալիքները: Միանգամից երեւում էր, որ նոր չեն` համարյա մաշված, բայց Սեդրակի համար շատ հաճելի էր դրանք ստանալ իր խմբի ընկերներից: «Գիտե՞ս, ես եմ էս փիսոն նվիրել»,- ասաց Կարենը, որն իր հերթին այդ խաղալիքը ստացել էր իր ծննդյան կապակցությամբ: Արդեն պարզ էր, որ «ծննդյան տոնի խաղալիքները» էստաֆետայի նման փոխանցվում են տվյալ ամսվա հոբելյարներին:

«Այստեղ լավ ա, հարմար ա, մենք ապահովված ենք»,- չէր հոգնում բացատրել Կարեն Քերիմյանը, որին հաստատ ինչ-որ մեկը համոզել էր դրանում: «Ես եկա մանկատուն 2005 թվականի նոյեմբերի 5-ին: Անունս Կարեն է, 6 տարեկան եմ, բայց ինձ Քերիմ ասա, իմ մականունն ա, որովհետեւ խմբում էլի երկու Կարեն կա: Մեկը՝ ես, մեկը՝ էն մյուս Կարենը, մեկը՝ էն մյուս»,- պարզաբանում էր Կարենը:

Ամսվա հոբելյարներից էր նաեւ Արտակը. հուլիսի 8-ին լրացավ նրա 11-ամյակը: «Ես Սեդրակին եմ նվեր տվել, Սեդրակը` ինձ»,- պատմում էր Արտակը, որը շատ գոհ էր նվերների փոխանակությունից. նրան բաժին էր հասել թռչող մարդու կերպարանքով զինվորիկը: Զգացվում էր, որ այն մանկատան տղաների խմբի ամենացանկալի նվերն է:

«Բայց ամենաշատը կուզեի սպիտակ ֆուտբոլի գնդակ ստանալ, որը 400 դրամով ծախում են մանկատան կողքի խանութի խաղալիքների բաժնում»,- ակնարկեց Սեդրակը, որն արդեն հասցրել էր նախօրոք տեղեկություններ հավաքել գնդակի վերաբերյալ: Մնում էր սպասել հարմար պահի:

«Մեր մյուս հոբելյարները հիմա ճամբարում հանգստանում են, բայց մինչեւ ամսվա վերջ կգան,- բացատրում էր Կարենը,- իսկ, օրինակ, իմ ծնունդը ապրիլի 24-ին է, գիտե՞ս, ես բանկում փող ունեմ»: Մինչ ես համոզում էի ամսվա հոբելյարներին մի փոքր պատմել իրենց մասին, 6-ամյա Կարենը ներկայացրեց իր կյանքի պատմությունը: «Պապաս ու ախպերներս Հրազդանում են, մամաս մահացավ, երբ ես ծնվեցի, ես բանկում փող ունեմ, բայց հլա չեմ որոշել, թե ինչ անեմ, կարեւորը ստեղ լավ ա, հարմար ա, մենք ապահովված ենք»:

Ինձ հանդիպած մանկատան փոքրիկները գրեթե միշտ խուսափում են խոսել իրենց ծնողների մասին, կամ էլ ասում են, որ ծնողներն այցելում են իրենց, բայց հետո մոռանում են իրենց անմեղ ստերի մասին եւ բռնվում` շփոթելով տարեթվերն ու իրադարձությունների հաջորդականությունը: Թեպետ Սեդրակն ամենից շատ երազում էր «լիքը զինվորիկներ ու ֆուտբոլի գնդակ» ստանալ, բայց խոստովանեց, որ կուզեր այս օրն իր տանը լիներ` Վարդենիսում, «մամայի հետ»:

Իսկ Կարենը, մեկ րոպե անգամ չլռելով, շարունակում էր. «Մեզ մոտ Հրանտ Դինքի կինն է եկել, «Unicef»-ը, ԱրմենՏելն ու ՎիվաՍելը, «Մեր հին ընկեր Դաշնակցությունը», Գրանդ Քենդին, Էջմիածնից հոգեւորականներ, Պոնչոն, Սամվել Բաղդասարյանը, Բելլա Քոչարյանը, ֆրանսիացիններ, իտալացիներ, չինացիներ ... Կարեւորը` ստեղ ապահովված ենք »:

Lուս. Նելլի Շիշմանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter