
Նոր Վերին Շեն
Իշխան Հովհաննիսյանը ութ տարի է Նոր Շահումյանի շրջանի Վերին Շենի գյուղապետն է:
Նա պատմում է, որ երբ տասը տարի առաջ գյուղի խմելու ջուրը քաշեցին, նախատեսված էր տասնութ ընտանիքի համար: Իսկ այժմ գյուղում ջուրը չի բավարարում: Թաղամասեր կան, որ ջուր չեն ստանում:
«Ջուրը գյուղի հիմնական խնդիրն է: Ակունքները 2 հազար մետր հեռավորության վրա են, ինքնահոս կարելի է հասցնել գյուղ: Մեր միջոցներով չենք կարող անցկացնել, եթե խողովակները եւ ջրամբարի շինանյութը տան, ես գյուղի ժողովրդին կհավաքեմ ու էդ աշխատանքները մենք կանենք»,- ասում է գյուղապետը:
Վերին Շենում ապրում են նաեւ քսան պայմանագրային զինծառայողների ընտանիքները: Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնպահությամբ եւ մեղվաբուծությամբ: «Վարկ եթե տան, շատ չէ` ասենք ամեն մեկիս մի հազար դոլարի չափով, տեղներիցս կշարժվենք, անասուն կառնենք, որովհետեւ չենք հասցնում մի բան առաջ գցել»,- ասում է մեզ շրջապատած երիտասարդներից մեկը:
Այնուհետեւ ցույց տալով դպրոցի նոր շենքը` գյուղապետն ասում է, որ այն կառուցել են Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղի` Սարատովում ապրող գործարար եղբայրներ Ջլավյանների միջոցներով` ի հիշատակ իրենց հոր: «Էդքան լավ դպրոց ունենք, սակայն դահլիճ չունենք, էդքան փոքր երեխաներ կան գյուղում, մանկապարտեզ չունենք,- ասում է գյուղապետը:- Այս տարի երկու երիտասարդ ուսուցիչներ ունենք, մեր գյուղից են գնացել սովորել, ետ են եկել: Գյուղում երկու ազատ տուն կա, նրանց ենք հատկացնելու, երկուսն էլ որոշել են ամուսնանալ»:
Վերին Շենը Նոր Շահումյանի շրջանի ամենամեծ գյուղն է, ունի 224 բնակիչ: Դպրոցում 62 աշակերտ է սովորում, իսկ նախադպրոցական տարիքի 34 երեխա կա:
Գյուղում վեց բազմազավակ ընտանիք կա: Ամենից շատ երեխաներ՝ 11-ը, ունի դպրոցի տնօրեն Շահեն Մարգարյանը: Կինը` Գայանեն, ասում է, որ շուտով ծնվելու է իրենց տասներկուերորդ զավակը: Նրանց ընտանիքը տեղափոխվել է Մարտունու շրջանի Վաղաշեն գյուղից: Գայանեն փախստական է:
«Դժվարը դպրոցի ժամանակ է, ութ երեխա պիտի ուղարկեմ դպրոց, էդքան կոշիկ, հագուստ, պայուսակ, տետր, չենք հասցնում, դժվարությունը շորերի մեջ է: Կոշիկները չենք հասցնում, երեխեքը շատ են վազվզում, դուրսն են անընդհատ, ու կոշիկ չի դիմանում, մի կոշիկը մի ամիս չի դիմանում: Երեխեքս խելոք են բոլորն էլ, օգնում են, ամեն մեկը մի բան անում է՝ փայտ բերել, անասունի հետեւից գնալ»,- ասում է Գայանեն:
Երբ 1995 թ.Գայանեն ամուսնու հետ Վարդենիսից տեղափոխվեց Նոր Շահումյան, վեց երեխա ունեին: Հինգ երեխաներն այստեղ են ծնվել: Ընտանիքը 84 հազար դրամ է ստանում երեխաների համար, Շահենի եւ Գայանեի աշխատավարձերն էլ հետը նրանք հասցնում են:
«Ամիսը երեք-չորս պարկ ալյուր ենք օգտագործում միայն, նայած՝ եթե սնունդը պակաս է լինում, չորս պարկ ենք օգտագործում: Երկու կով, երկու հորթ ունենք, երեխաների կաթը հերիքում է»,- շարունակում է Գայանեն:
Հարցնում եմ՝ ամենից շատ ինչի՞ց է նեղվում: «Կոշիկներից, շորերից երեխեքի, ինձ ու ամուսնուս էլ հաշվեք հետները, մի կերպ հասցնում ենք, ապրում ենք, էլի, լավ է»,- ժպտալով ասում է Գայանեն: Ութերորդ դասարանցի Արմինեն ընտանիքի ավագ երեխան է: Նա ասում է, որ որոշել է տարրական դասարանների ուսուցչուհի դառնալ եւ իրենց գյուղի դպրոցում դասավանդել:
Գայանեն եղբոր եւ երկու քույրերի հետ տեղահանվել է Ադրբեջանի Խանլարի շրջանից: «Այնտեղ մենք որբ էինք ութսունվեց թվականից: Քույրերիցս մեկը հիմա Կրասնոսելսկում է, մեկը՝ Տաշիրում, եղբայրս` Վարդենիսում: Քույրերիցս մեկին 1995 թվից չեմ տեսել»,- ասում է Գայանեն, ու աչքերը թրջվում են: Ստիպված փոխում եմ զրույցի թեման՝ տարբեր հարցեր տալով: Մինչ այդ, տանը մոտենալիս բանջարանոցում տեսել էի կարտոֆիլի մարգերը ու հարցնում եմ. «Ինչու՞ եք էսքան քիչ ցանել»:
«Էս տարի սերմ չունեցանք, սերմի պատճառով քիչ ցանեցինք»:
«Այս գյուղը սիրու՞մ եք»,- հարցնում եմ:
«Հա, մի քիչ մեր բնությանը մոտ է, հարմարվել ենք, տուն ունենք, աշխատանք ունենք: Որ ապրում ենք, լավ է, լավ է»,- ասում է նախկին փախստականը:
«Իսկ չե՞ք ուզում տեղափոխվել»:
«Չէ, ու՞ր տեղափոխվենք, ինչ ունենք՝ էս է, ոչ մի տեղ չենք գնա: Ինչքան ապրենք, էստեղ ենք ապրելու, երեխեքը սիրում են գյուղը»,- պատասխանում է Գայանեն:
Մեկնաբանել