Մեռնող շան աղեկտուր ոռնոցը դեռ երկար կհետապնդի կապանցիներին
2007 թ. Կապան քաղաքի բյուջեում թափառող կենդանիների դեմ պայքարելու համար 1 մլն դրամ է հատկացվել:
Իսկ բնության այդ անմեղ էակներից ազատվելու ձեւերից քաղաքապետարանն ընտրել է ամենադաժանը` սպանդը: Քաղաքապետարանը գումարը փոխանցում է համապատասխան լիազորություն ունեցող կազմակերպությանը, որն էլ տարին մի քանի անգամ, գիշերվա ժամերին, ելնելով բնակչության անվտանգությունից, իրականացնում է թափառող շների ոչնչացումը: Իսկ վաղ առավոտյան կոմունալ ծառայության մեքենաները սատկած կենդանիների դիերը տեղափոխում են: Հնարավոր է պատկերացնել, որ նման աշխատանքն այնքան էլ հեշտ չէ: «Մեկ կրակոցով կարելի է ոչնչացնել մեկ շուն, մնացածները փախչում են, թաքնվում: Դրանից հետո այդ տարածքում այլեւս նրանց գտնելն առաջիկա ժամերին հեշտ գործ չէ: Ստիպված ենք լինում գնալ մեկ ուրիշ թաղամաս` շների նոր խմբեր գտնելու համար»,- պատմում է սպանդն իրականացնող ծառայության աշխատակիցը:
Կապանի փոխքաղաքապետ Նորայր Հարությունյանն ասում է, որ թափառող կենդանիներ ասելով` նկատի ունեն նաեւ կատուներին: Սակայն գիտենք, որ կատուներն իրենց վարքագծով աննկատ են մնում մարդկանցից` ավելի քիչ են հանդիպում փողոցներում ու չեն անհանգստացնում բնակիչներին: «Իսկ շներն իսկական պատուհաս են դարձել մեր գլխին: Ինչքան շատ ենք պայքարում դրանց դեմ, տարեցտարի ավելացնում պայքարի համար նախատեսվող գումարները, այնքան կարծես թիվն ավելի է շատանում: Մեկ շունը տարեկան կարող է ունենալ 1-2-ից մինչեւ 12-18 ձագ: Պատկերացրեք, թե ինչ թվաբանական պրոգրեսիայով է աճում դրանց թիվը: Կյանքի տեւողությունն էլ 10-12 տարի է»,- ասում է փոխքաղաքապետը` հարց ուղղելով մեզ` «Ի՞նչ եք առաջարկում, ի՞նչ մեթոդներով պայքարենք դրանց դեմ»:
Այլ մեթոդներ, որոնց մասին մենք տեղյակ ենք, կիրառելու համար մեծ գումարներ են պետք, ինչն այսօր քաղաքապետարանը չունի: Կապան-Գլենդեյլ քույր քաղաքների համագործակցության շրջանակներում Գլենդեյլի պատվիրակությունը, Կապան կատարած այցի ժամանակ, խոստացել է ցանցեր տրամադրել` շներին բռնելու եւ քաղաքից դուրս բաց թողնելու համար: Սակայն, դա հարցի արդյունավետ լուծում չի կաող լինել: Ի՞նչ է պետք անել, եթե շներին պահելու համար միջոցներ չկան: Նախ` տեղի հարց է առաջանում, եւ երկրորդ` ինչո՞վ պետք է կերակրել դրանց: Բնակիչներն էլ այս գործում քաղաքապետարանին աջակցելու փոխարեն խանգարում են: Իրենց երեխաների հաճույքի համար շան ձագերին տուն են տանում, մի քանի ամիս պահում, հետո դուրս են հանում: Փողոց նետված, արդեն իսկ տնային պայմաններին հարմարված շները գլխացավանք են դառնում շրջապատի համար:
Տարվա ընթացքում քաղաքապետարանը թափառող շների վերաբերյալ բազմաթիվ դիմում-բողոքներ է ստանում բնակիչներից: Դրանք հիմնականում ստացվում են քաղաքի ծայրամասային թաղամասերից, որտեղ գիշերները շները խմբերով հավաքվում են շքամուտքերում, կիսաքանդ շինություններում, ավելի հաճախ` աղբանոցներում, եւ ողջ գիշեր իրենց հաչոցներով ու ոռնոցներով խանգարում մարդկանց հանգիստը: Երբեմն էլ անսպասելի հարձակվում են անցորդների, հիմնականում երեխաների վրա: Պարզվում է` թափառող շները մեծ վտանգ են ներկայացնում նաեւ քաղաքի ծայրամասային թաղամասերին հարակից թփուտներում եւ անտառներում բնակվող նապաստակների ու ոզնիների համար: Դրանցով շները սնվում են:
Անցած տարի արձանագրվել է շների ոհմակների` օրը ցերեկով մարդկանց վրա հարձակվելու հինգ դեպք: Տուժողներից ոմանք ստիպված են եղել ստացիոնար բուժում ստանալ հիվանդանոցում: Բարեբախտաբար, կատաղության դեպքեր չեն եղել: Իրենց առողջությանը հասցված վնասի համար տուժողները, բնականաբար, փոխհատուցում չեն ստացել:
Թափառող շները վտանգավոր են մեկ այլ առումով եւս: Հայտնի է, որ այդ կենդանիները հիվանդանում են բազմաթիվ վարակիչ հիվանդություններով: Վարակը նրանք կարող են ձեռք բերել աղբանոցներից, հետո խաղալով երեխաների հետ` փոխանցել նրանց: Վարակի տարածմանը նպաստում է նաեւ մեկ այլ երեւույթ. ամառվա տապին երեխաները (հիմնականում տղաները) ցերեկները հաճախ են լողանում շատրվաններում` առանց մտածելու, որ գիշերներն էլ այստեղ լողանում են թափառող շները:
Կապանում գործող «Խուստուփ» բնապահպանական կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը թափառող շների խնդիրն, իրոք, մտահոգիչ է համարում, սակայն մինչ այսօր իրենց կազմակերպությունն այդ հարցը լրջորեն քննարկելու առիթ չի ունեցել: Վ. Մարտիրոսյանը հիշում է, որ խորհրդային տարիներին նույնպես թափառող կենդանիների հարցն այդ կերպ են լուծել: «Մի տարի էլ քաղաքում ագռավներն այնքան էին շատացել, որ գործկոմը որոշում է կայացրել այս խնդիրը եւս լուծել սպանդի միջոցով: Ու այդպես էլ արվել է: Ոչ մի բողոք, ոչ մի դժգոհություն չի եղել, անգամ բնակիչներն էին գոհ, չէ՞ որ վերջապես ազատվել էին իրենց անհանգստացնող փետրավորներից,- ցավով նշում է կազմակերպության նախագահը:
ՀԿ նախագահը կարծում է, որ, իրոք, պահը հասունացել է մեր երկրում խնդրին այլ լուծում տալու համար: Նրա կարծիքով` Կապանում թափառող շների թիվը շատ չէ` մի քանի հարյուր, ինչն իրեն թույլ է տալիս ասելու, որ ֆինանսական աջակցության դեպքում պատրաստ են կազմակերպել շների պահպանությունը հատուկ առանձնացված տեղերում: «Դա շահութաբեր գործ չէ, ոչ մեկին չեն հետաքրքրում մեր շները: Խառնածին, ոչ ազնվացեղ շների այս տեսակները որեւէ նպատակի համար օգտագործել չեն կարող, բայց քաղաքի համար արդեն իսկ հիմնախնդիր դարձած հարցը գոնե ոչ դաժան եղանակով կլուծվի: Կենդանիների սպանդը, որքան էլ դրա նկատմամբ անտարբեր լինեն բնակիչները, միեւնույն է, իր ազդեցությունն է թողնում մարդկային հոգեբանության վրա, հատկապես աճող սերնդի»,- ավելացնում է Վլադիկ Մարտիրոսյանը:
Վերջինիս ասելով` բնակիչների գերակշիռ մասն անտարբեր է այս հարցի նկատմամբ: Նրանք կարծում են, որ եթե շունն այսօր իրենց նեղություն է տալիս, ուրեմն պետք է ոչնչացնել, այլ մեթոդներ կիրառել պետք չէ, իզուր մեծ գումարներ կծախսվեն, մինչդեռ դրանք կարող են ներդրվել քաղաքում առկա առավել կարեւոր խնդիրներ լուծելու համար: Կապանում ԵԱՀԿ-ի հիմնադրած բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի գրասենյակի աշխատանքները համակարգող Աշոտ Ավագյանի ասելով` մինչ այժմ իրենք եւս այս խնդիրը քննարկելու առիթ չեն ունեցել: «Միանշանակ մերժում եմ կենդանիների սպանդը, սա հարցի լուծում չի կարող լինել: Պետք է մտածել այլ մեթոդների մասին: Այո, դա մեր կողմից բացթողում է, եւ կենտրոնն անպայման պետք է կազմակերպի հասարակական լսումներ նաեւ այս հարցի շուրջ»,- խոստացավ Աշոտ Ավագյանը:
Այսօր էլ քաղաքի փողոցներում անարգել թափառում են շները` խմբերով կամ միայնակ, իրարից տարբեր` մարմնի չափերով ու կառուցվածքով, գույնով, մազածածկույթով: Ապրում են իսկական շան կյանքով, ձմռան ամիսներին մրսած, համարյա միշտ կիսաքաղց, սնվում են հիմնականում աղբանոցներից, բնական պահանջները բավարարում որտեղ պատահի՝ քաղաքի հրապարակներում, մարդաշատ վայրերում, մայթերին, կանաչ գոտիներում:
Կապանում հատուկենտ ընտանիքներ են տանը շուն պահում: Միգուցե պատճառն այն է, որ դա թանկ հաճույք է, ինչն իրենց թույլ չեն տալիս կապանցիները: Հուսանք, որ, իրոք, պատճառը սոցիալական է, եւ ոչ թե կենդանու նկատմամբ քաղաքում ձեւավորված համատարած հակակրանք: Որոշ թափառող շներ, երկար ժամանակ ապրելով նույն բակում, դառնում են բնակիչների սիրելին, անգամ ունենում են իրենց անունները: Առավոտյան երեխաներին ուղեկցում են դպրոց, խաղում նրանց հետ, սնվում տանտիրուհիների` պատշգամբից նետած կերակրի մնացորդներով: Սակայն այս շները եւս պաշտպանված չեն մարդկանց հալածանքներից: Հաճախ զվարճանալու համար երեխաները շների պոչից պահածոյի դատարկ տուփեր են կապում, ծեծում են մահակով, կտրում են պոչը, ականջները: Մի տեսակ արդեն ձեւավորված վատ վերաբերմունք կա մարդու մեջ դեպի շունը:
Կապանցիներից շատերի համար երեւի դժվար է պատկերացնել, որ այսօր աշխարհի շատ ու շատ երկրներում շան նկատմամբ վերաբերմունքն այլ է, որ աշխարհի շատ երկրներում գործում են սիրող-շնաբույծների միություններ, ակումբներ, ընկերություններ: Դրանցից ամենահինը գործում է Բրիտանիայում` 1873 թվականից: ԱՄՆ-ում գործում է շնաբույծների (կինոլոգների) միջազգային ֆեդերացիա, որը պարբերաբար կազմակերպում է շների համաշխարհային ցուցահանդեսներ, մրցույթներ եւ հաղթողներին պարգեւատրում մեդալներով ու զանազան մրցանակներով:
Կենդանու նկատմամբ, արդեն սովորություն դարձած, դաժան վերաբերմունքի պատճառներից մեկն էլ այն է, որ դրա համար մեր երկրում պատիժներ եւ տուգանքներ սահմանված չեն: Մինչդեռ արտասահմանյան շատ պետություններում կենդանու նկատմամբ վատ վերաբերմունքի համար քաղաքացուն անգամ ենթարկում են ազատազրկման:
Իսկ Կապանում, քանի դեռ քաղաքային բյուջեն թույլ չի տալիս շներից ազատվելու հարցի լուծման այլ մեթոդների կիրառում, քան սպանդն է, բնակիչները ստիպված են գիշերները սարսափահար արթնանալ հրացանի կրակոցներից եւ ակամա, կեսքուն-կեսարթուն ունկնդրել վիրավոր, մեռնող շան աղեկտուր ոռնոցը:
Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ
Գոհար Իսախանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել