Հաշմանդամներն ուզում են ապրել բոլորի հետ ու բոլորի նման
Սյունիքի մարզում հաշվառված է 9146 հաշմանդամ, որից 2697-ը` երեխա
Գորիս քաղաքի բնակչուհի, մանկուց կույր 21-ամյա Նարինե Աղասյանը չի վհատվել եւ երբեք չի մեկուսացել շրջապատից:
Հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գորիսի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժինը, ամուսնացել, մայր դարձել: Այս հաջողություններին Նարինեն հասել է ուժերի գերլարումով, ստիպված է եղել հանդուրժել նաեւ որոշ դասախոսների «խորհուրդները», թե նրա ինչին են պետք գիտելիքները:
Հատկապես հեռավոր մարզերում միշտ չէ, որ հաշմանդամները կարողանում են դրսեւորվել, կայանալ հանրության շրջանում: Գորիսի պետական համալսարանի ուսանողուհի Լիլիթ Աթասունցը կամավոր տնային պարապմունքներ է անցկացնում հաշմանդամներ 10-ամյա Գայանե Ավանեսյանի եւ 16-ամյա Ղազար Ղազարյանի հետ: Վերջինս երազում է Գորիսում հաշմանդամ երիտասարդների զարգացման կենտրոն հիմնադրել, որտեղ հաշմանդամները կկարողանային կազմակերպել իրենց առօրյան: Լիլիթի համար հաճելի է այդ երեխաների հետ աշխատելը. անկարող մարդկանց օգնելը նա աստվածահաճո գործ է համարում: Նրա օրինակը, սակայն, եզակի է:
Մ անկուց հաշմանդամ ոչ բոլոր երեխաներն են ընդգրկված հանրակրթական եւ հատուկ ուսումնական հաստատություններում: Լիարժեք չի կազմակերպվում նաեւ հաշմանդամ երեխաների տնային ուսուցումը, բացակայում են նախադպրոցական ինտեգրված մանկական հաստատությունները, փոքր է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող մանկավարժների թիվը :
«Ես պետք է տնային ուսուցում անցկացնեի հենաշարժողական խնդիրներ ունեցող 10-ամյա մի տղայի հետ: Ծնողները, երեխայի վիճակից ելնելով, նրան երբեւէ ոչինչ չեն մերժել, մեծացել է իր հասակակիցներից մեկուսացած, շրջապատից կտրված, ուստի նրա քմահաճությունների, կամակորության պատճառով պարապմունքներն ընդհատվեցին»,- պատմում է ուսուցչուհի Գայանե Ղահրամանյանը: Նրա կարծիքով` եթե պայմաններ ստեղծվեին, որպեսզի հաշմանդամները հնարավորություն ունենային շփվել իրենց հասակակիցների հետ, նրանք այդքան նյարդային չէին լինի, անլիարժեքության բարդույթն ավելի չէր օտարացնի նրանց արտաքին աշխարհից:
Իսկապես, տարածաշրջանում հանրակրթական ու հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները, դասասենյակները հարմարեցված չեն հաշմանդամ երեխաների պահանջներին, բավարար չեն ծրագրերը, չկան հատուկ դասագրքեր: « Ո՛չ նորակառույց, ո՛չ էլ վերանորոգվող դպրոցների նախագծերում այդպիսի հարմարություններ չեն նախատեսվում , ու նման հրահանգներ էլ չունենք»,- հավելում է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Ժորա Բաբայանը:
Կապանի թիվ 1 հատուկ դպրոցի տնօրեն Նորա Բաղդասարյանի տեղեկացմամբ` դպրոցում սովորում է 32 հաշմանդամ երեխա, եւ բոլորն էլ ինքնուրույն են դպրոց հաճախում: Նրա ասելով` տնային ուսուցումը շատ տնօրեններ մեծ դժգոհությամբ են ընդունում, որովհետեւ տարվա կտրվածքով մեկ երեխայի հետ պարապող ուսուցչի համար նախատեսված է 500 հազար դրամ, որը «ձեռնտու» չէ հատկապես աշակերտների թվով ֆինանսավորվող դպրոցներին: Նման իրավիճակը դժվար է նաեւ հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքների համար: «Ընտանիքում հաշմանդամ երեխա ունենալն ինքնին սոցիալական անապահովություն է ստեղծում, որովհետեւ մասնագիտացված հատուկ խնամքը, բուժումը լրացուցիչ ծախսեր են պահանջում, ինչը հասանելի չէ շատ ընտանիքների: Բացի այդ, հայտնի է նաեւ, որ առավել հաճախ հաշմանդամ երեխաներ ծնվում են անապահով ընտանիքներում, եւ նրանց հետագա խնամքի համար բավարար միջոցներ չկան»,- նկատում է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նաիրա Ավանեսյանը:
Քիչ հոգսեր չունեն նաեւ չափահաս հաշմանդամները: Գորիս քաղաքի բնակչուհի 49-ամյա Սվետլանա Համբարձումյանը տառապում է շարունակական ձեւախեղումներով ուղեկցվող հոդախախտումով: Հարազատներից լքված այս կինն անգամ ապրելու տեղ չունի, նրա խոսքով` թոշակը հազիվ դեղերին է բավարարում, թեպետ «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի 2-րդ գլխի 11-րդ հոդվածով նա պետք է անվճար դեղորայք ստանա: Գորիսի բարեգործական ճաշարանի սոցաշխատող Արմենուհի Չիրոյանի ասելով` նա ճաշարանի 22 հաշմանդամ ա յցելուներից մեկն է: Գորիսում շուտով ավարտին կհասցվեն միայնակ ծերերի համար կառուցվող սոցիալական շենքի աշխատանքները, սակայն Սվետլանա յի տարիքը չի համապատասխանում, որպեսզի նա էլ բնակարանով ապահովվի:
2006 թ. ապրիլի 5-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է «Հաշմանդամների իրավունքների եւ հասարակության մեջ լիակատար մասնակցության վերաբերյալ գործողությունների ծրագիր» (2006) Հանձնարարականը, որի 3.6.3 կետի համաձայն` Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունները պարտավոր են մշակել հաշմանդամների համար միջավայրի մատչելիությունն ապահովող օրենսդրական ակտեր: Որքանո՞վ այդ փաստաթղթերի ընդունումը կնպաստի հեռավոր մարզի հաշմանդամների խնդիրների լուծմանը, մասնավորապես նրանց համար աշխատատեղերի ապահովմանը, դժվար է ասել:
Ինչպես հանրապետության ողջ տարածքում, Սյունիքում նույնպես հաշմանդամների զբաղվածության ցուցանիշը բավական ցածր է: Զբաղվածության տարածքային գործակալություններում գործազուրկների համար կազմակերպվող մասնագիտական դասընթացների մասնակիցների մեջ հաշմանդամները փոքր թիվ են կազմում, քանի որ, ինչպես համապատասխան կառույցների ղեկավարներն են հաստատում, գործատուները հրաժարվում են հաշմանդամներին աշխատանքի ընդունել: Խնդրի լուծմանը չեն նպաստում նաեւ անցած տարի մի քանի իրավական ակտերում կատարված փոփոխությունները, որոնց նպատակն էր շահագրգռել գործատուներին` հաշմանդամներին աշխատանքի ընդունելու համար:
Սիսիան քաղաքի բնակչուհի Արուսյակ Հովհաննիսյանը, որը գրադարանավարուհի է աշխատում, 1-ին կարգի հաշմանդամ է: Ուրախ է, որ զբաղմունք ունի, սովորական մարդկանց նման առավոտյան շտապում է աշխատանքի, իրեն ինքնավստահ է զգում հասարակության մեջ, ապրում է նրանց հետ ու նրանց նման: «Այն, որ ես աշխատանք ունեմ, օգնում է, որ մոռանամ իմ խնդիրների մասին, ինձ լիարժեք մարդ զգամ: Միայն զբաղվածությունը կարող է օգնել հաշմանդամներիս, որ կարողանանք հաղթահարել անլիարժեքության բարդույթը»,- ասում է նա:
Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայ ա ստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ
Արփինե Մկրտչյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել