HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթարված խողովակների պատճառով Գորիսը նորմալ ջուր չի ստանա

2004 թ. նոյեմբերից ֆրանսիական SAUR կազմակերպությունը 5 տարի ժամանակով շահագործման է վերցրել ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի շահագործում (ՋՋՀՇ) «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Գորիսի տեղամասը:

Գորիսի տեղամասն ունի 42 աշխատող, սպասարկում է Գորիս քաղաքն ու հարակից 6 գյուղերը (Շինուհայր, Հարթաշեն, Քարահունջ, Խոտ, Հարժիս, Հալիձոր):

Այն հարցին, թե երբ է կառուցվել Գորիսի ներքին ջրային ցանցը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Գորիսի տեղամասի պետ Վրույր Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել` ասելով, թե քաղաքի պատմության վավերագրերում տվյալներ չկան այդ մասին: Անգամ քաղաքային իշխանությունը ստույգ չի կարող ասել, թե ջրամատակարարման ցանցը երբ է ստեղծվել, երբ է առաջին անգամ մարդկանց տները ջուր մտել: Բանավոր զրույցներում խոսվում է այն մասին, որ Գորիսի ջրային ցանցը կառուցվել է 1950-ական թվականներին: Այդ ժամանակներից մինչ օրս որեւէ մոնիտորինգ չի իրականացվել` պարզելու համար, թե տասնամյակներ անց ինչպիսի վիճակում է 20 հազարից ավելի բնակիչ ունեցող քաղաքի ջրամատակարարման ցանցը:

Վ. Հովաննիսյանը պատմեց, որ երբ ֆրանսիացիները շահագործման վերցրին ջրային ցանցը, փորձեցին որեւէ կերպ գնահատել ջրային խողովակների, ներքին ցանցի վիճակը, սակայն դրա համար հարկ կլիներ քանդել ջրագծերի մի ամբողջ հատված : Իրականում, ինչպես հաստատեց տեղամասի պետը, ջրագծերի վիճակն անմխիթար է, ենթակա հրատապ փոխման: 2004 թ. սկսած` ֆրանսիացիների աջակցությամբ մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:

Ավանգարդ թաղամասում տեղադրվել են պոլիէթիլենային խողովակներ, որոնք բավականին երկար կարող են ծառայել, բայց, ընդհանուր առմամբ, ջրի խողովակների տեխնիկական վիճակը ծայրահեղ է, թե՛ սանիտարական, թե՛ տեխնիկական առումով ցանցը որեւէ չափանիշի չի բավարարում: Նաեւ այդ է պատճառը, որ քաղաքի տարածքում 13 տեղ խմելու ջրագիծը հատվում է կոյուղու գծերի հետ:

«Քաղաքի ջուրը խմելու համար պիտանի չէ, ջրում հազարավոր միկրոբներ կան, քանի որ Գորիսի ջրային ցանցը վաղուց է կառուցվել, իսկ տարիների ընթացքում առանց թույլտվության շատերը, ինչպես կարողացել են, միացումներ են կատարել գլխավոր ջրատարից: Հասկանալի է, որ հաճախ ապօրինի միացումները կատարել են ոչ մասնագետները, նաեւ այդ պատճառով է, որ այսօր խմելու ջրին խառնված է ամեն ինչ` գոմաղբ, կեղտաջուր: Վերջերս մի կին ցույց տվեց իրենց խմելու ջուրը, որը ողողված էր գոմաղբով»,- պատմում է մասնագիտությամբ շինարար Մելս Բարխուդարյանը: Նրա կարծիքով` երբ խմելու ջուրը ցանցից անջատում են, ջուրը մնում է խողովակներում, ժանգոտում, կեղտաջրի վերածվում, քայքայում խողովակները, որի հետեւանքով էլ միշտ առկա է տարբեր հիվանդությունների վտանգը: Համեմատաբար ապահով են թուջե խողովակները, իսկ ամբողջ Գորիս քաղաքում միայն Անկախության փողոցն է սպասարկվում թուջե խողովակներով, մյուսները երկաթից են:

«Տարիներ առաջ,- շարունակում է պարոն Բարխուդարյանը,- երբ աշխատում էի Գորիսի քաղաքապետարանում, ցանցի վերակառուցման համար այն ժամանակվա քաղաքապետ Սուրեն Խաչատրյանի հետ բազմիցս դիմել ենք կառավարություն, նաեւ ջրային ներքին ցանցի փոխման նախագիծ էի պատրաստել: Դրանից 15 տարի է անցել, իսկ, եթե երեք տարում նախագիծը չի հաստատվում, պետք է նորը նախագծել»: Նրա հաշվարկներով` քաղաքի ջրային ներքին ցանցը փոխելու համար 5 մլն դոլար ու մոտ 40 կմ խողովակ է պետք: «Այսօր Գորիս քաղաքում ամենակարեւոր, հրատապ խնդիրը ջրամատակարարումն է: Հնացած խողովակների կողքին նաեւ բավարար չափով քլորացում չի կատարվում»,- կարծիք է հայտնում Մ. Բարխուդարյանը:

Վերջինիս հետ համամիտ չէ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Գորիսի տեղամասի պետը: Վրույր Հովհաննիսյանը պնդում է, որ քլորացում կատարվում է ամեն օր, քլորակայանում տեղադրված գերմանական սարքավորման միջոցով` ավտոմատ կարգով: Անվտանգության նկատառումներով քաղաքի քլորակայանի գտնվելու վայրը հրապարակման ենթակա չէ, սակայն, ինչպես պնդեց ջրամատակարարման բնագավառում փորձառու մասնագետ պրն Բարխուդարյանը, այն հեռավորությունը, որի վրա գտնվում է քլորակայանը, չի կարող բավարար չափով վարակազերծել քաղաքին մատակարարվող ջուրը: Նրա խոսքով` ինչպիսի արտասահմանյան սարքավորումով էլ ապաահովված լինի կայանը, անհրաժեշտ արդյունք չի կարող տալ, քանի որ կես ժամվա ընթացքում քլորն իր ազդեցությունը կորցնում է, եւ ջուրը սպառողին է հասնում առանց քլորի:

«Զարմանում եմ, որ մեզ համար հույժ կարեւոր խնդրին, կարծես թե, բոլորը մատների արանքով են նայում,- իր մտահոգությունն է հայտնում պարոն Բարխուդարյանը: Վստահ եմ, որ շատ իրավասու մարդիկ են տեղյակ, թե այսօր ինչպիսի պայմաններում է ջուր ստանում գորիսեցին, կամ ինչպես է կոյուղին խառնվում Վարարակն գետին, որի ջրերով են ջրվում մարդկանց տնամերձ հողամասերը, բայց, կարծես թե, խնդիրը լուծելու համար անհանգստանալու, կոնկրետ քայլեր ձեռնարկելու նախաձեռնություններ չկան»: Նրա աելով` անհիմն են այն կարծիքները, թե նման խողովակաշարերով աղտոտված ջուր ստանալու վտանգը հնարավոր է կանխել շուրջօրյա ջրամատակարարում ապահովելով: «Գորիսը, եթե Վոլգա գետից էլ ջուր ստանա, միեւնույն է, վթարված խողովակների պատճառով գորիսիեցին մաքուր ջուր չի ստանա»,- ասում է նա:

Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայ ա ստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Աննա Դանիլյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter