HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ հասարակությունը գեյերին թշնամի է համարում

20-ամյա Ռուբենը Երեւանի միակ գեյ-ակումբի բարմենն է եւ այն երեք տղաներից մեկը, ով երեւանյան գիշերային ակումբներում սթրիփթիզ է պարում:

Ռուբենն ընտանիքից գաղտնի է պահում իր աշխատանքի բնույթը, միայն մի քանի ընկերներ գիտեն այս մասին: Եվ այդ մի քանի ընկերներն էլ գիտեն, որ նա տղայի է սիրում:

«Դպրոցի ավարտական դասարանում արդեն ծնողներս կասկածներ ունեին իմ սեքսուալ հակումների վերաբերյալ, եւ շատ կռիվներ եղան մեր տանը: Հիմա այդ մասին չենք խոսում, կարծում են, թե փոխվել եմ: Իսկ աշխատանքիս մասին գիտեն, որ մի ակումբում բարմեն եմ, բայց չգիտեն, որ դա գեյական է, սթրիփթիզի մասին անգամ խոսք լինել չի կարող»,- ասաց Ռուբենը:

Ռուբենն ուսանող է, ապագա տնտեսագետ: Ասում է, որ պարից գրեթե գումար չի վաստակում, քանի որ տղամարդկանց սթրիփթիզի երեկոներ շատ քիչ են կազմակերպվում, սակայն գումար վաստակելու խնդիրը նրա համար դեռ ամենաբարդը չէ: Նա պատմում է, որ ամենամեծ դժվարությունն իր համար եղավ այն, որ հաղթահարեց ծնողների հետ վեճերի շրջանը եւ հաշտվեց:

«Երբ ծնողներս իմացան այդ մասին, ինձ մեկուսացրին, հետս չէին խոսում, անընդհատ ճնշում էին, ու ես հոգեկան ծանր վիճակում էի: Ես ագրեսիվ էի ու վատ մարդ էի դառնում, որովհետեւ, պատկերացրեք, դու ապրում ես մի աշխարհում, որտեղ քեզ չեն ընդունում»,- ասաց Ռուբենը:

Միասեռականների նկատմամբ ճնշումներն ու անհանդուրժողականությունը, որը հաճախ վերածվում է թշնամանքի, հայ հասարակության կարծրատիպերից են: Այս մասին է վկայում Երեւանի կենտրոնում տարբեր տարիքի 100 մարդկանց միջեւ անցկացրած մեր հարցումը:

Այսպես` հարցվածների 53 տոկոսը թշնամանքով է վերաբերվում միասեռականներին, 40 տոկոսը հանդուրժող վերաբերմունք ունի, 4 տոկոսը լավ է վերաբերվում, իսկ 3 տոկոսը դեռ կողմնորոշված չէ: «Ձեր երեխան միասեռական լինելու դեպքում ի՞նչ կանեիք» հարցին հարցվածների 73 տոկոսը պատասխանեց, որ չի ընդունի որպես երեխա եւ կդադարի շփվել:

Հոգեբան Դավիթ Ամիրյանը կարծում է, որ հայ հասարակության այս կեցվածքը հատուկ է հետխորհրդային բոլոր երկրներին:

«Չիմացության եւ միասեռական հարաբերությունների մասին սխալ պատկերացումների պատճառով հայերը հիմնականում այն զուգորդում են այլասերման հետ եւ համարում, որ մեր ազգին բնորոշ չէ հենց այս պատճառով»,- ասում է հոգեբանը: Նա նաեւ պարզաբանեց, որ միասեռական հակումները կարող են դրսեւորվել տարբեր տարիքում, եւ միասեռականներին հասկանալու համար կարեւոր է ճիշտ պատկերացում ունենալ երեւույթի մասին ընդհանրապես:

Միասեռականության մասին միանշանակ կարծիք ունի Հայ Առաքելական եկեղեցին: Սուրեն դպիր Ներսիսյանի հավաստմամբ` եկեղեցին այս մարդկանց նայում է որպես հիվանդների եւ պատարագներին թույլ չի տալիս հաղորդություն ստանալ, որովհետեւ համարում է, որ մեղքի մեջ են: Եթե անգամ զղջում էլ է, ուրեմն ապաշխարության շրջանում է, եւ էլի չեն կարող հաղորդություն ստանալ (իհարկե, «եթե եկեղեցին իմանում է վերջինիս շեղումների մասին»):

«Այս մարդիկ պիղծ չեն, նրանց մեջ պղծություն կա, գուցե ի ծնե, եւ վերջերս էլեկտրոնային փոստով նամակ գրած մի միասեռականի մենք խորհուրդ տվեցինք ավելի մոտենալ Աստծուն, ապաշխարել»,- ասաց Սուրեն դպիրը:

Սուրեն դպիր Ներսիսյանի հավաստմամբ` ողջ քրիստոնեական աշխարհը նույն վերաբերմունքն ունի միասեռականների նկատմամբ, բացառություն է Մեթոդիստ եկեղեցին Ամերիկայում, որը պսակադրում է միասեռականներին, եւ որի հետեւորդների 40%-ը 2000 թվականին տեղի ունեցած համաժողովի ժամանակ հավանություն էր տվել արվամոլ ձեռնադրելուն:

51-ամյա Գեւորգը հաջողակ բիզնեսմեն է: Նա ասում է, որ հիմա, երբ ընկերություն է անում 17-ամյա մի տղայի հետ, նույն զգացմունքներն ունի, ինչ տարիներ առաջ իր կնոջը սիրահարվելիս: Գեւորգն իր այդ հակումները բացահայտել է մի քանի տարի առաջ, կնոջ եւ երեխաների հետ երկար ապրելուց հետո:

«Գեյական սերն ավելի բնական եմ համարում, որովհետեւ երկուսն էլ նույն սեռից են, իրար ավելի լավ են հասկանում եւ բնական են պահում: Թող ինձ ներեն աղջիկները, բայց նրանք երբեք մինչեւ վերջ անկեղծ չեն լինում»,- ասաց Գեւորգը: Նա համաձայնեց մեզ հետ խոսել իր բնակարանում, որտեղ, իր խոսքերով, ես մուտք գործած առաջին «նատուրալ» աղջիկն էի:

Նա պարզաբանեց, որ միասեռական հակումներ միշտ էլ ունեցել է, իսկ առիթը եղավ այն, որ ընտանեկան վեճերը, սեռական անբավարարվածությունը հոգնեցրին իրեն: Գեւորգը կնոջից օրինական չի բաժանվել, բայց միասին չեն ապրում, իսկ երեխաների հետ ամեն շաբաթ հանդիպում է: Ասում է, որ փոքր երեխան երեւի ոչ, բայց մեծերը գլխի են ընկնում իր հակումների մասին, քանի որ մտերիմ են եւ շատ ժամանակ են իրար հետ անցկացնում:

«Ես կուզենայի այդ մասին բացահայտ հայտարարել, որովհետեւ կարծում եմ, որ արտառոց բան չեմ անում, բայց դե ընտանիք, շրջապատ, աշխատանք, ես չեմ ուզում կորցնել իմ ձեռքբերումները բիզնեսում, հին ընկերներիս հետ կիսվել չեմ կարող»,- ասաց Գեւորգը եւ պատմեց, որ իր վարձած բնակարանում շատ հաճախ հավաքույթներ է կազմակերպում, նեղ շրջանակով հավաքվում են այնտեղ, ու դա իրենց գաղտնիքն է:

Դեռ հինգ տարի առաջ Հայաստանում միասեռականությունը քրեորեն պատժելի արարք էր համարվում, եւ միասեռականները ոստիկանության աշխատակիցների մշտական թիրախն էին, անընդհատ ձերբակալում էին, մեծ գումարներ վերցնում: Այսօր ոստիկանությունը չի ձերբակալում միասեռականներին, սակայն նրանք շարունակում են գաղտնի հավաքվել եւ նախընտրում են թաքցնել իրենց միասեռականությունը:

Գեւորգն ասում է, որ մի քանի ակումբներ կան, որտեղ կարող են իրենց ազատ զգալ, իսկ շատ միասեռականներ դրսում են հավաքվում, ինչը, նրա կարծիքով, ցածր մակարդակով է կազմակերպվում, եւ իր ընկերների հետ նա չի մասնակցում այդ հավաքներին:

«Շատերը վախենում են անգամ ակումբ գալ, ասում են` կճանաչեն: Ես էլ ասում եմ` ախր դու էլ իրենց կճանաչես, չէ՞: Հետո` ակումբում կիսելու ոչինչ չունենք եւ համերաշխ ենք լեսբիների հետ էլ»,- ասաց Գեւորգը:

Գեյ-ակումբի բարմեն Ռուբենը նշում է, որ սովորական օրերին 10-15 հոգի է լինում ակումբում, երեկույթներին ու հատուկ օրերին` 50-ից ավելի, անգամ կանգնելու տեղ չի լինում: Նշենք, որ Պետական ռեգիստրի գործակալության տրամադրած տվյալներով` մինչեւ հիմա իր բնույթով միասեռական ոչ մի ակումբ պաշտոնապես գրանցված չէ, դրանք գործում են այլ գրանցումով ու նեղ շրջանակների համար:

Մեզ հանդիպած բոլոր միասեռականների հավաստմամբ` շփվելու լավագույն միջոցն Ինտերնետն է, որտեղ շատերը ծանոթացել են իրենց զուգընկերների հետ: Հայ միասեռականների ծանոթության ինտերնետային կայքում 1764 միասեռական է գրանցված, որից 1306-ը գեյ է, 342-ը` բիսեքսուալ, 94-ը` լեսբուհի, եւ 22-ը` տրանսվիստիտ: Նրանք իրենց հայտարարություններում հիմնականում զուգընկեր են փնտրում ինտիմ հարաբերությունների համար, հաճախ էլ պարտադիր նախապայման են նշում գաղտնիության պահպանումը:

Մենք փորձեցինք հայտարարություն տվածներից մի քանիսի հետ շփվել ու նամակ գրեցինք: Պատասխանեցին բոլորը, բայց հանդիպել համաձայնեց մի սփյուռքահայ, որը երկու շաբաթով Երեւանում էր: Նա էլ պատմեց, որ մի քանի տարի առաջ դաժանորեն ծեծել են բանակում ծառայող իր ընկերոջը, եւ նա զորացրվելուց հետո բնակության է տեղափոխվել արտասահման` իր մոտ:

«Մի անգամ հետեւիցս անշնորհք բառ գոռացին, ես էլ ձեւացրեցի, թե հայերեն չեմ հասկանում, տհաճ էր այդ պահը»,- պատմեց Դարոնը եւ ավելացրեց, որ հայ գեյերի համար ամենադժվարը զինվորական ծառայությունն է:

Բանակում ծառայող իր ընկերների մասին խոսեց նաեւ Գեւորգը, ով պատմեց, որ իր ընկերոջ նկատմամբ ճնշումները դադարել են այն բանից հետո, երբ բոլորին հայտարարել է իր` միասեռական լինելու մասին, եւ բոլորը` սկսած հրամանատարներից, զգույշ են, որ հանկարծ դեպք չպատահի նրա հետ եւ պատասխանատվության չենթարկվեն:

«Վիրավորականն այն է, որ նրա բաժակն ու ափսեն առանձնացրել են ու չեն դիպչում, բայց դիմում են սեռական ցանկություններին հագուրդ տալու համար»,- ասում է Գեւորգը: Նա այլ ընկերներ էլ ունի, որոնց ծառայությունը նորմալ է անցել, որովհետեւ չեն իմացել:

«Ե՞րբ մեր հասարակությունը հանդուրժող կդառնա միասեռականների նկատմամբ» հարցին մեր զրուցակիցները տարբեր պատասխաններ տվեցին: «Միասեռականների խնդիրը մոտակա ժամանակներս չի լուծվի Հայաստանում, որովհետեւ ժողովրդի այդ մտածելակերպը երկրի ղեկավարության ցանկությունն է»,- կարծում է Գեւորգը:

Ռուբենն ասում է, որ Հայաստանն ինչ-ինչ առումներով Ռուսաստանի ազդեցության տակ է, եւ եթե համեմատաբար զարգացած Ռուսաստանում դեռ չեն ընդունում միասեռականներին եւ արգելում են գեյ- պարադը, ապա Հայաստանում դեռ շուտ է խոսել խնդրի կարգավորման մասին: Դարոնն էլ նշում է, որ ցավալին իր հասակակիցների թշնամական վերաբերմունքն է, տարեցների անհանդուրժողականությունն իրեն չի հուզում:

Հոգեբան Դավիթ Ամիրյանը կարծում է, որ տարիներ հետո կփոխվի սեռական փոքրամասնությունների նկատմամբ թշնամական վերաբերմունքը: Իսկ մինչ այդ նա ներկայացնում է սոցիոլոգիական հարցման տվյալներ, ըստ որոնց` հայ երիտասարդության 86,5%-ն ընդհանրապես հրաժարվում է ապրել ու աշխատել միասեռականների հարեւանությամբ:

Սուրեն դպիր Ներսիսյանն էլ, մեջբերելով Աստվածաշնչից, հիշեցնում է, որ Աստված պատժեց հռոմեացիներին` ստեղծվածներին, ոչ թե ստեղծողին պաշտելու համար եւ նրանց անարգ կրքերի մատնեց. այդ անարգ կրքերը նրանց անբնական պետքերն էին իրենց սեռի նկատմամբ:

Հ.Գ. Հոդվածում խոսող բոլոր միասեռականների անուններն անվտանգության նկատառումներով փոխված են:

Շուշան Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter