
Նախարար Քուշկյանը խոստանում է «վերակենդանացնել» Ալավերդու հիվանդանոցը
Հուլիսի 24-ին ՀՀ Առողջապահության նորանշանակ նախարար Հարություն Քուշկյանն այցելեց Ալավերդու առողջապահական հիմնարկներ:
Նրան ուղեկցում էր Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: Հանրապետությունում ընթացող բուժհիմնարկների օպտիմալացման գործընթացով պայմանավորված` Ալավերդու բուժհիմնարկների միավորումից առաջ նախարարը տեղում ծանոթացավ առողջապահական հիմնարկների շենքային պայմաններին եւ սարքավորումներով հագեցվածությանը: Նա համաբուժարանում առանձնապես հետաքրքրվեց հաշվառված 212 տուբերկուլյոզով հիվանդների բուժման եւ դեղորայքով ապահովվածության վիճակով:
Նախարարն ասաց, որ բուժհիմնարկների միավորումից հետո հիվանդանոցը կաշխատի 40 մահճակալ ծանրաբեռնվածությամբ, որի 75% -ը ապահովելու դեպքում ծանրաբեռնվածությունը կավելացվի: Նշեց, որ մասնագետներով եւ սարքավորումներով կհզորացվեն որոշ ծառայություններ, որպեսզի բնակչությունը տեղում բուժում ստանա: Ըստ նախարարի` հիվանդանոցը մասնավորապես կապահովվի քիթ-կոկորդի մասնագետներով եւ ակնաբույժներով:
Բնակչության համար հենց Ալավերդիում մատչելի բուժսպասարկում ապահովելը քաղաքի ամենակենսական եւ հրատապ խնդիրներից է: Ըստ «Ալավերդու պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի տրամադրած տվյալների` միայն 2006 թ. առողջական խնդիրներով պոլիկլինիկա է այցելել 7160 մարդ, որոնցից 461-ը դիմել է ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի բորբոքման գանգատներով, 24-ը` արյան եւ արյունաստեղծ օրգանների հիվանդությամբ, 203-ը` միզասեռական հիվանդությունների գանգատով, 1331-ը` արյան շրջանառության (ինֆարկտ, սրտային այլ հիվանդություններ, ինսուլտ, արյան ճնշում եւ այլն), 1171-ը` շնչառական օրգանների հիվանդություններով, երեխաների մոտ այն կազմել է 1200, տուբ. կաբինետ դիմել է 1907 մարդ, իսկ օնկո կաբինետ` 2053 մարդ:
Համաբուժարանում դիսպանսեր հաշվառման են վերցվված 2305 հիվանդներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում սրտանոթային հիվանդները` 656, քաղցկեղով տառապող հիվանդները` 450, որից 274-ը կանայք են, աղեստամոքսային տրակտով հիվանդները` 180: Մտահոգիչ է նաեւ այն փաստը, որ Ալավերդիում ներկայումս հաշվառված են 703 հոգեկան հիվանդներ: Մեծ տարածում ունի ատամների կարիես հիվանդությունը: Այս կապակցությամբ ատամնաբույժ Լյուբա Պետրոսյանն ասաց, որ Ալավերդու յուրաքանչյուր 100 բնակչից 99-ը տառապում է կարիեսով: Եվ քանի որ անվճարունակության պատճառով մեծ մասը չի կարողանում ժամանակին բուժվել, վաղաժամ զրկվում են իրենց ատամներից:
«Ի՞նչ է մտածում նախարարը Ալավերդիում մարդկանց առողջության վրա մթնոլորտային թունավոր արտանետումների ազդեցությունների ուսումնասիրությունների անհրաժեշտության մասին» հարցին պրն Քուշկյանը պատասխանեց. «Խորհրդային տարիներին կային նմանատիպ խորը ուսումնասիրություններ, գուցե հիմա պասիվացել է, ես համոզված եմ` արտադրության զարգացման հետ նորից կկատարվեն պրոֆեսիոնալ ուսումնասիրություններ»:
Հիվանդների թիվ փաստում է, որ Ալավերդիում առողջապահական լուրջ կենտրոն ստեղծելու պահանջն օրեցօր մեծանում է: Սակայն մինչ օրս բուժհիմնարկների` Լոռու մարզպետարանի նշանակած ղեկավարները ձախողել են այն` պետությանը հասցնելով մեծ վնասներ: Յուրացումների արդյունքում վերջին տարիներին հիվանդանոցի պարտքը կազմել է շուրջ 73մլն դրամ: Սրա մի մասն արդեն փակվել է ՀՀ կառավարության աջակցությամբ: Նախարար Քուշկյանը տեղյակ էր հիվանդանոցի ֆինանսական վիճակին: Նա եւ մարզպետ Արամ Քոչարյանը հայտնեցին, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը եւ Լոռու մարզպետարանը համատեղ ծրագիր են մշակել, որտեղ նշված են 2-3 ամսվա ընթացքում հիվանդանոցի պարտքերը մարելու ուղիները: Մարզպետ Ա. Քոչարյանն էլ հայտնեց, որ «Ալավերդու հիվանդանոցի պարտքն այժմ կազմում է 31 մլն դրամ, որից 3մլն դրամը նախատեսվում է մարել հիվանդանոցի ներքին ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու հաշվին»: Թե որ ռեսուրսները պետք է 2-3 ամսվա ընթացքում արդյունավետ օգտագործի լուրջ բժիշկ - մասնագետներից վաղուց զրկված, այսօր էլ ապաշնորհ կառավարում ունեցող, հեղինակազրկված հիվանդանոցը, որտեղ նախարարի այցի կապակցությամբ այսուայնտեղից հազիվ 5-6 հիվանդ էր մի կերպ հավաքվել, մարզպետը չասաց:
«Իսկ 28 մլն-ը մենք նախարարության հետ կփակենք առանձին ճանապարհներով` 14-14»,- ավելացրեց մարզպետը:
«Միավորումից հետո մի՞թե նորից Ալավերդու առողջապահական կենտրոնում ապաշնորհ ղեկավար է նշանակվելու» հարցին նախարարը պատասխանեց. «Նշանակողը մարզպետն է, առողջապահական հիմնարկների անորակ կազմակերպիչներ նշանակելու ժամանակներն անցել են, հնարավոր չէ այդպես այլեւս, ժամանակները փոխվել են: Հիվանդանոցում որոշ սարքավորումներ կենտրոնացնելուց հետո, կմտածենք վերանորոգման մասին: Հնարավոր է առաջին քայլերն այս տարի կատարել, եթե ֆինանսավորումը թույլատրվի»:
Այս խոսքը հումորով ընդունվեց ալավերդցիների կողմից, քանի որ Ալավերդու հիվանդանոցի եւ համաբուժարանի շենքը, որտեղ միավորումից հետո կտեղավորվի նաեւ ծննդատունը, վերջին 8 տարիների ընթացքում 3-րդ անգամ է «վերանորոգվելու»: Շենքը 1988-ի երկրաշարժից հետո ճանաչվել է վթարային: Եվ քանի որ գտնվում էր Լոռու մարզպետարանի ենթակայության տակ, այն առաջին անգամ կապիտալ վերանորոգման նպատակով ընդգրկվել է մարզպետարանի 1999- 2001 թթ. աղետի գոտու վերականգնման եռամյա ծրագրում, որի համար, ըստ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի մամուլի ասուլիսների, ՀՀ կառավարության կողմից հատկացված է եղել 50 մլն դրամ: Սակայն այս գումարները պատվիրատուի` Լոռու մարզպետարանի կողմից ոչ միայն յուրացվել են, այլեւ ծրագրի ավարտից հետո այստեղ գումարներ են «լվացվել» նաեւ 2002թ.: Երկրորդ անգամ այս շենքի վերանորոգման պատրվակով 2002-2006 թթ.յուրացվել են հիվանդանոցի 75 աշխատողների 5-6 տարիների շուրջ 60մլն դրամ աշխատավարձի գումարները, այդուհանդերձ, կապիտալ վերանորոգման մասին այստեղ խոսք լինել չի կարող: Իհարկե, նորմալ դեպքում անլուրջ կլինի նախկինների կատարած յուրացումների համար գործող մարզպետին ու նախարարին քարկոծելն ու անվստահություն հայտնելը, սակայն, ինչպես ասում են, «աչքը տեսածից է վախենում»:
Ալավերդու առողջապահական հիմնարկները դեռեւս կաթվածահար վիճակում են: Հղի կանանց մեծ մասը շարունակում է ծննդաբերել հարեւան քաղաքներում: Գրեթե դատարկ է նաեւ Ալավերդու հիվանդանոցը: Տարիներ շարունակ այստեղ թշնամական հարաբերությունների մեջ են եղել առողջապահական հիմնարկների ղեկավարները, ինչի արդյունքում ոլորտում տիրել է բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ, բացակայել է համագործակցությունը: Գրեթե չեն գործել բնակչության առողջության պահպանմանը նպաստող եւ առանձին խավերի համար անվճար բուժօգնություն սահմանող օրենքները:
Օգոստոսի 14-ին Լոռու մարզպետարանում մրցութային կարգով ընտրվելու է Ալավերդու առողջապահության կենտրոնի տնօրենը: Այս կապակցությամբ Ալավերդիում լարված են բուժաշխատողների կրքերը:
Իրողությունը, սակայն, այն է, որ Ալավերդու որոշ փորձառու բժիշկներ, որոնք տարիներ առաջ համառորեն պայքարել են հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնը ստանձնելու համար, այժմ ձեռնպահ են: Ի՞նչն է նրանց կաշկանդում մասնակցել մրցույթին. ոմանք շշուկով ասում են` թանկ նախապայմանը: Կարծում ենք` Ալավերդու առողջապահական կենտրոնի ղեկավար ընտրելիս Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն անպայման հետեւություններ կանի իր նախորդի սխալներից, եւ ընտրությունը կանցկացվի ոչ թե վատի եւ վատագույնի միջեւ, այլ ամեն ինչ կարվի բնակչության առողջության պահպանման պատասխանատու գործը լավագույն մասնագետին եւ հմուտ կազմակերպչին հանձնելու համար: Չէ՞ որ անթույլատրելի սխալների համար գալիս է պատասխան տալու ժամանակը:
Մեկնաբանել