Պետք է մեր «թղթե շերեփը» փոխարինել «ռազմա-գիտելիքահեն շերեփով»
Բարով եկար սիրուն «Կռունկ»,
Ինչ լուր բերիր հայրենիքես…
Ասում են՝ պատերազմները առաջընթացի շարժիչն են…
Ասում են նաեւ, որ քաղաքացիական կյանքում ամենօրյա կիրառություն գտած բազմաթիվ սարքերի, նյութերի, տեխնոլոգիաների եւ եսիմինչերի «նախապապերը» աշխարհ են եկել ռազմական մշակումների արդյունքում:
Հեռու չգնանք: էս, որ հիմա կարդում եք համակարգչի ու ինտերնետի օգնությամբ՝ պարտական ենք որոշ երկրների «ռազմա-հայրենասիրական» ուժերին:
Առաջին ինքնաշարժը թնդանոթների տեղափոխման համար է կառուցվել:
Առաջին ակվալանգը Ժակ Իվ Կուստոն պատրաստել է գերմանական նավերի դեմ պայքարելու համար:
Բա ռադա՞րը, որի օգնությամբ հանգիստ գործում են քաղաքացիական ինքնաթիռներն ու նավերը: Եթե մի քիչ շուտ հայտնագործած լինեին՝ 100 տարի շարունակ դարդ չէինք անի «Տիտանիկի» համար:
Նապոլեոնը իր բանակի պարենային ապահովման համար երկար պահպանման ժամկետ ունեցող սննդամթերքի տեխնոլոգիայի ստեղծման կոնկուրս հայտարարեց ու «հայտնվեց» … պահածոն: Իսկ էն, որ ինքն ասել էր՝ «այն ժողովուրդը, որը չի ցանկանում կերակրել իր բանակին, կկերակրի թշնամու բանակին...» - կամ պետք չէ բառացի հասկանալ, կամ էլ իրենց բանակում պահածոն շուտ պրծավ:
Տիեզերանավերը, երկրի արհեստական արբանյակները ուղեծիր են հասցվում ռազմական ՖԱՈՒ հրթիռների «սերունդ» հանդիսացող տիեզերական հրթիռների միջոցով:
Ալյումինի մասսայական կիրառությունները հնարավոր դարձան ռազմական ավիացիայում «փորձարկում» անցնելուց հետո:
Այս շարքը կարելի է մի քանի էջ շարունակել, արբանյակային հեռուստատեսություն, ձեռքի հեռախոս, պենիցիլին, նեյլոն, բազմապիսի համաձուլվածքներ, նույնիսկ պատրաստի հագուստ եւ այլն, բայց եկեք վերադառնանք մեր «դարդերին»:
Երեւի շատերը կհամաձայնեն, որ անկախություն ձեռքբերելուց հետո մեր երկրում ամենակայացած կառույցը՝ իր թերի կողմերով ու անելիքներով հանդերձ, Հայկական բանակն է:
Իրավացիորեն՝ «մեր պետությունը բժշկին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում» ու «խնայված միջոցներն» ուղղում երկրի անվտանգության ապահովմանը: Բայց արդյո՞ք արդյունավետ են օգտագործվում այդ միջոցները, արդյո՞ք դրանք բավարար են մեր առջեւ ծառացած բազում մարտահրավերներին դիմակայելու համար: Թշնամին քնած չէ: Ավելին՝ նա կացիններն է սրում քնած մարդ ման գալով: Ժամանակն էլ ոնց որ դրանց օգտին աշխատի: Մենք, եթե ցանկանում ենք առհասարակ լինել, ապա դատապարտված ենք լինել ուժեղ, այնքան ուժեղ, որ «օձն իր պորտով, ղուշն իր թեւով» չկարողանան մեր կամքին հակառակ «մեր լիս աշխարհը» մտնել: Էն որ մի ժամանակ ասում էին «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է»՝ սուտ է, չհավատաք:
Ռազմական բյուջեի չափով հարեւանները բազմապատիկ գերազանցում են մեզ: Ապահով զգալու համար անհրաժեշտ է ունենալ որակապես նոր մակարդակի բանակ՝ գիտական նոր մշակումների, տեխնոլոգիաների լայնածավալ կիրառման հիմքի վրա:
«Իր կայուն զարգացումը որպես գերակայություն հռչակած պետության գլխավոր առաջնահերթություններից մեկը պետք է լինի պաշտպանական-արդյունաբերական համալիրի արմատական արդիականացումը: Եվ այստեղ վճռորոշը հիմնարար գիտության դերն է: Դա, ըստ էության, մի դրույթ է, որը ապացույցներ չի պահանջում։» [1, էջ 43] - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթեւոսյան:
«Հայաստանի ազգային անվտանգության կարևորագույն գերակայություն պետք է համարել Ազգային ակադեմիայում և առաջատար բուհերում հիմնարար հետազոտություններով զբաղվող գիտնականներին և գիտական կոլեկտիվներին իրավական, ֆինանսական ու սոցիալական աջակցության լիարժեք ապահովումը։» [2, պարբ. 5] - ՊՆ Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյան։
Ինչպես տեսնում ենք՝ ե՛ւ Գիտությունների ազգային ակադեմիայում, ե՛ւ Պաշտպանության նախարարությունում կարեւորում են բանակ-գիտություն կապի խորացման անհրաժեշտությունը: Անհանգստացնողն այն է, որ երբեմնի հզոր ռազմա-արդյունաբերական համալիրի ու գիտության կարող եւ փորձված կադրերի տարիքային «ցուցանիշը» չափազանց բարձր է: Անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռք առնել երիտասարդ կադրերի համար այդ ոլորտները գրավիչ դարձնելու ուղղությամբ: Այլապես, առանց երիտասարդների ներհոսք ապահովելու, կխաթարվի տարիների ընթացքում կուտակված գիտելիքի, փորձի ու հմտությունների փոխանցման բնականոն ընթացքը եւ, որպես հետեւանք, տասնամյակների կենսագրություն ու ավանդույթներ ունեցող «շկոլան» կամաց-կամաց կվերանա: Չնայած էդ «շկոլան» ու՞մ է հետաքրքրում: Էն ա՝ Բոլոնիայի գործընթացի (պա՛հ, գործընթաց. տեսնես ե՞րբ ա ավարտվելու) քարտուղարությունը 3 տարով մերոնք են ստանձնել: 3 տարի 47 երկրների «շկոլներին» մե՛նք ենք ուղղություն ցույց տալու…
Քայլեր, անշուշտ, արվում են: Մեր բանակի սպառազինության շարքերում գնալով ավելանում են տեղական գիտատեխնիկական մտքի մշակումների արդյունքում ստեղծվող համակարգերը, սարքավորումներն ու հանգույցները: Բավական է հիշել մինչեւ օրս հասարակության լայն շերտերին բացառիկ հպարտության զգացում պարգեւող Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված շքերթի ժամանակ ցուցադրված «Կռունկ» անօդաչու թռչող սարքը: Նույնիսկ ասում են, թե մի հայտնի սոցիոլոգ ասել է, որ հայերի՝ հատկապես տաքսիստների ու գիդերի աշխարհընկալումներում այն իր հաստատուն տեղն է գտել ծիրանի, Ջերմուկի ու կոնյակի կողքին: Կարելի է նշել նաեւ մարտական պայմաններին առավելագույնս մոտեցված հրաձգային, հակատանկային, հակաօդային զենքի վարժասարքերը, 20 կմ-անոց լազերային հեռաչափերը, դյուրակիր դոպլերյան ռադիոլոկացիոն համակարգը, սահմանի տեղամասերը հսկող ավտոմատ համակարգերը եւ այլն: Թերահավատները կարող են այցելել այս օրերին Երեւանում ընթացող DigiTec Expo 2012 ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են հայկական արտադրության ռազմական մշակումների տարբեր ցուցանմուշներ:
1 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի երկնքում խփվեց հակառակորդի անօդաչու ինքնաթիռը: Հայտնի փաստ է, որ անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելն եւ ոչնչացնելը բարդագույն խնդիր է: Այստեղ չափազանց ուրախալի է այն փաստը, որ այն վնասազերծվել է հայկական արտադրության սարքով: Ռազմական գործում սեփական մշակումները կիրառելը ապահովագրում է տհաճ անակնկալներից: Օրինակ, հիշու՞մ եք Իրաքում ռազմական գործողությունների սկզբում ինչ բերին Սադամի գլխին: «Հայտնվեցին» ինչ-որ «վիրուսներ» եւ որոշ ժամանակով շարքից հանեցին Իրաքի ռազմա-օդային ուժերին պատկանող «Միրաժ» կործանիչների ծրագրային ապահովումն ու, առհասարակ, հակաօդային պաշտպանության համակարգը: Արդյունքում, կոալիցիոն ուժերի ավիացիան կարճ ժամանակում առանց խոչնդոտների վերացրեց Իրաքյան ՀՕՊ հիմնական օբյեկտներն ու «կանաչ ճանապարհ» բացեց իրենց դեմոկրատիան տարածելու համար: Ասածիցս չի բխում, որ վաղվանից սեփական «Միրաժներ» արտադրենք՝ դրա հերթն էլ կգա: Բայց դե հո մեր գիտնականների ու ինժեներների մշակումը՝ մեր պատմական հայրենիքներից հետախուզական «խապրիկ» ու «լուրիկ» բերող «Կռունկ» անօդաչու ինքնաթիռն արդեն ունենք:
Սակայն, ըստ արժանվույն գնահատելով ռազմաարդյունաբերական ոլորտում առկա ձեռքբերումները, պետք է գիտակցել, որ մեր «խառը» տարածաշրջանում պաշտպանունակ, ուժեղ, ազդեցություն ունեցող երկիր լինելու համար անհրաժեշտ է արդիականացնել բանակ-գիտություն կապի վերաբերյալ ներկայիս մոտեցումները: Կրկին մեջբերեմ պարոն Մաթեւոսյանին. «Այսօր մեզ համար ավելի ու ավելի դժվար է դառնում մրցակցել համաշխարհային շուկաներում, քանի որ շատ բաներում մենք հետ ենք մնացել ե՛ւ տեխնիկական, ե՛ւ «մտավոր» առումով: Պատճառները մի քանիսն են: Առաջին հերթին դա պաշտպանական հիմնարար եւ որոնողական հետազոտությունների ֆինանսավորման կրճատումն է: Առանձնակի տագնապ է հարուցում այն հանգամանքը, որ առավել մեծ չափով տուժում են ճեղքումնային, սկզբունքորեն նոր աշխատանքները, երբ չկա երաշխիք, որ դրանք արագ կպսակվեն հաջողությամբ. Գիտության մեջ առանց ռիսկի ճեղքումներ կատարել հնարավոր չէ: Սակայն հենց դա է ներկայումս տեղի ունենում պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Զինվորականները գերադասում են կարճաժամկետ, ընդ որում՝ առավելագույնս կոնկրետ մշակումները, որոնք հիմնված են լավ հայտնի սկզբունքների վրա: Նման մոտեցման պատճառով սկսում ենք համաշխարհային ստանդարտներից հետ մնալ արդեն պլանավորման փուլում…» [1, էջ 43]:
Ոնց նայում ենք՝ զարգացման 2 տարբերակ է նշմարվում՝ կամ պետք է մեր «թղթե շերեփը» փոխարինել «ռազմա-գիտելիքահեն շերեփով» կամ էլ պետք է Ակադեմիայի շենքն էլ վաճառել՝ լավ հյուրանոց կստացվի…
Հ.Գ.1. Եթե հաշվի առնենք, որ խփված անօդաչու սարքի՝ իսրայելական Հերմես 450-ի, արժեքը մոտ 2 մլն. դոլար է (վերգետնյա կայանների հետ գինը կազմում է մոտ 10մլն. դոլար), ապա ի՞նչ վատ կլինի, որ Ադրբեջանը Իսրայելից անօդաչու թռչող սարք գնի՝ մենք խփենք: Նա գնի՝ մենք խփենք, նա գնի՝ մենք խփենք… Չնայած, էլի արանքում հրեաներն են շահած դուրս գալու…
Հ.Գ.2. Քանի որ հոդվածում շատ է արծարծվել «գիտա-» տերմինը՝ որոշեցի հղումները նույնպես ցույց տալ «գիտա-» ձեւով՝ ուստի՝
Օգտագործված գրականության ցանկ
1. ՀՀ ԳԱԱ Ակադեմիկոս-քարտուղար Հ.Հ. Մաթեւոսյան, «Ռազմաարդյունաբերական համալիրը եվ հիմնարար գիտությունը», Հայկական բանակ 3(69), 43-53 (2011).
http://www.mil.am/files/N3_2011%20Final-1330000454-.pdf.
2. Գեներալ-մայոր Հայկ Քոթանջյան, «Հայ գիտության զարգացումը հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության տրամաչափի մեջ», ՀՀ ԱԺ Գիտության և կրթության հանձնաժողովի լսումներ,՝05 նոյեմբերի, Երևան, Նորավանք հրատարակչություն (2008).
http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=2454&sphrase_id=18047
Ստեփան Գյոզալյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել