Գրադարանավարի տոնի խորհուրդը գրքի արժևորումն է
2004թ. ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը հայտարարվեց գրադարանավարի օր: Արդեն 8-րդ տարին է, ինչ այդ օրը hանրապետության բոլոր գրադարանների դռները մինչ ուշ երեկո բաց են լինում ընթերցասեր հասարակության առաջ: Տոնի խուրհուրդը՝ գրքի արժևորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձևավորման գործում:
Գրադարանագիտությունը գիտական առարկա է, այն գրադարանների պատմության և գրադարանային գործի մասին գիտություն է: Այն ունի տեսական տարողունակ բովանդակություն, հասկացությունների ընդարձակ ապարատ և այլ գծեր: Գրադարանագիտությունը սերտորեն կապված է մատենագիտության, գրքագիտության, փաստաթղթագիտության, սոցիոլոգիայի, մանկավարժության, մշակութաբանության, հոգեբանության, ինֆորմատիկայի, ինչպես նաև` թանգարանային և արխիվային գործի հետ:
Գորիս քաղաքի վաստակավոր գրադարանավարներից մեկի՝ Զոյա Գալստյանի հետ էլ կայացավ մեր հանդիպումը: Խոսեցինք գրադարանավարի աշխատանքի կարևորությունից, գրադարանի խնդիրներից: Տիկին Զոյան Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանային բաժնի վարիչն է. «1971թ-ից աշխատում եմ այս ասպարեզում: Սիրում եմ իմ աշխատանքը, 41տարի է արդեն ինչ «գրքերի աշխարհում եմ» ու չեմ պատկերացնում ինձ այլ ոլորտում»:
«Թե ինչքանո՞վ է կարևորվում գրադարանավարի մասնագիտությունը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» հարցին, նա պատասխանեց. «Ընթերցողի կողմից կարևորվում է, իսկ պետության կողմից ուշադրության պակաս ունենք, չնայած որ վերջին ժամանակներում սկսել ենք աջակցություն ստանալ ՀՀ մշակույթի նախարարությունից»:
Իր ողջ աշխատանքային կենսագրությունը գրադարանավարը բաժանում է 3 փուլերի՝ վերելքներով և վայրէջքներով հանդերձ. «Մինչև 987թ ունեցել ենք մեծ թվով ընթերցասերներ, բնակչության մոտ 30% հաճախակի օգտվում էր քաղաքային գրադարանից, 90-ական թվականներից սկսած անկում նկատվեց: Դրա հիմնական պատճառը Արցախյան պատերազմն էր, որի հետևանքով էլ խախտվել էր մարդկանց բնականոն ապրելակերպը: Վերջին 6-7 տարիներին հասարակության ուշադրությունը նորից ուղղվեց դեպի գիրքը»:
Նա մեծ ուրախությամբ նշեց, որ ամիսը մեկ անգամ Գորիսի քաղաքային գրադարանը հայտարարում է բաց դռների օր, որի ընթացքում ցուցադրվում են տարբեր ժանրերի գրքեր. «Առաջիկայում նախատեսվում է գրքերի ցուցադրութուն՝ նվիրված Սյունյաց աշխարհին»:
Գրադարանի ցավոտ խնդիրը վերջին ժամանակներում մնում է գրքերի պակասը. «Շուրջ 20 տարի է՝ գրադարանը նոր գիրք չի ստանում: Եղած գրքերով որոշ չափով ենք կարողանում բավարարել ընթերցողների պահանջները: Բայց եթե կարողանանք գրքային ֆոնդը թարմացնել, ապա շատ ավելի ընթերցողներ կունենանք: Գրադարանից օգտվողների մեծ մասը ուսանողներն են: Նրանք ավելի շատ վերահրատարակված գրքերի պահանջ ունեն, հատկապես` գրախոսականների: Կրթական ծրագրերը փոխվել են, մոտեցումներն են անգամ նորացվել: Իսկ մենք անհրաժեշտ գրականություն չունենք»,-ցավով նշում է տիկին Զոյան:
Քաղաքային գրադարանի առաջնային խնդիրներից է նաև ջեռուցումը: Գրապահոցները չեն ջեռուցվում: Գրքերի պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճանը չի ապահովում: Խունացած պատերի ներսում գրքերն ավելի ու ավելի են քայքայվում. «Երկար կյանք ունեցող, հազար ձեռքից ձեռք ընկած գրքերն էլ անհրաժեշտ պահպանման կարիք ունեն: Մեր մեծերից փոխանցված հարուստ ժառանգությունը փրկել է պետք»:
Հ.Գ. 2012-2013թթ. Երևանը համարվում է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Գուցե փորձենք գոնե այս մեկ տարվա ընթացքում վերակենդանացնել, նոր շունչ հաղորդել պատմության էջերում «կիսաքնած» մեր ազգային ժառանգությանը:
Մարիամ Մաթևոսյան
Գորիս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել