Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սիրիահայ ուխտավորներին
Հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության Հայ բարեգործական ընդհանուր միության անդամներին և Հալեպի Կիլիկյան վարժարանի հոգաբարձուներին՝ ուղեկցությամբ Դամասկոսի հայոց թեմի քաղաքական ժողովի ատենապետ, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանի:
Հանդիպման ընթացքում Վազգեն Յակուբյանն անդրադարձավ Սիրիայում տիրող կացությանը և ներկայացրեց սիրիահայերին օժանդակելու նպատակով ստեղծված հատուկ հանձնախմբի աշխատանքները:
Ողջունելով և հայրապետական իր օրհնությունը բերելով սիրիահայ ուխտավորներին՝ Գարեգին Բ-ն իր մտահոգությունն արտահայտեց Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, ի մասնավորի սիրիահայ համայնքի ծանր կացության առիթով: Կաթողիկոսը ցավով արձանագրեց, որ պատմության ընթացքում Սիրիայում հայ ժողովրդի զավակների ջանքերով կերտված մշակույթն ու ժառանգությունը, հոգևոր-ազգային արժեքներն այսօր վտանգված են:
Այս առիթով Վեհափառ հայրապետն իր գնահատանքը բերեց ՀԲԸՄ-ի ներկայացուցիչներին և բոլոր այն ազգային հաստատությունների անդամներին, ովքեր այս դժվարին իրավիճակում հաստատուն կերպով կանգնած են Սիրիայի հայ համայնքի կողքին և ջանք չեն խնայում հայ ժողովրդի զավակների հոգսը թեթևացնելու և օգնության ձեռք մեկնելու համար:
Հանդիպման ավարտին Գարեգին Բ-ն մաղթեց, որ Տերը խաղաղություն հաստատի Սիրիայիում, որպեսզի Սիրիայի ժողովուրդը, որի անբաժանելի մասն է կազմում հայ համայնքը, կարողանա վերադառնալ իր բնականոն լիարժեք կյանքին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել