HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկին ասել էի, թե իբր երկու աշխարհ գոյություն ունի. մեկը լսողների, մյուսը չլսողների համար

«Հայկը բակում երեխաների հետ խաղում էր, ես էլ պատուհանից նայում էի: Մեկ էլ տեսնեմ՝ մի մեծ շուն հաչալով մեր բակ մտավ: Բոլոր երեխաները փախան, Հայկը՝ չէ, որովհետև մեջքով էր կանգնած ու չլսեց շան հաչոցը: Փորձեցի զգուշացնել նրան: Նա շրջվեց շան կողմը, շունը քարացավ վախից: Մոտ երկու րոպե նայեցին իրար աչքերի մեջ, հետո շունը շրջվեց ու հանգիստ գնաց»,- պատմում է Հայկ Հոբոսյանի մայրը՝ Մարինեն:

Հայկը « Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես» նախագծի առաջին հաղթողն է: Նա հեռուստադիտողներին զարմացրեց պարելու իր արտասովոր ունակությամբ. Հայկը չի լսում:

«Երբ իմացա, որ Հայկը չի լսում, մահվան նման ահավոր մի բան զգացի, բայց հետո ինձ հավաքեցի ու մտածեցի ամեն ինչ անել, որ Հայկն իրեն հասարակության լիարժեք անդամ զգա: Նրան ասել էի՝ իբր երկու աշխարհ գոյություն ունի. մեկը լսողների, մյուսը չլսողների համար, ու որ ինքն էդ աշխարհից է: Ու նաև ասել եմ, որ բոլոր մարդիկ հավասար են»,- ասում է Մարինեն:

«Երբ փոքր էի, չէի հասկանում, որ չեմ լսում: Բայց երբ մեծացա, զգացի, որ տարբերվում եմ մյուսներից, ու ասում էի՝ ինչի՞ չեմ լսում, ինչի՞ ես: Բայց հետո մտածեցի՝ ես նման եմ բոլորին, ամեն ինչ կարողանում եմ անել»,- խոստովանում է Հայկը:

Երբ առաջին անգամ Հայկի հայրը նրան դպրոց է տարել, վերջինս մտածել է, որ այդ դպրոցում բոլոր երեխաները լսում են, սակայն դպրոցը նախատեսված է եղել թույլ լսողություն ունեցողների համար:

«Հասկացա, որ բոլորն էլ ինձ նման են: Ուրախ էի, որ պիտի ժեստերը սովորեմ: Շատ լավ էր դպրոցում, ափսոսում եմ, որ ավարտել եմ, կուզեի նորից գնալ»,- ասում է Հայկը:

Սակայն բոլորը չէ, որ գիտեն ժեստերի լեզուն, նույնիսկ Հայկի ընտանիքի անդամները: Նրանց հետ Հայկը կարողանում է շփվել, քանի որ կարողանում է շուրթերից կարդալ:

Դպրոցում նախընտրել է պատմություն ու աշխարհագրություն առարկաներն ու երազել բժշկի մասնագիտության մասին, սակայն ճակատագիրը նրա համար այլ բան էր նախատեսել: Դեռ փոքրուց Հայկը պարելու անհագուրդ ցանկություն է ունեցել. պարել է ընտանեկան բոլոր հավաքույթներին, հարսանիքներին ու զարմանք առաջացրել ինչպես ծնողների, այնպես էլ բոլոր հարազատների մոտ: «Զարմանում էինք. եթե էս երեխան չի լսում, ո՞նց է պարում»,- ասում է Հայկի մայրիկը:

«Փոքր ժամանակ, երբ առաջին անգամ տեսա Մայքլ Ջեքսոնի պարը, մեծ ցանկություն ունեցա գնալ պարի, հայրիկիս խնդրեցի, տարավ: Մեզ մոտ պարի խումբ էր բացվել, ղեկավարը Մամիկոն Միքայելյանն էր, նրա մոտ գնացինք: Առաջին անգամ որ գնացի պարապմունքի, տեսա, որ շատ երեխաներ կան, բոլորը լսում էին՝ բացի ինձանից: Մի րոպե սովորեցրին, պարեցի, կարծում եմ՝ լավ էլ պարեցի, պարուսույցը զարմացել էր»,- պատմում է Հայկը:

Ասում է, որ սկզբում պարը սովորում է հաշվարկով, այնուհետև սկսում է այն հոգով զգալ: Պարն իր կիրքն է, իր կյանքի անբաժանելի մասը: Հայկի առաջին հաջողությունը պարում Հայաստանի հինգերորդ «Ռեփ, փոփ» պարերի փառատոնի ժամանակ գրանցվեց, որտեղ «Գրան պրի» մրցանակի արժանացավ: Դրանից հետո տարբեր մրցույթների է մասնակցել ու տարբեր մրցանակներ շահել: Նա մասնագիտացել է հիփ-հոփ, բրեյք դանս պարաոճերում: Այնուհետև Հայկը սկսել է պարել «‹Արայի դանս շոու» պարախմբում:

«Մի անգամ մարզերում համերգի էինք, վերադարձի ճանապարհին Հայկի հայրը զանգեց՝ իմանալու, թե երբ ենք հասնելու: Հայկին բացատրեցի, որ իր պապան է, ծիծաղելով ասեց՝ դե տուր տեսնեմ ինչ է ասում: Երբ ինձ ասում են՝ մի բառով իրեն բնորոշի, ասում եմ՝ Հայկն արև է. որտեղ մտնում է, միանգամից ջերմացնում է»,- հիշում է Հայկի գործընկերուհի Անիդա Աբգարյանը:

Հայկի կյանքում նոր էջ բացեց «Պարիր, թե կարող ես» նախագիծը: «Հեռուստացույցով երբ տեսա նախագծի անոնսը, ուրախացա, որ Հայաստանում նման նախագիծ է լինելու, բայց մասնակցելու մասին չմտածեցի: Հետո եղբորս ընկերը համոզեց, որ գամ»,- պատմում է նա:

«Հայկն ասում էր՝ թող առաջինը լինի, տեսնենք՝ ոնց է, երկրորդին կմասնակցեմ: Լրացման հայտը վերջին օրն է լրացրել»,- ասում է քույրը՝ Լիլին:

Հետո սկսվում են լսումները, ու Հայկը հայտնվում է քսան լավագույն պարողների շարքում: Այնուհետև քայլ առ քայլ առաջ է գնում: Սկսվում են գալա համերգները:
Լիլին հիշում է, որ հինգ-վեց գալա համերգից հետո Հայկն արդեն շատ հոգնած էր, վերջին համերգին էլ պիտի հինգ պար պարեին, համերգներից մեկի ժամանակ էլ ընկել էր ու մեջքը թեթևակի վնասել: «Էնքան հոգնած էր, որ նույնիսկ վերջին համերգին չէր կարողանում գնալ»,-ասում է նա:

«Եկա, էս դեպքում պարեցի, հաղթեցի: Որոշվեց, որ մասնակցելու է, ինձ էլ ասաց՝ արի իրար հետ գնանք: Ասացի՝ չէ, մի մրցանակ է, էդ էլ քոնն է, ես քեզ կօգնեմ, ինչով կկարողանամ: Էդպես գնաց, շատ դժվար ու տանջալի ամիսներ էին, իրոք շատ էր հոգնում, բայց սպասելիքներն արդարացան»,- պատմում է Անիդան:

Նախագծի ընթացքում Հայկը, մեծ հաջողություններ գրանցելուց բացի, շատ ընկերներ ձեռք բերեց, ու բոլորն էլ ուրախ էին նրա հաղթանակի համար:

Լիլին հիշում է, որ հաղթանակի օրը բոլորը շատ վախեցած էին, իսկ Հայկը  հանգիստ էր, ասում էր՝ ինձ համար միևնույն է, թե ով կհաղթի, կարևորն այն է, որ եզրափակիչ փուլ եմ հասել: Երբ հանդիսավարը նրա անունը տվեց, ողջ դահլիճը միանգամից ոտքի կանգնեց ու սկսեց բուռն ծափահարել: Նա չէր հասկացել, թե ինչ է կատարվում:

«Հանդիսավարն անունս տվեց, ինձ թվաց՝ ինչ-որ բան է ասում, ես շրջվեցի, ասաց՝ դու: Այդ պահին հասկացա, որ հաղթել եմ: Բայց մինչև հիմա էլ չեմ հավատում, որ ես եմ հաղթել: Մի ուրիշ զգացողություն ունեի, երբ շրջապատված էի լրագրողներով, երբ ամեն կողմից նկարում էին»,- պատմում է Հայկը:

Հայկն ունի պարի իր խմբերը: Հիմնականում պարապում է 6-16 տարեկան երեխաների ու պատանիների հետ: Նրա խմբի անունը «H Dance Studio» է: «Երբ առաջին անգամ եկա, շատ էի վախենում, մտածում էի՝ դժվար կլինի, բայց ամեն ինչ շատ լավ անցավ: Սիրած խոսքը «կամաց-կամացն» է. երբ մի շարժում դժվարանում ենք անել, չենք կարողանում, ասում է՝ անհնար է, որ չստացվի, դուք մենակ փորձեք»,-ասում է 15-ամյա Դիանան:

Իսկ Լուսինեն հավելում է, որ Հայկը չի սիրում, երբ ասում են՝ չենք կարող: Լուսինեն սկզբում շատ էր տխրում նրանից, որ Հայկը չի լսում, բայց հետո հասկացել է, որ դա այդքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, որ Հայկը լավն է: «Եթե ես մի օր կարողանամ Հայկի նման զգալ պարը, ես շատ գոհ կլինեմ: Ինքը ապրում է պարով»,- ասում է Լուսինեն:

Ըստ Հայկի՝ Հայաստանում շատ լավ պարողներ կան, ովքեր, սակայն, հնարավորություն չունեն դուրս գնալու: Եթե դրսում մրցույթների մասնակցեին, գուցե մեծ հաջողությունների հասնեին:

Հայկը երազում է սեփական տարածք ունենալ, որտեղ կլինի իր պարի ստուդիան, ու որտեղ կհաճախեն նաև թույլ լսողություն ունեցող երեխաները:

2-րդ, 3-րդ և 4-րդ լուսանկարները՝ «Շանթ» հեռուստաընկերության

Արև Մելքոնյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter