Սա «քուչի» ֆուտբոլ չէ, երկրի բարձրագույն խմբի առաջնությունն է
Այն, որ ֆուտբոլի Հայաստանի առաջնության խաղերը աչքի չեն ընկնում մեծ դիտարժանությամբ, նորություն չէ եւ պայմանավորված է թիմերի հնարավորություններով, ֆուտբոլիստների որակներով: Սակայն կան առաջին հայացքից մանրուք թվացող իրողություններ, որ ուշադիր հանդիսատեսի աչքն են ծակում: Երեկ կայացած «Միկա»-«Ուլիս» խաղից հետո որոշեցինք, այդուհանդերձ, անդրադառնալ այդ «մանրուքներին»:
Առաջին «մանրուքն» այն է, որ խաղի մեկնաբանը (անունը չենք նշում, քանզի կարեւորը ոչ թե անձն է, այլ երեւույթը) Հանրային հեռուստատեսության մարզական մեկնաբան լինելուց զատ նաեւ ակումբներից մեկի՝ «Ուլիսի» մամուլի քարտուղարն է: Առաջին դեպքը չէ, որ նա վարում է «Ուլիսի» մասնակցությամբ խաղերի ռեպորտաժները: Քիչ թե շատ ուշադիր հեռուստադիտողը կնկատեր, որ մեկնաբանը, ով անկախ ամեն ինչից պետք է չեզոք լինի, համակրում էր թիմերից մեկին: Հանրայինում կան այլ մարզական մեկնաբաններ եւս, ուրեմն ինչու՞ է հենց տվյալ թիմի խաղը մեկնաբանում մի լրագրող, ով տվյալ պարագայում կանգնում է շահերի բախման առաջ: Որքանո՞վ է դա ճիշտ լրագրողական էթիկայի տեսանկյունից: Այս հարցի պատասխանը թերեւս պետք է տա Հանրայինի «Սպորտ» ստուդիայի ղեկավարը, որը, սակայն, նույն ակումբի պետն է, իսկ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի եղբայրը ակումբի նախագահն է: Հենց սրանով է, ըստ ամենայնի, պայմանավորված «Ուլիսի» խաղերի պարբերական ցուցադրությունը Հանրայինով:
Ոչ ոք չի ասում, թե մարզական մեկնաբանը չի կարող լինել որեւէ ակումբի մամուլի քարտուղար: Դա նրա իրավունքն է, մանավանդ որ այսօր ակումբներում իբրեւ այդպիսիք հիմնականում աշխատում են հենց մարզական լրագրողները: Սակայն հարց է, թե որքանով է ճիշտ, երբ մեկնաբան-քարտուղարը վարում է իր ակումբի մասնակցությամբ խաղը, առավել եւս, որ որոշ դրվագներում կամա թե ակամա ի հայտ են գալիս սուբյեկտիվիզմի տարրեր:
Երկրորդ «մանրուքը» Հանրայինի կողմից հեռարձակվող ռեպորտաժների որակն է: Արդեն քանի տարի է՝ հայ հեռուստադիտողը չի կարողանում մի կարգին ռեպորտաժ տեսնել: Եվրոպական հեռարձակողների միության անդամ Հանրայինի ու եվրոպական այլ հեռարձակողների ռեպորտաժների միջեւ սար ու ձորի տարբերություն է: Տարբեր դրվագների կրկնապատկերը, մասնավորապես՝ խաղից դուրս վիճակը, խախտումները, գոլը, ցուցադրվում են նույն տեսախցիկից, ու շատ դեպքերում այդպես էլ անհասկանալի է մնում՝ կա՞ր խաղից դուրս, խախտում եւ այլն: Մնում է բավարարվել եղածով ու ենթադրություններ անել: Այս տեսագրությունները խաղից հետո դիտում են նաեւ մրցավարները, տեսուչները, ու վիճելի դրվագներում, երբ անհրաժեշտ է ճիշտ գնահատական տալ մրցավարի գործողություններին, նրանք էլ հայտնվում են բարդ վիճակում: Ոմանք կասեն, թե Հանրայինն այդքան գումար չունի, որ ապահովի խաղի բարձրակարգ ցուցադրությունը բարձրակարգ շարժական կայանով, դրվագների կրկնությունը տարբեր տեսախցիկներից: Բայց դա առնվազն տարօրինակ կլինի, քանզի ժամանակին Հանրայինի ղեկավարությունը խոստանում էր, որ շուտով արտասահմանից բերված նոր տեխնիկայի միջոցով կապահովվի որակյալ հեռարձակում: Չտեսանք: Լավ, տեսախցիկների քանակն ու դրվագների կրկնությունը մի կողմ դնենք, մինչեւ հիմա էկրանին մշտական ձեւով նույնիսկ ժամանակն ու խաղի հաշիվը չի երեւում, եղած լուսագրերից էլ «հնության հոտ» է գալիս: Դա՞ էլ է անլուծելի խնդիր:
Չենք կարծում, թե Հանրայինն այդքան աղքատ է: Հեռուստատեսություն, որն, իր անվանը հակառակ, գումարներ է ստանում թե պետական բյուջեից, թե գովազդատուներից: Այս ամենը վերաբերմունք է սեփական հանդիսատեսի ու ֆուտբոլի հանդեպ:
Երրորդ «մանրուքը»: Արտասահմանյան առաջնություններում բոլոր թիմերի ֆուտբոլիստների մարզաշապիկներին մի լեզվով գրվում են նրանց անունները, ինչը հնարավորություն է տալիս ճանաչել խաղացողներին: Մեզանում այս պրակտիկան դեռեւս ձեւավորման փուլում է, բայց ինչպե՞ս է ընթանում այդ փուլը: Թիմերից մեկը անունները գրում է հայերեն, մյուսը՝ անգլերեն, մյուսն ընդհանրապես չի գրում: Օրինակ՝ երեկվա «Միկա»-«Ուլիս» խաղում միկացիները առանց գրությունների շապիկով էին խաղում, ուլիսցիների շապիկներին գրված էին խաղացողների անունները: Բայց ոչ բոլորի անուններն էին առկա: Սամվել Մելքոնյանի շապիկին նույնիսկ տիտղոսային հովանավորի գովազդը չկար: Տպավորություն էր, թե ֆուտբոլիստները հագել են այն, ինչ ձեռքի տակ է ընկել: Ցավալի է: Որքան էլ քիչ հանդիսատես գա խաղերին, որքան էլ ցածր լինի առաջնության վարնակիշը, չի կարելի այդպես անփույթ վերաբերվել խաղերին:
Սա «քուչի» ֆուտբոլ չէ, երկրի բարձրագույն խմբի առաջնությունն է: Եվ ու՞ր է նայում ֆուտբոլի ֆեդերացիան: Այո, կգտնվեն մարդիկ, որ կասեն, թե կարեւորը թողած՝ ընկել ենք մանրուքների հետեւից, բայց ամեն ինչ սկսվում է հենց այդ մանրուքներից: Եթե խաղամակարդակն այն չէ, ու դրա համար կան որոշ հիմնավոր պատճառներ, ի՞նչն է խանգարում պատշաճ կերպով լուծել կազմակերպչական, տեխնիկական հարցերը: ՀՖՖ-ն պետք է որոշի միանման գրությունների կիրառություն բոլոր թիմերի համար. կամ գրում են եւ մի լեզվով՝ հայերեն կամ անգլերեն, կամ չեն գրում ընդհանրապես:
Ի վերջո, հարցերը պետք է լուծել քայլ առ քայլ: Եվ քանի որ այս տեխնիկական հարցը բոլորովին էլ բարդ չէ, պետք է անհապաղ կարգ մշակվի, իսկ խախտողներն էլ պատժվեն: Ֆուտբոլը միայն խաղային կարգապահություն չէ, այն կազմակերպվածություն է պահանջում ցանկացած հարցում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել