
Լոռիում գյուղատնտեսական նպատակով հատկացվող դիզվառելիքի գումարը նախապես է գանձվում, սերմնացուինը՝ ոչ
Լոռու մարզում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն ավարտված է: Ստացվել է 20170 տ հացահատիկ (նախորդ տարի՝ 22000 տ): Ընթացքի մեջ են կարտոֆիլի բերքահավաքը և խոտի կուտակման աշխատանքները: Աշնանացանը կազմակերպելու նպատակով կառավարությունը մարզին հատկացրել է 134 տ ազոտային պարարտանյութ, 500 տ դիզելային վառելանյութ, 293 տ առաջին վերարտադրության և 53 տ էլիտար ցորենի սերմնացու: Վերջինը բաշխվել է մարզի 12 ֆերմերի, իսկ առաջին վերարտադրության սերմնացուի հայտարարագրումը նոր է սկսվել:
Մարզին հատկացված վառելանյութի և սերմնացուի բաշխման ու դրանց գումարների հավաքագրման վերաբերյալ «Հետքը» հետաքրքրվեց Լոռու մարզպետարանի բնապահպանության և գյուղվարչության պետ Գրիգոր Հակոբյանից:
Նրա փոխանցմամբ՝ 293 տ առաջին վերարտադրության սերմնացուն կբաշխվի հավանաբար մարզի 65 համայնքի նախորդ տարվա սկզբունքով՝ 1 տարի ժամկետով, 1 կգ-ը 160 դրամով: Նախորդ տարի հատկացված 291 տ առաջին վերարտադրության ցորենի գումարները վճարելու վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է: Բայց սերմնացու ստացած 52 համայնքից 46-ը դեռ չի վճարել պարտքը՝ ընդհանուր 46 մլն դրամ:
Վարչության պետը մատնանշում է հատկապես Սպիտակի տարածաշրջանի համայնքները՝ Սպիտակ, Մեծ Պարնի, Լուսաղբյուր: Նշվածները կարտոֆիլ ու հացահատիկ են արտադրում, արդեն հացահատիկի բերք են ստացել 1 հա-ից 25-27 Ց, որը գնահատվում է միջին, բայց սերմնացուի պարտքը դեռ չեն տվել, քանի որ, վարչության պետի խոսքով, այդ տարածքում կարտոֆիլի բերքահավաքը դեռ չի վերջացել: «Բերքահավաքը ավարտելուց հետո իրենց բերքը վաճառելու դեպքում եթե ֆինանսները լինում են մարդկանց մոտ, էն ժամանակ նոր բերում են, էլի»,- ասում է Գրիգոր Հակոբյանը:
Էլիտար սերմնացուն տրվում է սերմնաբույծներին, սերմ արտադրող ֆերմերներին, ովքեր 7 հա-ից ավելի հողատարածք ունեն: 7 հա-ից ցածրի դեպքում առաջին վերարտադրության սերմնացու է բաշխվում նրանց, ովքեր վարելահող ունեն, որը նախապատրաստել են ցանքի և պահանջ են ներկայացնում: Ի տարբերություն առաջին վերարտադրության սերմնացուի՝ էլիտար սերմնացուի դիմաց գումար չի գանձվում, այն բաշխվում է 1 կգ-ի դիմաց 2 կգ ախտահանած, մաքրած առաջին վերարտադրության սերմնացու վերադարձնելու սկզբունքով:
Դիզվառելիքը նույնպես գյուղատնտեսական նպատակներով է հատկացվում՝ հող մշակելու, խոտ և բերք հավաքելու համար: Մարզպետարանից անվճար տարվում է համայնքապետարան, որտեղից գյուղապետները բաժանում են ֆերմերներին, այնուհետև ստացողների ստորագրություններով ցուցակներ են ներկայացնում մարզպետարան: «Համայնք կա, ներկայացնում է անմիջապես, համայնք կա, բաշխում է, նոր է ներկայացնում»,- ասում է վարչության պետը:
Մինչդեռ դիզվառելիքի գումարները անմիջապես են ներկայացնում: «Ոչ թե հայտ են ներկայացնում, փողը փոխանցում են, ինչքան որ իրենց պետք է»,- նշում է Գրիգոր Հակոբյանը: Դիզվառելիքի համար 32 համայնքից արդեն փոխանցվել է 85 900 000 դրամ: Հարցին՝ ինչպես է, որ գյուղատնտեսական նպատակով հատկացվող՝ դիզվառելիքի գումարը նախապես է գանձվում, իսկ առաջին վերարտադրության սերմնացուինը՝ 1 տարվա կտրվածքով, ասում է. «Կառավարության որոշումն է, այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև գարունն էլ ենք նույն ձևով բաշխել, հիմա էլ նույն ձևով բաշխում ենք»:
«Դիզվառելիքը 350 դրամով լիտրը այստեղից ստանում են, դա ոնց որ դոտացիա լինի, օգնության է կառավարության կողմից, էժան տալիս ենք ֆերմերներին, որ վարելահողը օգտագործվի ամբողջությամբ մեր մարզում»,- ասում է Գրիգոր Հակոբյանը՝ չնայած հարցին՝ ինչքա՞ն էժան են տալիս, պատասխանում է. «Շուկայական գները չգիտեմ ինչքան է»:
Մեկնաբանել