HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Կարեն Թումանյան. ոստիկանապետը անվստահություն է առաջացնում դատարանի և իրավապահ մարմինների նկատմամբ

«Հետքի» տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզում կատարվել է 40-ից ավելի խուզարկություն, 36-37-ը՝ միայն Վանաձոր քաղաքում: Զանգվածային խուզարկությունների վերաբերյալ «Հետքը» փորձեց պարզաբանումներ ստանալ մարզի իրավապահ մարմիններից:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբաղ Համբարյանը զարմացավ, թե ինչու ենք այդ հարցով իրեն դիմում՝ փոխանակ դիմելու քննչական բաժնին և դատարանին: Նշեցինք, որ ճիշտ է, խուզարկության վերաբերյալ որոշումները նախաքննական մարմնի միջնորդությամբ ու դատարանի որոշմամբ են կայացվում, բայց իրականացվում են ոստիկանության կողմից, այսինքն՝ խուզարկության ու արդյունքերի վերաբերյալ անմիջական պատասխանատվություն է կրում ոստիկանությունը:

Ուստի խնդրեցինք ոստիկանապետին մեկնաբանել՝ ինչպես է, որ մեծ թվով խուզարկությունների արդյունքում, ինչպես մեզ է հայտնի, մեծ մասամբ ոչինչ չի հայտնաբերվել, արդյո՞ք դրանք այլ նպատակ չեն հետապնդել: «Եղել է որոշում, կատարվել է խուզարկություն»,- նշեց Ա. Համբարյանը՝ ուղղակիորեն չհերքելով զանգվածային խուզարկությունների վերաբերյալ մեր հարցադրումները:

Լոռու մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանին էլ նախ զարմացրեց Ա. Համբարյանի զարմանքը, որ զանգվածային խուզարկությունների վերաբերյալ դիմել էինք նրան՝ որպես ոստիկանապետի: Իր մասով էլ քննչական բաժնի պետն ասաց, որ այդ հարցի վերաբերյալ արդեն պարզաբանումներ է ներկայացրել «02»-ին:

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, սակայն, չփոխանցեց քննչականի պետի պարզաբանումները՝ բավարարվելով միայն օրենքից արված մեջբերումով, որ «ոստիկանությունը իր իրավասության սահմաններում կատարում է որոշակի գործողություններ, այդ թվում՝խուզարկություններ»: Հարցին՝ զանգվածային խուզարկությունների թվում քանի՞ խուզարկություն է կատարվել Վանաձորում և նո՞ւյն, թե՞ տարբեր գործերի շրջանակում, Աշոտ Ահարոնյանն ասաց, որ նախաքննության մարմինը տեղեկատվություն տրամադրում է իր հայեցողությամբ, իսկ տվյալ դեպքում նպատակահարմար չի համարում նման տեղեկատվություն տրամադրել:

Մեր այն դիտարկմանը, որ հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը, ինչպես նաև այն, որ մամուլում արդեն շրջանառվում է «մասսայական խուզարկություն» արտահայտությունը, նախաքննական մարմինը տվյալ դեպքում չպետք է առանջնորդվի հայեցողական սկզբունքով, Աշոտ Ահարոնյանը պնդեց իր դիրքորոշումը: Խնդրեցինք տրամադրել գոնե վերջին 1 ամսվա ընթացքում Վանաձորում կատարված խուզարկությունների թիվը կոնկրետ գործերով, լրատվության վարչության պետը սա էլ մերժեց՝ ասելով, որ տվյալ պահին չի տիրապետում նման տեղեկատվության, դիմենք գրավոր կարգով:

Ինչպես փաստաբան Կարեն Թումանյանն է նշում, մարզի ամբողջ օպերատիվ տեղեկատվությունը տնօրինում ու համակարգում է ոստիկանության վարչության պետը: Եվ եթե մեծ թվով իրականացված խուզարկությունների արդյունքում գրեթե ոչինչ չի հայտնաբերվում, նշանակում է՝ ոստիկանապետը չի տիրապետում իր ենթակայության տակ գտնվող ոլորտին:

«Մյուս պարագայում, եթե թերություն է թույլ տալիս, իսկ դատարանից թույլտվություն ստանալով՝ պայմանականորեն 15 խուզարկությունից 13-ում ոչինչ չգտնելը թերություն է, սրանով՝ իր ոչ ճիշտ աշխատանքով, նա ինչպես իր, այնպես էլ դատարանի և մնացած իրավապահ մարմինների նկատմամբ բացասական վերաբերմունք է ստեղծում: Մարդիկ սկսում են չհավատալ ոչ ոստիկանությանը, ոչ դատարանին: Ոստիկանապետը իր վարքագծով անվստահություն է առաջացնում առաջին հերթին դատարանի նկատմամբ»,- ասում է փաստաբան Կարեն Թումանյանը:

Վերջինիս խոսքով՝ մասսայական խուզարկություններն իրականացվում են ինչպես առանձին մարդկանց նկատմամբ ճնշումներ գործադրելու նպատակով, այնպես էլ կոնկրետ իրավիճակներում ցույց տալու, որ իրավապահներն իրենց ուզած եղանակով կարող են մարդկանց տները մտնել:

Լուսանկարը՝ Կարեն Թումանյանի ֆեյսբուքի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter