HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայակովսկի և Գեղաշեն համայնքներում բացվել են նոր նախակրթարաններ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Կոտայքի մարզի Մայակովսկի և Գեղաշեն համայնքներում մասնակցել է նախակրթարանների պաշտոնական բացմանը: Երկու համայնքում էլ նախակրթարանները ձևավորվել են դպրոցների տարածքում Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրով:

Արմեն Աշոտյանը նախ այցելել է Մայակովսկի գյուղի միջնակարգ դպրոց: Նորաբաց նախակրթարանն արդեն ունի 27 սան, ովքեր հատուկ ոգևորությամբ ցուցադրել են իրենց սովորած պարը, արտասանել, պատմել, որ նախակրթարան սիրով են հաճախում: Համայնքի բնակիչները նախարարի հետ զրույցում նշել են, որ գյուղի մանկապարտեզը տարիներ շարունակ չի գործել, և իրենք ստիպված են եղել նախադպրոցական տարիքի երեխաներին տանել Աբովյան քաղաքի մանկապարտեզներ: Այժմ, երբ իրենց գյուղի դպրոցում գործում է ժամանակակից կահավորմամբ, նորոգված նախակրթարան, խնդիրը լուծված է:

Արմեն Աշոտյանի հաջորդ կանգառը Գեղաշեն գյուղում էր: Այս համայնքը մանկապարտեզ երբևէ չի ունեցել: Մինչ այժմ դպրոց հաճախելուց առաջ երեխաները նախակրթարան չեն հաճախել: ԿԳՆ-ի նախադպրոցական միկրոծրագրի արդյունքում համայնքն արդեն ունի ժամանակակից նախակրթարան: Դպրոցի տարածքից առանձնացվել է հարկաբաժին, որը հիմնանորոգվել է, կահավորվել, ապահովվել ուսումնական անհրաժեշտ պարագաներով:

Գեղաշենի նախակրթարանում գործում է երկու խումբ, ընդգրկված է նախադպրոցական տարիքի 70 սան: Արմեն Աշոտյանը, դիմելով նախակրթարանի բացմանը ներկա ծնողներին, հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում պետությունը պատրաստակամ է նախակրթարանի ևս մեկ խումբ բացել:

Նախակրթարանների հիմնադրման ծրագիրը մեկնարկել է 2008 թ.-ից: Փորձնական նպատակով սկսված ծրագիրը հետագայում դարձել է հիմնական: Ծրագրի շրջանակում ՀՀ բոլոր մարզերում բացվել է 217 նախակրթարան, որից 70-ն այս տարվա ընթացաքում:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ նախակրթարաններ ստեղծելու անհրաժեշտությունը Հայաստանում ծագել է անկախության առաջին տարիներից: Սկսած 90-ականների վերջից, երբ նախակրթարաններն ու մանկապարտեզներն անցան ՏԻՄ ենթակայության տակ, Հայաստանի 900 համայնքի մեկ երրորդում մինչև 2008 թ. մանկապարտեզները չեն եղել. մի մասում դրանք չկային, մի մասում էլ շենքերը կային, բայց չէին գործում:

«Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախակրթարան այցելած երեխաներն ավելի պատրաստված են հաճախում դպրոց և ուսումնառության ավելի լավ արդյունքներ են ցուցաբերում: 2008 թ.-ից մինչ այժմ բացված նախակրթարաններում ավելի քան 4500 երեխա է հաճախում: Ծրագիրը շարունակվելու է, քանի որ արդյունքները դրական են և արժանանում են նաև համայնքի բնակչության շնորհակալ վերաբերմունքին»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Գալիք տարի ծրագրում կներառվեն մարզային համայնքներ և մայրաքաղաքը: Դպրոցներում գործող նախակրթարաններում պարապմունքները 3-4 ժամյա գրաֆիկով են կազմակերպվում, դրանց ֆինանասավորումը կատարվում է բյուջեից՝ կիրառելով հանրակրթական դպրոցների՝ ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևը:

2010-2011 թթ. նախադպրոցական միկրոծրագրեր իրականացվել են Արագածոտնի մարզի 19 և Արարատի մարզի 22 համայնքում: 2011-2012 թթ. միկրոծրագրերն իրականացվել են Գեղարքունիքի 21, Արմավիրի 23, Սյունիքի 19 և Վայոց ձորի 22 հաստատությունում: 2012-2013թթ. ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, դրանում ներառված է Շիրակի մարզի 31,Կոտայքի՝ 13, Լոռու՝ 15, Տավուշի՝ 10 համայնք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter