
Ալավերդիում անցկացվեց «Թատերական Լոռի 2012» միջազգային փառատոնը
Հոկտեմբերի 7-ին ամփոփվեց սեպտեմբերի 30-ից Ալավերդիում մեկնարկած «Թատերական Լոռի 2012» 21-րդ միջազգային փառատոնը: Այն նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի հիշատակին: Փառատոնի ընթացքում դերասնուհու 50 տարվա բեմական հաղթանակների մասին ալավերդցի թատերասերներին հիշողություններ պատմեցին նրա բեմական ընկերներն ու ընտանիքի անդամները:
Կնոջ ու մոր 30-ից ավելի կերպարների իր բացառիկ բացահայտումներից Գալյա Նովենցի բեմական ընկերներն առանձնացրին կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» կինոնկարի գլխավոր հերոսուհու` Սիրանույշի խիստ հակասական ու բարդ կերպարը:
«Մեր մանկության տանգոն» կինոնկարը ցուցադրվել է Վենետիկի ավանդական 42-րդ փառատոնում, և Սիրանույշի դերակատարության համար արտիստուհին հայ կինոգործիչներից առաջինն է արժանացել համաշխարհային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին: Այդ ժամանակ էլ «Լա ռեսպուբլիկա» պարբերականը նշել է, որ իր վարպետությամբ և տաղանդով Գալյա Նովենցը հիշեցնում է իտալացի աշխարհահռչակ կինոաստղ Աննա Մանյանիին` խիստ արևելյան տեսակով:
Փառատոնին մասնակցեց Հայաստանի և բարեկամ երկրների 22 թատերախումբ, այդ թվում Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական, Ալավերդու քաղաքային, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական , Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, Երևանի պետական կամերային, Բելառուսի «Պրեմյեր-Սպոնայդ» պարի, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական և այլ թատրոններ:
«Թատերական Լոռի» փառատոնը հիմնադրվել է 1979թ. Ալավերդիում: Այն սկզբնավորվել է որպես հանրապետության ինքնագործ թատերախմբերի ստուգատես, սակայն 2006-ից համայնքային ինքնագործ թատրոններին զուգահեռ փառատոնին սկսել են մասնակցել նաև պրոֆեսիոնալ թատրոնները: Փառատոնի գոյության 35 տարուց 23-ն առնչվում է Ալավերդու քաղաքային թատրոնի ռեժիսոր Հրաչյա Պապինյանի անվան հետ, ով նաև փառատոնի տնօրենն է:
Հրաչյա Պապինյանը, այդուհանդերձ, «Հետքի» հայտնեց, որ համայնքային ինքնագործ թատերական խմբերի մակարդակն այլևս չի բավարարում հանդիսատեսի պահանջներին: Այդ պատճառով էլ փառատոնի բարձր մակարդակը ապահովելու համար հրավիրվել էին պետական, դրամատիկական և ժողովրդական թատերախմբեր: Ըստ փառատոնի տնօրենի՝ ինքնագործ 4 թատերախմբեր ելույթ են ունեցել Սպիտակ քաղաքում և, ցավոք, ապահովել են պրոֆեսիոնալ ցածր մակարդակ:
Փառատոնի ժյուրիի ամփոփիչ արդյունքերով «Լավագույն ներկայացում» անվանակարգում գլխավոր մրցանակ շնորհվեց Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի «Բեռնարդան և նրա աղջիկները» բեմադրությանը:
«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում գլխավոր մրցանակը շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանին «Բեռնարդան և նրա աղջիկները» բեմադրության համար:
Հայրենի եզերքին ու հայրենի ավանդույթներին հավատարիմ մնալու համար «Հայրենի եզերք» մրցանակը շնորհվեց Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկակն թատրոնին:
Փառատոնի հատուկ մրցանակը շնորհվեց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնին «Ռուզան» բեմադրության համար:
Լավագույն թատերական կոլեկտիվ անվանակարգում մրցանակը շնորհվեց Բելառուսի Պոլոցկ քաղաքի «Պրեմյեր-Սպոնայդ» պարային թատրոնին:
Տղամարդու գլխավոր դերի անվանակարգում մրցանակը շնորհվեց Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանին «Հնագույն մասնագիտություն» դերակատարման համար:
ՀՀ վաստակավոր արտիստ Կարինե Ջանջուղազյանին «Լույսը կբացվի» մենաներկայացման և «Սալե» ներկայացման մեջ «Մադլենի» դերակատարումների համար շնորհվեց կնոջ գլխավոր դերի լավագույն կատարման անվանակարգում մրցանակը:
Ժյուրին փառատոնի մասնակից շնորհալի դերասաններին շնորհեց այլ մրցանակներ ևս:
«Թատերական Լոռի 2012» փառատոնը հովանավորել էին «Վալլեքս» խմբի ընկերությունները և ՀՀ մշակույթի նախարարությունը:
Մինչ փառատոնի ամփոփումը «Հետքը» զրուցեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի հետ:
-Ի՞նչ առանձնահատկություններ ունի «Թատերական Լոռի 2012» 21-րդ միջազգային փառատոնը:
-Այս տարվա փառատոնը` 21-րդը, անցած որևէ փառատոնի հետ անհնար է համեմատել, որովհետև բարձրացել է փառատոնի թատերական խմբերի մակարդակը: Բացի դրանից՝ փառատոնին մասնակցեցին երևանյան մի շարք անվանի թատրոններ: Դա արդեն բարձրացնում է փառատոնի դերը: Կար ներկայացումների լայն ընդգրկում՝ թե ռեպերտուարի, թե տեսակի առումով: Կան մոնո, բազմածավալ և կամերային ներկայացումներ: Մյուս առանձնահատկությունը այն է, որ փառատոնը ընդլայնել է իր աշխարհագրական կազմը: Այն ընթանում էր նաև Սպիտակ և Վանաձոր քաղաքներում, այսինքն՝ ընդգրկում էր գրեթե ամբողջ Լոռին: Կարևոր է այն հանգամանքը, որ փառատոնը սկսեց Թբիլիսիի հայկական թատրոնը, և ավարտեց Արցախի հայկական թատրոնը «Արցախի դուստր» ներկայացմամբ: Փառատոնի վերջին ակորդը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Վանաձորի թատրոնում, որտեղ առաջին անգամ հայ թատրոնի պատմության մեջ երեք թատերախմբեր միասին հանդես կգան նույն` Մուրացանի «Ռուզանը» ներկայացման մեջ: Այդ ներկայացումը կգնա ստեփանակերտցիների, աբելյանցիների և սունդուկյանցիների մասնակցությամբ: Ներկայացումը կդառնա հայ թատրոնի տոներից մեկը:
-Ձեր կարծիքով «Թատերական Լոռի» 21-րդ փառատոնը հատկապես ի՞նչ տվեց ինքնագործ թատրոններին:
-Այս փառատոնին աստիճանամար սկսել են մասնակել պրոֆեսիոնալ թատերական խմբերը, միջշրջանային պրոֆեսիոնալ թատրոնները, այն է՝ Արտաշատ, Վանաձոր, Գյումրի, Կապան և այլն:
-Հայաստանի թատրոնների գործունեության համար ստեղծվա՞ծ են բավարար պայմաններ:
-Նայած թատրոն: Բոլոր թատրոններն էլ ի վերջո պետական մինիմալ աշխատավարձ են ստանում: Դա այնքան չնչին գումար է, դրանով նույնիսկ ծիծաղելի է աշխատելը, բայց թատրոնի մարդը այս դեպքում ոչ թե աշխատող է, այլ ի վերուստ ծնված, թատրոնի նվիրյալ, որը համակերպվում է այդ դժվարություններին և ինչպես ասում են, տանում է իր խաչը: Բարդ է վիճակը, բայց այդպիսին է այսօր հայ դերասանի ճակատագիրը: Վերջին տարիներին կա դերասանների փոքրամասնություն, ովքեր հնարավորություն ունեն նկարահանվել տարբեր սերիալներում և անկախ այդ սերիալների մակարդակից՝ դրանով ապահովել իրենց հանապազօրյա հացը:
-Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ փառատոնին 50 տարեկան դերասանները Ալավերդիում հանդես են եկել երիտասարդ աղջիկների դերերում: Հնարավոր չէ՞ համայնքային թատրոնները համալրել երիտասարդ դերասաններով:
-Շատ հնարավոր է, որ այդպիսի մեղադրանք լինի, որովհետև ոչ միայն Ալավերդու թատրոնում, այլև մեր մյուս թատրոններում էլ կան դեպքեր, երբ երիտասարդ հերոսուհիներին մարմնավորում են տարեց դերասաններ: Հույս ունեմ, որ Վանաձորում արդեն 10 տարի գործող թատերական դպրոցը կլուծի խնդիրը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել