«Սալվադոր ֆեստ» մտքի փառատոնը կբացահայտի ինքնատիպ մտքեր ունեցող երիտասարդներին
Հոկտեմբերի 13-ին կմեկնարկի «Սալվադոր ֆեստ» մտքի փառատոնը, որին կմասնակցեն տարբեր բուհերի մարքեթինգային (PR/գովազդ/բիզնես) ամբիոնների ուսանողներ և երիտասարդ մասնագետներ: Ծրագրի նպատակն է բացահայտել մարքեթինգի, PR ոլորտներում ստեղծարար և ինքնատիպ մտքեր ունեցող երիտասարդներին:
Ծրագրի առաջին օրը կազմակերպիչները կներկայացնեն առաջարկներ պատրաստելու տեխնիկական ձևաչափը, մասնակիցներին կտան անհրաժեշտ խորհուրդներ և նման փառատոների միջազգային փորձի մասին օգտակար տեղեկություններ: Առաջին օրվա հանդիպումը կեզրափակվի Հայաստանում դեռևս չկիրառված գովազդների մասին պատմող շնորհանդեսով:
Մեկշաբաթյա աշխատանքներից հետո՝ հոկտեմբերի 20-ին, մասնակիցները կներկայացնեն իրենց առաջարկները: Առաջարկների տեխնիկական ձևաչափին համապատասխան աշխատանքները կընդգրկվեն հաջորդ փուլ։ Կազմակերպիչները փառատոնի մասնակիցներին կներկայացնեն «PR-ի առանձնահատկությունները Հայաստանում» խորագրով վերլուծական նյութ:
Հոկտեմբերի 27-ին պրոֆեսիոնալ ժյուրիի և հեղինակավոր կազմակերպություններից հրավիրված մասնագետների ներկայությամբ մասնակիցները կներկայացնեն իրենց նորարարական առաջարկները և կլսեն պրոֆեսիոնալների կարծիքները։ Տեղի կունենան մասնագիտական քննարկումներ: Ժյուրին կընտրի լավագույն 10 աշխատանքները ներկայացրած մասնակիցներին: Ծրագրի այս փուլում հաղթած 10 երիտասարդները կհանդիպեն համապատասխան ոլորտները ներկայացնող պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ և հնարավորություն կունենան ամենաբարձր մակարդակով արտահայտելու իրենց նորարարական առաջարկներն ու մտքերը:
Նոյեմբեր 3-ին տեղի կունենա «Սալվադոր ֆեստ» մտքի փառատոնի եզրափակիչ փուլը: Կհրապարակվեն հաղթողները, առաջինից երրորդ տեղեր զբաղեցրած երիտասարդները կստանան պատվոգրեր և խրախուսական մրցանակներ:
Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Մարքեթինգի հայկական ակումբը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել