Երևանում տեղակայված բժշկական կազմակերպությունները կցվել են մարզային բժշկական կենտրոններին
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով Երևանում տեղակայված բժշկական կազմակերպությունները կցվել են մարզային բժշկական կենտրոններին՝ Հայաստանի մարզային բժշկական կազմակերպություններում չիրականացվող մասնագիտացված բուժօգնությունը բնակչությանը հասանելի դարձնելու, մարզերի բնակչությանը տեղերում ցուցաբերվող բուժօգնության որակը բարձրացնելու, բուժման շարունակականությունն ապահովելու նպատակով։
Թեև վերջին տարիներին մարզերում ժամանակակից, բարձրակարգ սարքավորումներով 12 հիվանդանոց է շարք մտել, սակայն առ այսօր հիվանդների հոսքը դեպի մայրաքաղաքային բուժհաստատություններ էականորեն չի նվազում։ Դրա հիմնական պատճառը մարզերում մասնագետների պակասն է։
Երևանի բուժհաստատություններում պատասխանատու նշանակված առաջատար մասնագետները կցված մարզային բժշկական կազմակերպությունների հետ կապահովեն 24-ժամյա կապ, իսկ բժիշկ-մասնագետներից կազմված խմբերը շաբաթը մեկ անգամ կայցելեն մարզեր:
Այս գործընթացում ընդգրկվել են նաև առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները, ովքեր կաշխատեն մարզերի գլխավոր մասնագետների հետ, անհրաժեշտության դեպքում կմասնակցեն այցերին և մասնագիտական խորհրդատվություն կտրամադրեն։
Նախարարությունը տեղեկացնում է, որ Դերենիկ Դումանյանի հրամանով դեռ օգոստոսի սկզբին Երևանում տեղակայված 3-րդ մակարդակի ծննդօգնության հիմնարկները նույն նպատակով կցվել են մարզային ծննդօգնության հիմնարկներին։
Երևանի ծննդատների մասնագետները պարբերաբար այցելում են մարզերի ծննդօգնության հիմնարկներ, տրամադրում խորհրդատվական և կազմակերպամեթոդական օգնություն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել