
Սկեսուր-հարս վեճում կլորիկ գումար աշխատեց պետությունը
Վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել քաղաքացի Վերոնիկա Ալեքսանյանի բողոքը, ինչի արդյունքում ամուսնուն կորցրած երիտասարդ կինը եւ նրա անչափահաս որդին՝ 5-ամյա Հրաչը, ստիպված են իբրեւ առաջին ատյանի դատարանին ներկայացված հայցի պետտուրք մուծել ավելի քան 6.300 դոլար:
Հիշեցնենք, որ Վերոնիկան դատարանում վիճարկել էր ամուսնու՝ Լեւոնի մահից հետո սկեսրոջը մոտ հայտնված ժառանգական եւ ոչ ժառանգական գույքի հարցը: Հրաչին է պատկանում Լեւոնի մեքենայի 50 տոկոսը, սակայն առ այսօր այդ իրավունքը կախված է օդից, քանզի առաջին ատյանի դատավոր Արայիկ Մելքումյանը դատավարության ժամանակ ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին: Սկեսուր Հասմիկ Չուխաջյանի տիրապետության տակ էր հայտնվել նաեւ կահույք ու ոսկեղեն, որոնք ժառանգության առարկա չէին ճանաչվել: Դատավոր Մելքումյանը ոչ միայն մերժել էր Ալեքսանյանի հայցը, այլեւ որոշել, որ նրան պետտուրքից ազատելու հիմքեր չկան: Մելքումյանն անհիմն էր համարել հայցվորի փաստարկները առ այն, որ ինքը չի աշխատում, երեխան էլ առողջական խնդիրների պատճառով մշտական խնամքի կարիք ունի: Ի տարբերություն Մելքումյանի՝ վերաքննիչ ատյանը Ալեքսանյանին ազատել էր պետտուրքից, սակայն մերժել էր նրա վերաքննիչ բողոքը, իսկ Վճռաբեկ դատարանը, ինչպես եւ սպասում էր Ալեքսանյանի փաստաբան Նազելի Վարդանյանը, գործը վարույթ չի ընդունել:
Այսպիսով, չաշխատող այրին ու անչափահաս տղան պետք է պետությանը 6.300 դոլար մուծեն: Ասել է թե՝ սկեսրոջ ու հարսի դատական վեճի արդյունքում շահել է պետությունը՝ մի կլորիկ գումար աշխատելով մահացածի կնոջից ու երեխայից:
Փաստաբան Վարդանյանը պատրաստվում է գործը շարունակել Եվրադատարանում:
Լեւոնին ու Վերոնիկային պատկանած տան մասով առանձին դատավարություն է ընթանում վարչական դատարանում: Այդ տունը նույնպես սկեսուր Չուխաջյանի ձեռքում է: Սակայն վարչական ատյանի այս դատավարությունը կասեցված է առժամանակ, քանի որ Չուխաջյանը Աջափնյակի ու Դավթաշենի դատարանին ներկայացրել է հայց՝ պնդելով, որ առանձնատան առքուվաճառքի պայմանագիրը իր մահացած որդու եւ «Հովնանյան Ինտերնեյշնլ»-ի միջեւ անվավեր համարվի եւ իր հետ կնքվի նորը. սա կնշանակի, որ տան 100-տոկոսանոց տերը հենց Չուխաջյանն է, ու դատարկաձեռն կմնան թե Հրաչը, թե Վերոնիկան:
Լուսանկարում՝ Վերոնիկան եւ փոքրիկ Հրաչը
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել