HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

News.am-ի գործով կհետազոտվի հեռախոսային հարցազրույցը

Այսօր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ, կայացավ news.am լրատվական գործակալության դեմ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության հայցով դատաքննությունը:

Դատարանը հետազոտեց գործում առկա ապացույցները, այնուհետև հրավիրեց դատակոչված վկա Հովհաննես Կաթրջյանին:

Քանի որ պատասխանողն էր միջնորդություն արել` նրան որպես վկա դատակոչելու, վկային առաջինը հարցաքննելու իրավունքը տրվեց պատասխանողի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանին: Վերջինս ընթերցեց news.am-ում հրապարակված «Սրտի արատով հիվանդին արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում «ֆռռացրել» են ու այլ սարք տեղադրել» վերտառությամբ հոդվածը և հարցրեց վկայից, թե արդյոք հոդվածում առկա խոսքերը ի՞ր խոսքերն են, թե՞ ոչ: Հ. Կաթրջյանը պատասխանեց, որ իր խոսքերն են, իսկ վերնագրում առկա «ֆռռացրել» են բառի վերաբերյալ ավելացրեց, որ դա մեղմ է ասած:

Հ.Կաթրջյանը դատարանին ներկայացրեց բժիշկների տված արձանագրությունը, որում ասվում է, որ տեղադրված սարքը ծառայելու է 6 տարի ժամկետով: Ինչպես նաև դատարանին ներկայացրեց որոշում՝ քրեական գործով իրեն տուժող ճանաչելու և Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Ջամալյանին մեղադրյալ ներգրավելու մասին:

Վկան ավելացրեց, որ բացի իրենից՝ ևս երկու հոգի է Ս.Ջամալյանին դատի տվել՝ վերջինիս անվանելով մարդասպան, հիպոկրատի երդում տված մարդ, որը տարիներ շարունակ մարդկանց հաշմանդամ է դարձրել, որին պետք է կախել: Հ.Կաթրջյանը Ս.Ջամալյանին նաև համեմատեց Սաֆարովի հետ՝ մեկնաբանելով, որ վերջինս քնած է մարդ սպանել, Ս.Ջամալյանն էլ քնեցնելով է դա անում:

Մուրադ Ասրյանի հարցին, թե նա ի՞նչ միջոցով է news.am-ին հաղորդել վիճահարույց հոդվածում հրապարակված տեղեկատվությունը, Հ.Կաթրջյանը պատասխանեց, որ անձամբ, իր նախաձեռնությամբ է գնացել news.am գործակալություն:

Դատարանը հրապարակեց ամբողջ տեքստը, որպեսզի վկան ասեր, թե արդյոք հոդվածում առկա տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, և ինչը իր կարծիքը չէ, այլ ավելացված է խմբագրության կողմից: Վկան ասաց, որ ամբողջն իր հայտնած տեղեկություններն են և կրկին հայտնեց իր կարծիքը Ս.Ջամալյանի վերաբերյալ:

Այնուհետև կողմերը դատարանին հայտնեցին իրենց դիրքորոշումները վկայի ցուցմունքի վերաբերյալ:

Մ.Ասրյանը բարձրացրեց այն հարցը, որ պատասխանողի ներկայացուցիչ Ա.Կիվիրյանի և դատակոչված վկա Հովհաննես Կաթրջյանի ցուցմունքի միջև հակասություններ կան առ այն, որ Հ.Կաթրջյանը ասում է, որ իր նախաձեռնությամբ է գնացել գործակալություն, մինչդեռ Ա.Կիվիրյանը նախորդ նիստերից մեկում ասել է, որ Հ.Կաթրջյանին թղթակիցը հանդիպել է Կառավարության շենքի դիմաց: Սրանից Մ.Ասրյանը հետևություն է անում, որ news.am-ում հրապարակված հոդվածը հրապարակային ելույթից վերցված չէ, այդ իսկ պատճառով որպես պատասխանող պետք է հանդես գա «Մեդիա Կոնսալթ» ՍՊԸ-ն, որը ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ:

Մ.Ասրյանը պնդեց, որ որպես ապացույց ներկայացված ձայնասկավառակը, որում news.am-ի թղթակցի և Ս.Ջամալյանի հեռախոսային հարցազրույցն է, հետազոտվի դատարանում, քանի որ ձայնասկավառակում առկա հարցազրույցն ամբողջությամբ ներկայացված չէ: Դատարանը նիստը հետաձգեց, քանի որ համապատասխան տեխնիկա չկար` հետազոտելու ձայնասկավառակը, և հերթական նիստի օր նշանակեց հոկտեմբերի 26-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter