Արցախի կառավարության գործունեության նոր ծրագիրը խոստանում է կյանքի որակի էական բարելավում
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ:
Նիստի օրակարգային գլխավոր հարցը ԼՂՀ կառավարության գործունեության նոր ծրագրի մասին էր, որը գործադիրի քննարկմանը ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար, ծրագրի նախապատրաստման աշխատանքային խմբի համակարգող Լևոն Գրիգորյանը:
Խոսելով փաստաթղթի առանցքային կետերի մասին` զեկուցողը նշել է, որ կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով ԼՂՀ Սահմանադրության և նախագահի նախընտրական ծրագրի դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրային դրույթների ընդհանրությունները: Կառավարության գործունեությունը նպատակաուղղված է լինելու երկրի ներքին և արտաքին անվտանգության ապահովմանը, ԼՂՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրների իրագործմանը:
Կառավարության ծրագիրը ապահովելու է նախորդ տարիների ձեռքբերումների շարունակական զարգացումը և քաղաքական, տնտեսական, սոցիալական, կառավարման համակարգերի համարձակ ու իրատեսական բարեփոխումների իրականացումը` որպես հետևանք երաշխավորելով մեր քաղաքացիների կյանքի որակի էական բարելավումը:
Շեշտվել է, որ կառավարության ջանքերը ուղղված կլինեն մի կողմից կայուն տնտեսական աճի ապահովմանը, մյուս կողմից` սոցիալական արդարության հաստատման լայնածավալ ծրագրերի իրականացմանը: Կառավարության ուշադրության կիզակետում կլինեն պարենային և էներգետիկ անկախության ապահովմանն ուղղված ծրագրերը: Կառավարությունը նպատակ է դնում բարեփոխումների հետևողական իրագործումը ամրապնդել այնպիսի ձեռքբերումներով, որոնցում երկարաժամկետ կայուն զարգացման հիմքերն ու համակարգային լուծումները գերակշռեն կարճաժամկետ արդյունքներին:
Առաջիկա հինգ տարիներին կառավարության գործունեության հիմնական գերակայություններն են լինելու` 1. տնտեսական զարգացում և աճի կայուն տեմպերի ապահովում, 2. առողջ, կիրթ, զարգացած և հայրենասեր հասարակության կայացում, նրա բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ և արժանապատիվ պայմանների ապահովում, 3. Արցախի պետականաշինությունը և պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացում, 4. ԼՂՀ միջազգային ճանաչում և ղարաբաղաադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորում:
Կառավարությունը առաջարկվող ծրագրի իրականացմամբ 2012-2017 թվականներին նպատակադրում է ապահովել`
-համախառն ներքին արդյունքի տարեկան 9-11 տոկոս իրական աճ,
-ներդրումների ծավալի 10-15 տոկոս միջին տարեկան աճ,
-ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպեր,
-հինգ հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում,
-նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնապատկում,
-գյուղատնտեսության համախառն արտադրանքի 12-15 տոկոս միջին տարեկան աճ,
-էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալի ավելի քան երեք անգամ աճ` այն հասցնելով 380-400 մլն կվտ/ժամի,
-միջին կենսաթոշակի չափի կրկնապատկում:
Հատուկ ուշադրություն կդարձվի զբոսաշրջության զարգացման, սոցիալական երաշխիքների տրամադրման, ժողովրդագրական իրավիճակի բարելավման, պետական եկամուտների հավաքագրման և այլ խնդիրների արագ ու արդյունավետ կարգավորմանը:
Կառավարության գործունեության ծրագրի առանձին ուղղությունների և որոշակի անելիքների վերաբերյալ նիստում պարզաբանումներով հանդես է եկել վարչապետ Ա. Հարությունյանը: Նա ներկաներին իրազեկեց, որ ներկայացվող ծրագիրը նախապես քննարկվել է ԼՂՀ ԱԺ խմբակցությունների և կառավարության անդամների հետ, հաշվի են առնվել հիմնավոր նկատառումները: Վարչապետը շեշտել է, որ փաստաթղթում ամրագրվել են շատ որոշակի թվեր, որոնց իրականացման համար պատասխանատու է ամբողջ կառավարությունը:
Սույն ծրագիրը նախորդի տարմաբանական շարունակությունն է, նպատակ է հետապնդվում զարգացնել անցած տարիների ձեռքբերումները և ապահովել, նախևառաջ, համախառն ներքին արդյունքի նախատեսվող ցուցանիշը:
Կառավարության ղեկավարը ընդգծել է, որ ծրագրի հաջող կատարումը մեծապես կախված է լինելու նախանշվող տնտեսական նախագծերի իրագործումից, որի համար ստեղծված են անհրաժեշտ նախադրյալներ: Վարչապետի խոսքով` հանրապետությունում տնտեսական աճը մեծապես կապահովվի գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և էներգետիկայի բնագավառների հաշվին: Առանձնահատուկ նշվել է, որ կվերանայվի հարկային քաղաքականությունը հանքարդյունաբերությունում այն նպատակով, որ Արցախի ընդերքի շահագործումից ավելի շատ մուտքեր ուղղվեն պետական բյուջե:
«Տնտեսական աճի համար պատասխանատու ենք բոլորս: Պետք է պարբերաբար հանրությանը հաշվետվություն տալ ծրագրում ներառված յուրաքանչյուր նախադասության համար»,- հայտարարել է Ա. Հարությունյանը:
Գործադիրը հավանություն է տվել կառավարության գործունեության ծրագրին, որը և կներկայացվի ԼՂՀ ԱԺ քննարկմանը:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել