HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Հարությունյան. Արցախում վարելահողերի մի զգալի մասը չի մշակվում հատկապես գյուղապետների մեղքով

Արցախի կառավարության այսօրվա հերթական նիստի ժամանակ լրացումներ են առաջարկվել «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում՝ նպատակ ունենալով հստակեցնել Մարտունու և Մարտակերտի շրջանների ներքին ու արտաքին սահմանները:

Գործադիրը փոխել է Ասկերանի շրջանի Այգեստանի գյուղավան համայնքին պատկանող երկու հողատարածքի նպատակային նշանակությունը: Դրանցից մեկը՝ 1,1236 հեկտար մակերեսով գյուղատնտեսական հողակտորը, փոխադրվել է հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, մյուսը՝ 1,5 հեկտար արոտավայրը, կտրամադրվի գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման համար: Երկու հողատարածքն էլ կօտարվի աճուրդի միջոցով:

Նիստում քննարկվել է Արցախի հողային ֆոնդի առկայության և բաշխման 2012թ. հաշվետվությունը: Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ, ըստ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացրած փաստաթղթի, Արցախում գյուղատնտեսական նշանակության ավելի քան 593 հազար հեկտար տարածքից վարելահող է շուրջ 138 հազար հեկտարը:

Նիստը վարող վարչապետ Արա Հարությունյանը ներկաներին հիշեցրել է, որ Արցախում վարելահողերի մի զգալի մասը չի մշակվում և հատկապես համայնքապետների մեղքով: Նրանք հաճախ են այդ տարածքները թողնում արոտավայրերի տակ՝ փոխանակ հողօգտագործողներին աջակցելու, որպեսզի նրանք այդ հողատարածքները մշակեն՝ ըստ հարկի: Վարչապետը նշել է, որ համայնքների ղեկավարները պետք է շահագրգռված լինեն վարելահողերն ամբողջովին մշակելու հարցում՝ ստանձնելով գյուղատնտեսական եկամուտներն ավելացնելու հստակ պարտավորություն:

Արա Հարությունյանի խոսքով՝ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որ նպատակային օգտագործվեն հատկապես գյուղամերձ հողատարածքները: Վարչապետը իրավասու մարմինների պատասխանատուներին հրահանգել է համայնքային բյուջեների կազմման ժամանակ հաշվի առնել վարելահողերից ստացվող հարկերն ու եկամուտները և ըստ այդ չափերի գնահատել համայնքապետերի աշխատանքը: Արա Հարությունյանը ցուցում է տվել անբավարար ցուցանիշների դեպքում նրանց զրկել աշխատավարձից և չտրամադրել նախատեսված դոտացիան:

Նիստում գործադիրը երեք որոշում է ընդունել ոստիկանության ոլորտի խնդիրների առնչությամբ: Կատարվել են փոփոխություն և լրացում կառավարության նախկին որոշումներից մեկում, ըստ որի՝ կուժեղացվի վերահսկողությունը տեղամասային տեսուչների կողմից՝ ԼՂՀ օրենսդրությամբ նրանց վերապահված իրավունքների և պարտականությունների կատարման նկատմամբ:

Մյուս որոշմամբ կատարված լրացումներով, մասնավորապես, սահմանվել է, որ պետական վիճակագրության մեջ որպես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված են հաշվառվում այն անձինք, ովքեր մահացել են պատահարը տեղի ունենալու օրվանից 30 օրվա ընթացքում: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter