
Սամցխե-Ջավախքի հայկական ՀԿ-ների խորհրդի հայտարարությունը
Ս.թ. հոկտեմբերի 1-ին կայացած Վրաստանի խորհրդարանական ընտրությունները և հետագա իրադարձությունները իսկական բարեփոխումների ակնկալիքով են ընդունվել մեր երկրամասում։ Շնորհավորում ենք Վրաստանի ժողովրդին՝ բոլոր դժվարությունները հաղթահարելով իր ազատ կամք արտահայտելու առիթով, և «Վրացական երազանք» դաշինքին՝ հասարակության մեծամասնության վստահության քվեն ստանալու կապակցաբար։
Հատկանշական է ոչ միայն ընդդիմադիր դիրքերից ընտրություններին մասնակցած «Վրացական երազանք» դաշինքին ի նպաստ հասարակության մեծամասնության քվեարկելու փաստը, այլ նաև երկրի նախագահի կողմից այդ արդյունքներն ընդունելու փաստը։ Վարդերի հեղափոխությունը մոտ տասը տարի անց տվեց իր պտուղը. ժողովուրդը արտահայտեց իր կամքը, և գործող իշխանությունը ենթարկվեց այդ կամքին։ Վրաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ ստեղծվել են խաղաղ ու օրինական ձևով իշխանափոխություն կատարելու բոլոր նախադրյալները։
Նույնքան հատկանշական է այն փաստը, որ պաշտոնական արդյունքների համաձայն՝ Սամցխե-Ջավախքում քվեարկությունը եղել է ի նպաստ իշխանությունների և նրանց կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուներին։ Հաշվի առնելով հասարակության մոտ առկա դժգոհությունը գործող իշխանությունների նկատմամբ՝ այս փաստը վկայում է մեր երկրամասում ստեղծված հալածանքի, սպառնալիքների ու վախի մթնոլորտի և ընդհանրապես ժողովրդավարության սկզբունքներից հեռու լինելու մասին։
Չնայած խորհրդարանում նոր մեծամասնությունը դեռևս պետք է իր արդյունավետ գործունեությունը ցույց տա, նոր մեծամասնության ղեկավարը անցած մի քանի օրերի ընթացքում հասցրեց հայերի նկատմամբ հակասական և մտահոգության տեղիք տվող մտքեր հրապարակել։
Այդուամենայնիվ, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը երկրի քաղաքական և տնտեսական զարգացման համար այս կարևոր հանգրվանի շեմին հայտարարում է իր լավատեսությունը, որ ընտրություններով սկսված փոփոխությունները կունենան իրենց շարունակությունը և ինչպես Վրաստանի ամբողջ հասարակության, այնպես էլ մեր երկրամասի ժողովրդի համար կբերեն իսկական բարեփոխումներ քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական և հոգևոր բնագավառներում։
Մենք այս լավատեսությամբ հայտնում ենք մեր պատրաստակամությունը նորընտիր իշխանությունների հետ գործակցաբար, օբյեկտիվ, արդարացի և իրավականորեն լուծելու մեր երկրամասի բոլոր խնդիրները՝ հանուն Վրաստանի կայուն և ժողովրդավար զարգացման։
Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ
2012թ., հոկտեմբերի 9
ք. Ախալքալաք
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել