HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է մեր ժամանակների հայ բժիշկը

Յուրաքանչյուր հայ բժիշկ պոտենցիալ էմիգրանտ է... Հայաստանում չտեսնելով ապագա, ցանկացած ուսանող և արդեն աշխատող մասնագետ երազում է և նպատակ ունի ցանկացած ճանապարհով հեռանալ Հայաստանից և կայանալ արտերկրում, և ցավալին էլ այն է, որ արդեն կապ չունի, թե ուր` նույնիսկ Եմեն…Հայաստանում մնում են, հիմնականում, մեծահասակ բժիշկները…

Բժիշկների գրեթե 80%-ը աղքատ, հուսահատված, հիասթափված մարդիկ են, նրանք ունեն անթիվ` տարիներով չլուծված խնդիրներ...

Բժիշկը զրկված է կյանքի պրիմիտիվ` կենցաղային հարցեր լուծելու և հաճույքներից օգտվելու հնարավորությունից, օրինակ` իր ընտանիքը նորմալ պահելու, գեղեցիկ հագնվելու, լավ սնվելու, արձակուրդին մարդավարի հանգստանալու` թե Հայաստանում և թե արտերկրում, մեքենա, տուն ունենալու, տուն վերանորոգելու, իր երեխաներին կրթության տալու, ամուսնացնելու, նրանց օգնելու, մեկ-մեկ ռեստորաններ և սրճարաններ, լողավազաններ, մարզասրահներ այցելելու, մեկ-մեկ այնտեղ փոքրիկ միջոցառումներ կազմակերպելու, և, ի վերջո, բժիշկը և նրա հարազատները չունեն բժշկի գնալու հնարավորություն: Այսինքն այսօր բժշկի և իր ընտանիքի թիվ Մեկ խնդիրը ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՆ Է...

Բժիշկը չունի հնարավորություն իր հարազատներին, ընկերներին, բարեկամներին օգնելու, նրանց մեկ-մեկ փոքրիկ և համեստ նվերներ անելու: Բազմաթիվ երիտասարդ հայ բժիշկներ և ուղղակի շնորհաշատ ու տաղանդավոր երիտասարդներ չունեն հնարավորություն ամուսնանալու, ընտանիք ստեղծելու, երեխաներ ունենալու, նրանք ուղղակի վախենում, խուսափում են նման հարաբերություններ կառուցելուց, բազմաթիվ հայ բժիշկների ընտանիքներ էլ սոցիալական ծանր պայմաններին բախվելով ուղղակի քայքայվում են: Այնինչ, ցանկացած իրեն հարգող հասարակության մեջ, հենց նման գենետիկա ունեցող մարդկանց պետք է ամեն կերպ խրախուսել և օգնել, որպեսզի նրանք շատ լինեն ու բազմանան:

Բժիշկների մեծ մասը քրոնիկ հիվանդներ են և ուղղակի չունեն ֆինանսական հնարավորություն որակյալ դեղեր գնելու և որակյալ բուժում ստանալու` գոնե նորմալ ատամներ ունենալու, նման վիճակում են նաև նրանց ընտանիքի գրեթե բոլոր անդամները` թե ծնողները, թե, Աստված ոչ անի, երեխաները: Նրանցից շատերը ուղղակի խորը դեպրեսիայի մեջ են գտնվում, ոմանք չեն դիմանում, կոտրվում են, իրենց նվիրում են ալկոհոլին, թմրանյութերին և, նույնիսկ, անելանելի վիճակներից ելք չգտնելով` ինքնասպանության փորձեր են կատարում: 

Ահա մեր «շառլատան» հայ բժիշկների իրական նկարագիրը: Իսկ քսանմեկերորդ դարում մեր երկրում դեռ նրանց ծեծում են, ծեծելով սպանում են, հայհոյում և նվաստացնում են, բռնում, կալանավորում են, դատում, բանտ են նետում նրանց, որ թող այնտեղ նրանք սատկեն, կամ էլ, լավագույն դեպքում, հաշմանդամ դառնան…

Յուրաքանչյուր բժիշկ ամեն օր աշխատանքի գալով փորձում է լուծել հացի և պրիմիտիվ կենցաղային խնդիրներ: Ոչ մի բժիշկ չունի հնարավորություն գումարներ կուտակելու, բիզնեսներ ստեղծելու կամ իրեն շռայլություններ թույլ տալու…
Շատ բժիշկներ ուղղակի ստիպված են փող վաստակելու և ընտանիք պահելու նպատակով մի քանի տեղ օր ու գիշեր աշխատել, հաճախ կատարելով այլ` ոչ բժշկական, նվաստացուցիչ աշխատանք: Այդ պատճառով առաջանում են բժիշկների գերհոգնածության, հիասթափության դեպքեր, շատ Բժիշկներ, ուղղակի, ժամանակ, ֆիզիկական ուժ ու եռանդ չունեն մասնագիտական գրականություն կարդալու, զարգանալու, ինքնակրթվելու, վերանում է բժշկի պրոֆեսիոնալիզմի և գիտելիքների աճի ձգտումը, և, հակառակը, առաջանում է անիմաստության, ոչ պահանջված, չգնահատված լինելու և ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ զգացողություն:

Բժիշկները սարսափում են վաստակած հանգստի` թոշակի գնալու գաղափարից, որովհետև նրանք, որպես կանոն, չունեն հետ գցած, կուտակած գումարներ և բիզնեսներ: Թոշակի անցնելով` յուրաքանչյուր Բժիշկ մատնվում է ավելի ծանր` աղքատ գոյատևման կարգավիճակի:

Ցանկացած բժիշկ սրտատրոփ երազում ու սպասում է այն պահին, թե երբ են վերջապես Հայաստանում բժիշկներին ավելի քաղցր աչքով նայելու…

Մի քանի տող  «շառլատան» հայ բժիշկեր կատեգորիայի մասին:

Այս կատեգորիայի մեջ են մտնում այն բժիշկները, որոնք ունեն բոլոր վերը թվարկված խնդիրները, բայց նրանք ճարահատյալ, և, ինչ որ տեղ, բարեբախտաբար, գտել են ինչ որ մի կողմնակի ճանապարհ` վաստակելու մի քանի ավել «կոպեկ», բառի բուն իմաստով`«կոպեկ» գումար: 
Երկու բառով բացատրեմ դրա մեխանիզմը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում աշխատում են բազմաթիվ դեղագործական ընկերություններ` թե տեղական, թե արտասահմանյան, դեղատներ, ախտորոշիչ կենտրոններ և լաբորատորիաներ, ու քանի որ մեր շուկան խիստ սահմանափակ է և փոքր, այդ սուբյեկտների միջև գործում է կատաղի մրցակցություն:

Եվ ինչպես են մրցակցում` բժիշկներին առաջարկում են համագործակցության շահագռգռող տարբերակներ, այսինքն բժիշկը որոշակի սիմվոլիկ վարձատրության կամ նվերի դիմաց պետք է հիվանդին անհրաժեշտ տվյալ հետազոտությունը կամ դեղամիջոցը պատվիրի իրենցից և ոչ թե մյուսից:

Այսինքն, հիվանդը, որն այսպես թե այնպես պետք գնի այդ դեղամիջոցը, այն գնում է տվյալ դեղատնից նույն` առօրյա գնով և այդտեղ դեղատունը կամ դեղագործական ընկերությունն էլ սիմվոլիկ գումարով վարձատրում է բժշկին...

Ի միջի այլոց սա գործում է աշխարհի բոլոր երկրներում, ուղղակի, օրինակ Եվրոպայում կամ ԱՄՆ-ում դեղագործական ընկերությունները ոչ թե բժիշկներին են վարձատրում` այնտեղ բժիշկներն այնքան բարձր են վարձատրվում, որ դրա կարիքը չունեն, այլ, օրինակ` ֆինանսավորում են նրանց մասնակցությունը մասնագիտական կոնֆերանսներին, ֆինանսավորում են հետազոտություններ և այլն: Այսօր առկա բոլոր դեղերը, որոնց միջոցով բուժվում են ամենաթեթևից մինչև ամենածանր հիվանդությունները, դրանց հետազոտությունները ֆինանսավորվել են դեղագործական ընկերությունների կողմից` ԲՈԼՈՐԸ...

 Փառք Աստծո, գոյություն ունի ինտերնետ, և յուրաքանչյուրը կարող է այնտեղից բեռնել աշխարհի ամենահեղինակավոր բժիշկների դասախոսությունները և նրանցում, անխոս, կհանդիպեք որևէ դեղ արտադրող ընկերության լոգոյի կամ նրանց գովազդի...

Ե՞վ ինչ, ստացվում է ամբողջ աշխարհի բժիշկներն էլ են  «շառլատան»:  Իսկ Հայաստանում, քանի որ այստեղ բժիշկները գտնվում են այսպիսի թշվառ սոցիալական վիճակում, արդեն այդ «համագործակցությունն» ընդունում է վերը նշված բնույթը...

Այսինքն` այդ սուբյեկտները բացահայտել են մեր ներկայիս Առողջապահական Համակարգի ամենախայտառակ, թույլ և խոցելի տեղը: Ինչ են անում` շատ ստորացուցիչ տարբերակով բավարարում են բժիշկների տարրական` գոյատևման համար անհրաժեշտ պահանջները:

Այո, ցավալի է, բայց մեր իրականության մեջ կան նման շատ դեպքեր, բժիշկներ որոնք ստիպված են գնալ նման նվաստացուցիչ քայլերի` ամաչելով, նեղվելով, քաշվելով, ջղայինանալով և անիծելով ստեղծված անարդար իրավիճակը:

Մենք հասկանում և համարում ենք այդ երևույթը ամոթալի, վատ և անթույլատրելի`բժշկին ոչ վայել, բայց մենք այս պահին և այս աշխատանքային պայմաններում անզոր ենք և չունենք ոչ մի ԲԱՐՈՅԱԿԱՆ իրավունք նրանց մեղադրելու, որովհետև այդ նվաստացուցիչ ճանապարհով վաստակած չնչին գումարները բժիշկները չեն տանում ու մխսում խաղատներում, սաունաներում, հյուրանոց-բորդելներում մարմնավաճառների հետ, որոնք, ի դեպ, մեկ-երկու ժամյա  «քրտնաջան» աշխատանքի շնորհիվ, վաստակում են շարքային հայ բժշկի մեկ ամսվա աշխատավարձը…Բժիշկները չեն ծախսում այդ չնչին գումարները թմրանյութեր ձեռք բերելու վրա, բժիշկները այդ գումարներով չեն լիցքավորում իրենց տեսակ-տեսակ թանկարժեք Բենթլիները, Իքս վեցերը և Յաշիկները…

Անկեղծ ասեմ, բժիշկները, պարզապես, այդ գումարները ծախսում ենք իրենց ընտանիքների վրա` ուտելիք են առնում, մեկ-մեկ շոր, երեխայի Պամպերս կամ սնունդ, կոմունալ վարձեր են վճարում և, իհարկե, իրենց  ծնողներին են օգնում…

Չի կարելի Բժիշկներին սարքել Ազգի Թշնամիներ և մտածված ու արհեստականորեն սեպ խրել Բժիշկների ու Ժողովրդի միջև...

«Քննադատական» գրելիս, առաջինը` թող յուրաքանչյուրը մի պահ մտածի, որ դիմացի բժիշկն իր հայրը կամ եղբայրն է, և երկրորդը` արդյոք ինքը համաձայն է վաթսուն հազար դրամով աշխատել, թեկուզ ոչ բժշկի, թեկուզ ամենաթեթև աշխատանքը անել, բայց ամսեկան ընդամենը վաթսուն հազար դրամով...

Նախարարն այսօր Հ1-ով Նվեր Մնացականյանին ասում էր, որ համավճարը գործում է որոշ հիվանդանոցներում և արդեն որոշ բժիշկները ստանում են 160.000 դրամ աշխատավարձ այդ հիվանդանոցներում: Հարցրեք երկուսին էլ, արդյոք նրանք համաձայն են այդ «բարձրացած» աշխատավարձով աշխատել... Արդյո՞ք այդ գումարով կարող ես երեխայիդ ուսման տալ, թե բժշկի երեխան դատապարտված է անուս և թերսնված մնալ:

ՄԵՐ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸՀԱՅՆ Է, ՄԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸԲԺՇԿՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄԵՐ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԲՈՒԺԵԼԸ, ՕԳՆԵԼՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՆ Է

Մենք հայ բժիշկներ ենք և մենք ունենք հպարտություն, արժանապատվություն և մեր երկրում նորմալ ապրելու և աշխատելու ցանկություն ու իրավունք: 

Օգնեք Մեզ, որպեսզի Մենք կարողանանք օգնել  Ձեզ:

Հարգանքներով,

«ԲԺՇԿԱԿԱՆ ԱԶԱՏ – ԱՆԿԱԽ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ»

Մեկնաբանություններ (4)

Anahit
Գիտեք ինչն է ցավալի ,հարգարժան բժիշկներ,որ երբեք այսքան համախմբվածություն չի նկատվել Ձեր մեջ,մինչև որ պետական մակարդակով չդիպան Ձեր ինքնասիրությանն ու արժանապատվությանը,և տարիներ շարունակ Ձեր կաշկանդված և վախեցած պահվածքի շնորհիվ տուժում էր հասարակ մարդը,ով ձեր կարիքը իսկապես զգում էր, և կշարունակվի տուժվել, մինչև դուք ինքներդ չնպաստեք այս ներկա համակարգի փոփոխմանը, այս պահից սկսած ուժ գտեք Ձեր մեջ,համախմբվեք,միավորվեք այն մասսաներին,որոնք Ձեզ կպաշտպանեն,պայքարեք և վերափոխեք այն ամենը ինչը խոչնդոտում է Ձեր աշխատանքին,որը պետք է նպաստի ամբողջ հասարակության առողջացմանը,քանի որ իզուր չէ ասված`''առողջ մարմին`առողջ հոգի'':
Հիվանդների պաշտպանության կոմիտե
Բժիշկների մեծամասնությունը իր պետության կողմից վարձատրվող աշխատավարձով չէ միայն ապրում,նրան վճարում են նաև հիվանդները,որպեսզի բժիշկը հիվանդին լավ բուժի,սակայն այդպես էլ չի հաջողվում լիարժեք ապաքինվել,կարող եք հարգելի բժիշկներ բացատրել այդ հանգամանքը,թե ինչու ամեն տեսակ վճարումներ կատարելով հիվանդը չի բուժվում մեր երկրում,իսկ այլ պետություն տեղափոխվելուց հետո նույն վճարումներով լիարժեք ապաքինվում է,սխալ է լինում նույնիսկ ռենգեն ախտորոշման արդյունքները,ինչում օգնեն Ձեզ,Ձեր սխալները կատարելագործելուն,նախ դուք ձեզ շտկեք առաջինը հիվանդի հետ մարդկային տարրական վարվեցողության կանոնները պահպանելով,իսկ մասնագիտականի մասին մտածելն արդեն իսկ ավելորդություն է,իսկ եթե կա ձեր մեջ իսկական արժանի բժիշներ մի թողեք ձեր կողքին նրանց ովքեր արատավորում են ձեր անունը :
Armen
Հարգելի Հիվանդների պաշտպանության կոմիտե (ուրախ կլինեմ, եթե իսկապես պարզվի, որ այն կա և այն կհամագործակցի բժիշկների հետ): Հայերեն ասած` գյուղ կա՞, որ շուն չլինի: Իսկ բոլոր ոստիկաններն են սուրբ, մանկավարժները, տաքսիստները, զինվորականները, մտավորականները, անմտավորականնեն ու սերիալի հերոսները... Հասարակությունը պիտի նպաստի մեր բոլորի առողջացմանը: Ձեզ թվում է, թե բժիշկը բժշկին չի կշտամբում, տեղ եկած տեղը թքում-մրում... ինչպես որ լավ մանկավարժը վատ մանկավարժին հետ, լավ զինվորականը վատ զինվորականին... Ցավոք դա արվում է 'դռներից այս կողմ', քանի որ ... 1. մենք բոլորս էլ հայ ենք, և չենք սիրում շաաաատ վատամարդ լինել, 2. հիվանդն ու հիվանդատերը այնքան ագրեսիվ են դարձել հիմա, որ նրանց մոտ մի թեթև առիթ տաս, մարդու կտան -կսպանեն (թեկուզ խոսեքերիս սրությունն ու ճշմարտությունը ձեզ դուր չգա), 3. պետական ու հասարակական միջավայրը ոչ մի կերպ չի նպաստում մաքրմանը... շատ լավ գիտեք, թե ինչպես են դառնում բաժանմունքի վարիչ, գնդապետ-գեներալ, դպրոցի տնօրեն: Ինչպես տեսնում եք, խնդիրը բժշկի մեջ չէ, այլ հասարակության: Եկեք Լուսնից վայր իջնենք և համագործակցելով խնդիրները լուծենք, առանց իրար անտեղի ցավեցնելու: Մենք սուրբ չենք, և դա մենք էլ գիտենք: Իսկ Դուք սու՞րբ եք ման գալիս:
KAREN ADAMYAN
Ինձ համար անհասկանալի մնաց կարևոր մի քանի հանգամանք՝նրանք ,ովքեր չարձագանքեցին,իսկապես իրենց ,,շառլատան ,, են համարում?.....և նաև...եթե բոլոր բժիշկներն են շալատան.....,ուրեմն ասողը բժիշկ չէ....հետևաբար ինչ է?.......... կառավարման օրենքներն են կատարյալ?,ֆինանսական հատկացումներն են ամբողջական և լիարժեք?առողջապահության քաղաքականությունն է հեռանկարային?,իրավական դաշտն է ապահով.......?,որը թվարկեմ.......,բժիշկը երբեք էլ չի ակնկալել վարչարարի պաշտպանություն,ուղղակի այդ և հատկապես այդ ականջների համար ասեմ, որ հենց նրանք էին փրկում պատերազմի ժամանակ հայ զինվորի կյանքը,նրանք էին երկրաշարժի ժամանակ օրերով և շաբաթներով աշխատում վիրավորների հետ,միայն նրանք էին աշխատում բլոկադայի պայմաններում Հայաստանում,տարիներով չստանալով աշխատավարձ......Մեզ ՊԵՏՔ ՉԷ սատարել,բայց բարոյական նորմեր պետք է հարգել,Վահեյի սպանության ժամանակ իհարկե բժշկի կողքին չէին նրանք,սակայն որևէ մեկին ես թույլ չեմ տա իր միջակությամբ տա գնահատական այն բանին,որտեղ ընդհանրապես չկա....բժշկությունը և բժի՛կը այլ կատեգորիա է,որին միայն պետք է հարգել,նրա ետևից ժողովուրդ կա.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter