ԵՄ պատվիրակությունն ու Գերմանիայի դեսպանությունը քննարկեցին հանդուրժողականության թեմայով ֆիլմի ցուցադրությունը
Արձագանքելով ԼԳԵՓ (լեսբուհի, գեյ, երկսեռական, փոխսեռական) թեմայով ֆիլմի ցուցադրության շուրջ առաջացած հետաքրքրությանը՝ հոկտեմբերի 9-ին, Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ու Գերմանիայի դեսպանությունը հանդես եկան մամլո ասուլիսով, որի ժամանակ ընդգծեցին Հայաստանում գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման հետ կապված մարդու իրավունքների վերաբերյալ հասարակության իրազեկման խթանման կարևոր նշանակությունը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան նշեց, որ ԼԳԵՓ խմբերի մարդիկ խոցելի են և մնում են հալածանքի ու խտրական վերաբերմունքի զոհեր: «Հասկանում ենք, որ այս թեմայով ֆիլմ ցուցադրելու գաղափարը մտահոգություն առաջացրեց հայ հասարակության որոշ ներկայացուցիչների շրջանում: Ի պատասխան կցանկանայի նշել, որ ԵՄ-ի նպատակը կարծրատիպերը կոտրելու միջոցով Հայաստանում տեղեկատվության տարածումն ու հասարակության իրազեկումն է: Արվեստի կարևոր դերը քննարկումների համար նյութ ստեղծելն է, ինչպես նաև կանխակալությանն ու կարծրացած տեսակետներին դիմագրավելը»:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռաներ Մորելն ավելացրեց, որ այն մարդիկ, ովքեր դեմ են արտահայտվել ֆիլմի ցուցադրությանը, անկասկած ունեն իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը: Միևնույն ժամանակ, ֆիլմը դիտել ցանկացողներին պետք է հնարավորություն տրվի անել դա:
Դեսպանը նշեց, որ գաղափարը այն էր, որ ցուցադրվի հանդուրժողականության թեմայով մի ֆիլմ, որը չի հետապնդում որևէ մեկին վիրավորելու նպատակ, չի պարտադրում կարծիք և անկասկած քարոզչության քայլ չէ: Դեսպանները պարզաբանեցին, որ ցուցադրման համար տիկնիկային թատրոնն ընտրելու նպատակը ֆիլմը ոչ թե երեխաներին, այլ այդ ֆիլմով հետաքրքրված մեծահասակներին ցուցադրելն էր: Տիկնիկային թատրոնի ընտրությունը պայմանավորված էր այն փաստով, որ թատրոնը հյուրանկալում է բազմաթիվ այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Ոսկե ծիրան կինոփառատոնը, ամենամյա համերգներ նվիրված մարդու իրավունքներին, ջազային երաժշտությանը, ինչպես նաև այլ միջոցառումներ չափահասների համար: Ֆիլմը հաջողությամբ ցուցադրվել է 2012թ. «Բեռլինալե» կինոփառատոնում` շահելով հանդիսատեսի մրցանակը լավագույն գեղարվեստական ֆիլմի համար:
Դեսպանները հերքեցին լուրերն այն մասին, թե ֆիլմը միշտ ցուցադրվել է երեխաների համար նախատեսված վայրերում, հաշվի առնելով, որ այն էկրան է բարձրացել Եվրոպայի կինոփառատոններում և կինոթատրոններում:
Երևանի «Ակումբն» ու Տիկնիկային թատրոնը՝ որոնք ի սկզբանե համաձայն էին հյուրընկալել ֆիլմի ցուցադրությունը, հասարակական ճնշումների արդյունքում չեղյալ հատարարեցին միջոցառումները: Կազմակերպիչները հաստատեցին, որ ֆիլմը կցուցադրվի հասարակական այլ վայրերում:
Ցուցարարների ներկայացուցիչները ներկայացան մամլոասուլիսին, կարծելով, թե դա առանձին հանդիպում է, սակայն պարզեցին, որ իրենց տեղեկությունները սխալ են Չնայած, որ ԵՄ պատվիրակության ու Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչները հրավիրեցին նրանց մասնակցել մամլոասուլիսին, հայտնելով, որ ասուլիսի ավարտից հետո պատրաստ են առանձին հանդիպման, նրանք մերժեցին հրավերը պատճառաբանելով ժամանակի սղությունը: Կողմերը համաձայնվեցին հանդիպել 2012 թ.-ի հոկտեմբերի 10-ին:
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ հասարակության իրազեկման նպատակով՝ Երևանում Գերմանիայի դեսպանությունը և Եվրամիության պատվիրակությունը կազմակերպում են հանդուրժողականության և խտրականության բացառման թեմայով միջազգային ճանաչում գտած մի ֆիլմի ցուցադրությունների շարք: Ֆիլմի ցուցադրությունը մասն է կազմում այն միջոցառումների, որոնք Եվրամիությունն անցկացնում է 2012թ. Մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում:
«Parada» ֆիլմը սերբական դրամա է, որն արծարծում է Սերբիայում միասեռականների իրավունքների նուրբ խնդիրը: Ֆիլմի առանցքային թեման Բելգրադում միասեռականների շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է այն բանից հետո, երբ առաջինը 2001թ. ավարտվել էր բռնությամբ: Ֆիլմը միջազգային ճանաչում ձեռք բերեց` էկրան բարձրանալով 2011 թ. հոկտեմբերին: Այն հաջողությամբ ցուցադրվել է 2012 թ. «Բեռլինալե» կինոփառատոնում` շահելով հանդիսատեսի մրցանակը լավագույն գեղարվեստական ֆիլմի համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել