HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարստացրու ժառանգությունդ մշակութային արժեքներով»

Արդեն մեկնարկել է «Հարստացրու ժառանգությունդ մշակութային արժեքներով» ծրագիրը, որին մասնակցում են 3 երկրներ` Ուկրաինա, Վրաստան և Հայաստան:

Ծրագիրը նախաձեռնությունն է Ուկրաինայի «Տոտեմ» հասարակական կազմակերպության նախագահ Ելենա Աֆանասևային: Գործընկերներն են Վրաստանում «Դրոնի», Հայաստանում «ԱՅՎԱ» (Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա) հասարակական կազմակերպությունները: Նախապես անցկացված մրցույթի հիման վրա յուրաքանչյուր երկրից ծրագրին մասնակցելու համար ընտրվել են 7 երիտասարդներ: Մասնակից երիտասարդները հանդիսանում են տարբեր թանգարանների, մշակութային կառույցների, խմբերի ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ ստեղծագործողներ:

Հայաստանի խումբը ներկայացնում են Ցեղասպանության թանգարանի աշխատակցուհի Հայկուհի Գևորգյանը, Փարաջանովի անվան թանգարանի աշխատակցուհի Նարե Գրիգորյանը, Աշտարակի քաղաքապետարանի մշակույթի բաժնի աշխատակից Գրիգոր Գրիգորյանը, ռեժիսոր, դերասանուհի Սիլվա Չոբանյանը, նկարչուհի-դիզայներ Նունե Սաքեյանը, Գավառի պետական համալսարանի պատմության բաժնի ուսանողուհի Տաթևիկ Թամամավեյանը, մշակութաբան Հայկուհի Մինասյանը և լրագող Դիանա Բախշյանը:

Ծրագրի շրջանակներոմ առաջին գործնական հանդիպումը տեղի ունեցավ Ուկրաինայի Խերսոն քաղաքի Շովկունենկայի անվան նկարների թանգարանում սույն թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում մասնակից երիտասարդների համար կազմակերպվեցին մի շարք տեսական և գործնական աշխատանքներ` ուղղված մշակութային արժեքների պահպանմանը, հարստացմանը և նորովի ներկայացմանը: «Հարստացրու ժառանգությունդ մշակութային արժեքներով» ծրագրի 1-ին գործնական հանդիպումը եզրափակվեց հոկտեմբերի 5-ին Խերսոն քաղաքի Շովկունենկայի անվան նկարների թանգարանում ուկրաինացի, վրացի և հայ երիտասարդների կազմակերպած ցուցահանդեսով:

Ցուցադրվեցին ինչպես Խորհրդային տարիների հայ և վրացի նկարիչների գործերը, այնպես էլ ծրագրի մասնակից երիտասարդների ստեղծագործական մտահղացումները: Այդ մտահղացումներն ընդգրկում էին ինչպես թանգարանի հին նկարների նորովի մեկնաբանություններ (ետին պլանը առաջին պլանում, նկարիչն իր բնորդի հետ միևնույն նկարում, տարբեր ժամանակաշրջանների ներկայացուցիչները, մեռյալներն ու անմահները թանգարանի աստիճանասանդուղքի վրա պատկերված, միևնույն նկարի բնորդը 12 երիտասարդների երևակայությամբ արտացոլված, նկարիչների դիմանկարները, թանգարանի նկարները հսկող աշխատակցուհիների կյանքի ինքնատիպ պատմությունները մեծ պաստառներով, թանգարանը 15 վայրկյանում էլեկտրոնային աշխատանքը և բազմաթիվ այլ գլուխգործոցներ):

Նախքան ցուցահանդեսի բացումը «Տոտեմ» հասարակական կազմակերպության նախագահ Ելենա Աֆանասևան հանդես եկավ մամուլի ասուլիսով, որի ժամանակ ասաց. «Մենք շատ երկար ենք սպասել այս ծրագրին, որը հիմա իրականացնում ենք: Ցանկացած աշխատանքի սկիզբը միշտ էլ դժվար է լինում: Այնուամենայնիվ, ես այս երիտասարդների կատարած աշխատանքը համարում եմ հաջողված: Ծրագիրը նախատեսում է ևս 5 աշխատանքային հանդիպում, որից 2-ը Վրաստանում, 2-ը Հայաստանում ու ևս 1-ը Ուկրաինայում»: Այնուհետև խոսեց թանգարանի տնօրեն Դոցենկո Ալինա Վասիլևնան. «Մեր թանգարանը բացվել է 35 տարի առաջ, ինչը փոքր ժամանակ է թանգարանի համար: Եվ ցանկացած պարագայում մեզ մոտ մեր հավաքածուների թարմացման աշխատանքներ են տարվում:Մենք մեկ տարվա ընթացքում ունենում ենք 30-35 ցուցադրություն, և իհարկե աշխատում ենք այնպիսի ծրագրերում, ինչպիսին ձերն է: Մենք ուրախությամբ հյուրեր ենք ընդունում մեր եղբայրական երկրներից և չենք ուզում հիշել, որ այսօր գոյություն ունեն սահմաններ: Ես ապրել եմ այն ժամանակաշրջանում, երբ մենք եղել և ապրել ենք միասին և հավանաբար միշտ էլ կապրեմ այն զգացողությամբ, որ սահմաններ չպետք է լինեն: Մենք նույնպես մասնակցում ենք ծրագրին ու մեր ֆոնդերից ցուցադրության ենք հանել հայ և վրացի նկարիչներրի փայլուն աշխատանքների հավաքածուներ: Ես  շնորհավորում եմ այս շնորհալի երիտասարդներին` իրենց կատարած աշխատանքի և Ելենա Աֆանասևային` ծրագրի հաջող մեկնարկի համար»:

Միջոցառման ավարտին «Տոտեմ» ՀԿ-ն և թանգարանի տնօրինությունը նվերներ հանձնեցին ծրագրին մասնակից երիտասարդներին: Ծրագիրն արդյունավետ է նաև տարբեր մշակույթների ներկայացուցիչ երիտասարդների միջև նոր համագործակցությունների ձեւավորման տեսանկյունից: Ի դեպ, մասնակից երեք երկրների երիտասարդները գործնական աշխատանքներն ընդմիջող թարմացնող խաղերից մեկի անունով են կոչել ֆեյսբուքում ստեղծած իրենց էջը` «Օ, Ջեյմս»:

Դիանա Բախշյան 

 

                                                                                                             

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter