HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնա մեռի` արի սիրեմ

Իմաստուն է ժողովուրդը: Մահվանից հետո արդարացումը, ցավակցությունները, հանձնարարականների կատարումը կամ չկատարումը, այլ և այլ բեմականացումները ոչինչ չեն տալիս հանգուցյալին: Ընդհակառակը` այդ ամենը հարազատների համար ասես տրագիկոմեդիա ժանրից ներկայացում լինի:

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 76-րդ հոդվածի համաձայն` «Բանակում պետք է պայմաններ ստեղծել առողջության ամրապնդման /ֆիզաճի/ համար, անհրաժեշտության դեպքում նրանց /զինվորների/ համար պետք է միջնորդել ավագ հրամանատարին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել զինծառայողների առողջության պահպանման և ամրապնդման, անձնակազմի բժշկական ապահովման կատարելագործման ուղղությամբ, հոգեկան խանգարում ունեցող զինծառայողներին ուղարկել հոգեբուժական զննման, իսկ անհրաժեշտության դեպքում` բժշկի եզրակացությամբ` բուժման»: Այս հոդվածը գրեթե չի կիրառվում մեր բանակում: Պատճառը ոչ թե բժշկական անձնակազմի, այլ ուշադրության բացակայությունն է:

Մի քանի օր առաջ ինձ է գրել Հ.Օ.-ի 71-ամյա խնամակալը, որի թոռը 20.10.2009թ. հետազոտվել է և ախտորոշվել տուբերկուլյոզային վարակվածություն /մանտուի փորձ 2ՏԵ-21մմ/: 2011թ. դեկտեմբերին զորակոչվել է ԼՂՀ: Քսան օր անց Հ.Օ.-ի առողջական վիճակը վատացել է, այս անգամ ախտորոշվել է բրոնխիտ, որից հետո` 2012թ. փետրվարին, ջրծաղիկ է հանել: Ինֆեկցիայի պատճառով ջրծաղիկից ամբողջովին այտուցվել է, դեղնել, հիվանդի ջերմությունը մշտապես բարձր է եղել:

Մի քանի օր անց նրան ուղարկել են Ջաբրայիլի հոսպիտալ, այնուհետ Ստեփանակերտ: Վիճակի սրության պատճառով տեղափոխել են Երևանի ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ: Այստեղ ախտորոշվել է «սուր գլոմերուլոնեֆրիտ, սուր նեֆրիտիկ սինդրոմ, վիճակ տարած ձախակողմյան ստորաբլթային թոքաբորբից հետո»: Շուրջ չորս ամիս հոսպիտալում /Երևան/ բուժում է ստացել, որից հետո` 22.09.2012թ., ծառայողական պարտականություններ կատարելիս դիրքերում սուր ցավեր է ունեցել և նորից տեղափոխվել Ջաբրայիլի հոսպիտալ: Այստեղ 10 օր բուժում ստանալուց հետո նորից տարել են դիրքեր:

Հավելեմ նաև, որ համաձայն ՊՆ 175/10 հրամանի 31 «գ» և 26 «դ»հոդվածների` Հ.Օ.-ն ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայությանը, բայց չգիտես ինչու, այդ զինվորը որոշակի բուժում ստանալուց հետո շարունակ հայտնվում է դիրքերում: Ի՞նչ են մտածում այս մասին համապատասխան ատյանները. Չէ՞ որ հիվանդ զինվորով բանակ չես պահի. հիվանդ զինվոր` ոչ առողջ պաշտպանություն:

Ինձ համար անկախության ձեռքբերումներից ամենաակնհայտը բանակի ստեղծումն է: Ուժի, հզորության, պաշտպանվածության զգացողություն ես ապրում միայն այն մտքից, որ քո երկիրը բանակ ունի,  և միաժամանակ ամոթ ու ափսոսանք ես զգում, որ այդ նույն երկիրը պաշտպանող զինվորին համապատասխան ուշադրություն չի ցուցաբերվում: Հաճախ ենք կարդում կամ լսում սպանության, ինքնասպանության, բժշկական բավարար օգնություն չցուցաբերելու պատճառով մահացած զինվորների մասին: Ինչու: Մի՞թե մենք բանակ ենք ուղարկում հոգեկան խնդիրներ ունեցող երիտասարդների կամ հանցավոր աշխարհի ներկայացուցիչների… մի՞թե  բանակում տիրող գողական օրենքներն են /կալանավայրերին բնորոշ/ մեր զինվորների «հոգևոր սննդի» զգալի չափաբաժինը:

Քիչ են այն զորամասերը, որտեղ բանակային առողջ կարգ ու կանոն կա: Եվ որպես հետևանք բանակային ամենօրյա անկարգության` ունենում ենք հոգեբանորեն խեղված զինվորներ, աղճատված ճակատագրեր, մահվան դեպքեր: Չեմ ուզում անդրադառնալ այն գործերին, որոնց ես մասնակցում եմ որպես փաստաբան /գուցե հետո գրեմ/: Ավելի շատ երևույթն է ինձ անհանգստացնում, որն ակնհայտ է յուրաքանչյուր զորամասում:

Խորհրդային տարիների կարոտախտով չեմ տառապում, բայց գաղտնիք չէ, որ այն ժամանակներից շատ բան ունենք սովորելու: Չէ՞ որ Արցախյան պատերազում հաղթած ժողովուրդ ենք` բարոյահոգեբանական բարձր արժեքներ կրող այն հայրենասերներով, ովքեր իմացյալ գնացին դեպի մահ: Զինվորն այսօր բանակում ծառայելիս մտածում է իր զինակից ընկերներից պաշտպանվելու մասին, որպեսզի չհոշոտեն իրեն /ներեցեք հոշոտել բառի համար/…

Մահվան քանի դեպք ունեցանք անպաշտպանվածության, ուշացած բուժօգնության, բուժօգնության բացակայության կամ ոչ ճիշտ բուժման պատճառով: Մեկն էլ բավարար է, որ սթափվենք ու հասկանանք, որ յուրաքանչյուր զինվորի կյանք թանկ է մեզ համար: Չենք հասկանում… մահվանից հետո հերոսացնում ենք, ոտքի կանգնած խմում անմեղ զոհերի կենացը, հայրենիքի, հայրենիքի զինվորի մասին բարձրագոչ խոսքեր ասում… որ ինչ. Զատկից հետո կարմիր հավկիթն եղած-չեղած մի հաշիվ է:

Անահիտ Հովհաննիսյան
փաստաբան-լրագրող

Մեկնաբանություններ (10)

Նարե
Վստահ եմ, որ լրագրողական նման ճիշտ մատուցումները ի զորու կլինեն ինչ-որ բան դրականորեն փոխել:
Գուրգեն Ենգոյան
Ցավալի իրողություն է: Երբեմն նույնիսկ մտածում եմ արժե? այդ գնով բանակ պահել: 90-ականներին ես նույնպես ծառայել եմ ազգային բանակում և ականատես եմ եղել նման բազում դեպքերի: Մենք այդպես էլ չունեցանք ազգային գաղափարախոսություն, ազգային արժեքները պահելու կարողություն: Մերը գողականն է ու դրա տխուր հետևանքները:
Վ.Առաքելյան
Հիվանդ հրամանատար՝ հիվանդ բանակ, կամ հակառակը:
Գայանե
Մեղք է զինվորը, գոնե թողնեն լրիվ բուժվի:
Shushi
Խորհրդային տարիների կարոտախտով չեմ տառապում, բայց գաղտնիք չէ, որ այն ժամանակներից շատ բան ունենք սովորելու: Չէ՞ որ Արցախյան պատերազում հաղթած ժողովուրդ ենք` բարոյահոգեբանական բարձր արժեքներ կրող այն հայրենասերներով, ովքեր իմացյալ գնացին դեպի մահ: Զինվորն այսօր բանակում ծառայելիս մտածում է իր զինակից ընկերներից պաշտպանվելու մասին, որպեսզի չհոշոտեն իրեն /ներեցեք հոշոտել բառի համար/…
Աստղիկ
Համաձայն ՊՆ 175/10 հրամանի 31 «գ» և 26 «դ»հոդվածների` Հ.Օ.-ն ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայությանը, բայց չգիտես ինչու, այդ զինվորը որոշակի բուժում ստանալուց հետո շարունակ հայտնվում է դիրքերում: Ի՞նչ են մտածում այս մասին համապատասխան ատյանները. Չէ՞ որ հիվանդ զինվորով բանակ չես պահի. հիվանդ զինվոր` ոչ առողջ պաշտպանություն:
petros
iskapes Զատկից հետո կարմիր հավկիթն եղած-չեղած մի հաշիվ է:
Ani Muradyan
Iroq vor ... Զատկից հետո կարմիր հավկիթն եղած-չեղած մի հաշիվ է:
GAGIK
axr hivand te aroxj nranq mer apagan en, isk mez mnum e pahel u pahpanel mer zavaknerin.mer hetoyi hamar. Srtacav exeq mer baleqi handep verevum hstscner>
MAGA
ինչ է պետք ղեկավար մարմիններին սթափվելու համար՝մարդկային կորուստներ?մի թե այսքանը բավարար չէ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter