
Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է
Ամբողջ աշխարհում մոտ 450 միլիոն մարդ ունի հոգեկան այս կամ այն խանգարում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով 2020թ. հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում դեպրեսիան լինելու է երկրորդ տեղում։
Նույն կազամակերպության 2008թ. տվյալների համաձայն՝ 2030-ին այն կլինի ամենատարածված խանգարումը: Այսօր ամբողջ աշխարհում դեպրեսիա ունի 350 միլիոն մարդ: Հոգեկան առողջության համաշխարհային հետազոտության շրջանակներում 17 երկրում իրականացված հարցումները ցույց են տվել, որ 20 մարդուց 1-ը նշում է տարվա ընթացքում դեպրեսիվ էպիզոդի առկայություն:
Պատահական չէ, որ Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության հռչակած այս տարվա կարգախոսն է «Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»:
Դեպրեսիան հաճախ հանդիպող հոգեկան խանգարում է, որն արտահայտվում է ընկճված տրամադրությամբ, հետաքրքրությունների կամ հաճույքի զգացողության կորստով, էներգիայի նվազմամբ, մեղքի զգացողությամբ կամ ցածր ինքնագնահատականով, քնի խանգարումներով և ուշադրության կենտրոնացման դժվարությամբ:
Հոգեկան խանգարումներ կարող է ունենալ ցանկացած մարդ՝ անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակությունում զբաղեցրած դիրքից: Այդ պատճառով կարևոր է տվյալ երևույթի վերաբերյալ հասարակության բոլոր շերտերի ճիշտ իրազեկվածությունը:
Հենց այդ նպատակով 1992 թ-ից Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության նախաձեռնությամբ հոկտեմբերի տասը նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր, որի հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա: Որպեսզի խնդրի մասին մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամները և բուժանձնակազմը, այլև հասարակության բոլոր շերտերը, այդ թվում՝ քաղաքականություն կերտողները: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկնաբանել