
22-ամյա աղջիկը կմահանա՞ր, եթե շտապօգնությունը ժամանակին հասներ (վիդեո)
Փետրվարի 23-ին' գիշերը, Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում մահացել է 22-ամյա Արմինե Երիցյանը: Աղջիկը ծանր աստիճանի մտավոր հետամնացություն է ունեցել' վարքային խանգարումներով: Ծնողները պատմում են, որ այդ գիշեր աղջիկը վատացել է, անընդհատ հետ է տվել, շտապօգնություն են կանչել, բայց շտապօգնությունն այդպես էլ չի եկել:
Կուտականը գտնվում է բարձր լեռնային գոտում, ծովի մակարդակից 2150 մ բարձրության վրա: Ձմեռները խիստ ու ցրտաշունչ են: Գյուղի ճանապարհները հաճախ են փակվում: Սակայն այդ օրը' փետրվարի 23-ին, հոր' Միրաբ Երիցյանի հավաստմամբ, Կուտականի ճանապարհը բաց էր:
Մայրը' Ռուզաննա Վարդանյանը պատմում է, որ Արմինեն ստամոքսի խոց է ունեցել և մեկ անգամ արդեն բուժվել է դրա դեմ: Այդ օրը երեկոյան նա կտրուկ է վատացել, Արմինեի մոտ փսխումներ են նկատվել: Կուտականում բժիշկ չկա: Համայնքը սպասարկող բուժքույրը այլ գյուղից է: Ռուզաննան զանգել է բուժքրոջը և խորհուրդներ հարցրել: Բուժքույրն ասել է' ինչ անել և հասել է հիվանդի մոտ միայն նրա մահից հետո:
«Առավոտը իրենց տնից տեսել ենք' մարդ է դուրս եկել, ասել ենք' կարող է գիշերը առևտրական է եկել իրենց տունը: Կես ճամփին գյուղապետն է զանգել, ասել է' տեղյակ ես, սենց բան է եղել»,-պատմում է Կուտական համայնքի ղեկավարի տեղակալ Կարմեն Գևորգյանը:
Գյուղի բնակիչները այս դեպքից բացի էլի դեպքեր են հիշում, երբ շտապօգնություն են կանչել, բայց ինչ-ինչ պատճառներով այդպես էլ շտապօգնությունը չի հասել հիվանդին: Իրենք են ստիպված լինում հասցնել նրան հիվանդանոց, եթե հարմար մեքենա է լինում գյուղում: Եթե ոչ' հիվանդը մնում է Աստծո բարեհաճությանը:
Մեծ Մասրիկի ամբուլատորիայի տնօրեն, բժիշկ Հասմիկ Ղազարյանն է Արմինեի մահվան վկայականը տվել: Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ Արմինեն հիմնականում Մասիսում է ապրել, տատի մոտ: Հաշվառված չի եղել իրենց ամբուլատորիայում, և խոցի մասին տեղեկություններ իրենց մոտ չկան:
«Այդպիսի խոցային հիվանդություն չկա, որ երկու ժամից հիվանդը մահանա, նամանավանդ խոցը հաստատված չէ, ով կարող է ասել, որ էդ երեխան խոց ունի, որովհետև նրա նյարդահոգեկան վիճակը զուտ պաթոլոգիկ վիճակում էր, չէր կարելի ասել, թե խոցից այդ վիճակին հասա՞վ, թե՞ ինչ-որ բան է կերել, ինքը իրա գլխին ինչ է բերել, չեմ կարող ասել: Էդ տարիքում էդ աղջկա մոտ ինչու պետք է խոց լիներ, չէ որ խոցից այդպես արագ չեն մահանում' երկու ժամվա ընթացքում»,- ասաց բժիշկը:
Այնուամենայնիվ, գյուղապետի, ինչպես նաև 12 բնակչի ստորագրությամբ տրված տեղեկանքի հիման վրա, բժիշկ Հասմիկ Ղազարյանը մահվան վկայականը տվել է: Ծնողների ներկայացրած տեղեկանքում գյուղապետը, հարևանները և բուժքույրը վկայել են, որ Արմինե Երիցյանը գիշերը որովայնի շրջանում սուր ցավի նոպաներ է ունեցել, չեն կարողացել դիմել որևէ մեկին ձնաբքի պատճառով, աղջիկը երկու ժամից մահացել է: Հաջորդն օրն իսկ Արմինեին հուղարկավորել են' առանց դիահերձելու:
«Երբ մահվան տեղեկանք էին ուզում, ես երկար ժամանակ չէի տալիս. երիտասարդ աղջիկ էր, նրանք իրավունք չունեին առանց դիահերձելու հուղարկավորել: Գյուղապետի հետ եկան, տեղեկանք բերին, ես նոր տվել եմ: Եվ հարցնում եմ ծնողին, ինչ գիտես' ինչից մահացավ քո աղջիկը, ինչի ես անմիջապես թաղել, ինչի ժամանակ չես տվել, որ մասնագետը որոշի մահվան պատճառը»,- ասում է Հ. Ղազարյանը:
Բուժքույր Բավական Մկրտչյանը հաստատեց, որ երկու անգամ զանգահարել են շտապօգնություն, միացել են Ճամբարակի հիվանդանոց, այնտեղից հավանաբար Վարդենիսի հիվանդանոց են միացրել, որտեղից ասել են, որ մեկ ժամից կգան: Բուժքույրը իր որդու հետ որոշել են անձամբ գնալ և իրենց մեքենայով հասցնել Արմինեին հիվանդանոց, բայց մինչև հասել են Կուտական, Արմինեն արդեն մահացել էր: Շտապօգնությունն այդպես էլ չի ժամանել:
Շտապօգնության 103 ծառայությունից փորձեցինք ճշտել Վարդենիսի և շրջակա գյուղերը սպասակրող շտապօգնության հեռախոսահամարը և պարազաբանումներ ստանալ դեպքի վերաբերյալ: Մեզ տրամադրեցին 0269 23244 հեռախոսահամարը, որը, սակայն, օրվա ընթացքում չէր պատասխանում: Թե ինչպես պետք է գյուղացիները զանգահարեն և շտապօգնություն կանչեն այս հեռախոսահամարով, դժվար է պատկերացնել: Արմինե Երիցյանը 22 տարեկանում գուցե չմահանար, եթե շտապօգնությունը հասներ ժամանակին:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել